Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Դեմագոգիա

Ընդհանրապես նկատել եմ, որ մարդկանց խիստ վիրավորում է «դեմագոգ» բառը: Երբ որևէ մեկին հանկարծ ասում ես «Կներեք, բայց դա դեմագոգիա է», կամ ուղղակի «Կարծում եմ` դուք դեմագոգ եք», ձեր զրուցակիցը, որպես կանոն, ցնցվում է, բռնում է սիրտը, ծամածռում դեմքը, իսկ ձեր շուրջը կանգնած մարդիկ ակամայից բացում են ծնոտները, ասես դուք հենց նոր բարձր ու գռեհիկ հայհոյանք պայթեցրիք օդում: Զրուցակիցը խորը զզվանքով նայում է ձեզ` «Ախ, ահա թե ինչ…»,- ասում են նրա աչքերը, իսկ մյուս ներկաները սկսում են փսփսալ. «Լսա՞ր, հենց էրեսին էլ ասեց, է…», «Հա, հա, չեմ էլ ուզում սկի կրկնեմ ինչ ասեց…», «Վա-այ, ինչ ամոթ ա…», «Բայց ինչի՞ հենց դեմագոգ, ախր, նորմալ մարդ ա, շատ ինտելիգենտ ընտանիքից…», «Տո դեմագոգը հենց ինքն ա, որ կա, էղա՞վ», «Հեչ չէի սպասում իրանից, ինչ անաղուհաց մարդիկ կան բայց, հայեցի մի կաթիլ բան չկա մեջները…», և այլն:

Տարիներ շարունակ լռելյալն ականատես եմ լինում այս տարօրինակ մոլորությանը, երբ «դեմագոգ» բառի պատճառով մարդիկ նեղանում են իրարից, նետվում պատուհաններից, պատերազմ հայտարարում կամ ջնջում իրար ֆեյսբուքից: Վերջապես մտածեցի, որ կարելի է փորձել վերջ տալ այդ լպիրշ ու գարշելի դեմագոգիային:

Այո, այս բառը այնքան էլ դրական նշանակություն չունի: Դեմագոգիան հռետորական հնարքների, զգացմունքային ֆոն ստեղծելու և սխալական պնդումները որպես տրամաբանական կուռ շղթա ներկայացնելու շնորհիվ ոչ շատ գրագետ կամ ուղղակի անպատրաստ լսարանին մոլորության մեջ գցելու ունակությունն է (ինչին լավ տիրապետում են աշխարհի շատ քաղաքական գործիչներ ու դիվանագետներ), իսկ Հին Հունաստանում «դեմագոգները» այն մասնագետներն էին, որ կարող էին որոշակի վճարի դիմաց պաշտպանել ձեզ դատարանում, նույնիսկ եթե դուք մեղավոր եք (ոչ մի մասնագիտություն չի՞ հիշեցնում), կամ քարոզել որևէ մարդու օգտին հրապարակներում:

Մի քիչ ավելի պարզ լեզվով ասված` դեմագոգները զբաղվում են պոպուլիզմով («Վաայ, պոպուլիզմո՞վ… Ես էլ մտածում էի նորմալ մարդ ա… Ինչ ամոթ ա, ախր, ամուսնացած էլ ա, է, իրեք էրեխա ունի… Գետինը մտնի»): Բայց իրականում, երբ դուք ինչ-որ մեկին դեմագոգ եք անվանում, նա ցնցվում ու խորապես վիրավորված նայում է ձեզ ոչ թե այն պատճառով, որ «Ախ, այդպե՞ս… Ուրեմն դուք կարծում եք, որ ես պոլեմիկայի ու հռետորական հնարքների շնորհիվ մոլորության մեջ եմ գցում համեմատաբար ոչ շատ գրագետ և հանպատրաստից ամբոխի՞ն, ուրեմն, թքեմ ես ձեր երեսին», այլ որովհետև կարծում է, որ դուք իրեն հայհոյեցիք: Չէ որ ոչ ոք չի վիրավորվում, երբ իրեն «փարիսեցի» են անվանում («Վայ, էնքան եմ սիրում Էյֆելյան աշտարակը»), կամ մեղադրում են «սոփեստության» մեջ (նույնիսկ մի քիչ էլ «խունջիկ-լամիշ» են լինում ու հանելուկային ժպտում). իրականում այդ զազրելի դեմագոգները երևի չեն հասկանում այդ բառի իմաստը, քանի որ «սոփեստն» ու «փարիսեցին» շատ ավելի վիրավորական կարելի է համարել:

Թե ինչու է «դեմագոգ» տերմինը ներծծված բացասական լիցքով, հայտնի չէ, բայց կարելի է ենթադրել, որ պատճառը «էգոիստ» բառի հետ համահունչ լինելն է, ինչպես նաև առօրյա հայերենում զգալիորեն վարկաբեկված «դ» ու «գ» տառերի անբարեհունչ հարևանությունը, որն ամենաանմեղ բառին անգամ հաղորդում է որոշակի կծվություն և երկիմաստություն: Փորձեք, օրինակ, փողոցում բղավել «Արա, այ դեմագոգ», կամ «Հլը էս դեմագոգները ոնց են իրանց ավտոն կանգնացրել». արձագանքը պետք է որ բավականին հետաքրքիր ստացվի:

Լեզուն, ինչ խոսք, լի է բազմաթիվ անակնկալներով, բյուրավոր բաշիբոզուկներով, որոնք անբռնազբոս կերպով ի ցույց են դնում իրենց գարշապարները և գոնդոլաները, բայց դա դեռ առիթ չէ վիրավորվելու համար: