Elena Hovhannisyan

Տա՜տ…

Որքան տաք ու ճերմակ էին ձեռքերդ, տա՜տ։ Ձմեռ է արդեն, ու դու ինձ հետ չես: Գիտե՞ս, և խոսքն ամենևին էլ ֆիզիկապես չլինելուդ մասին չէ, այլ հոգեպես։ Ես սկսել եմ չզգալ ներկայությունդ կողքիս, չգիտեմ, գուցե նեղացա՞ծ ես։ Տատ, ուշ-ուշ եմ գալիս քեզ մոտ, հավանաբար դրանից, բայց ա՜խր, մտքերս, գրեթե միշտ քեզ հետ են։

Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր գլուխս շոյում, երբ դպրոցում բարձր էի ստանում։ Հիշո՞ւմ ես այգին՝ աշնանը, երբ հավաքում էինք կարմրականաչ խնձորներն ու լցնում գոգնոցիդ փեշերը։ Տատ, ասել, որ քեզ շատ եմ կարոտել, մեղմ կլինի մի փոքր, որովհետև անգամ բառերն այս չեն մեղմում կարոտս։ Ես կարոտել եմ  քեզ հետ անցկացրած օրերս, գեղեցիկ խորհուրդներդ ու ճիշտ կյանքդ։

Քեզ՝ միասին պտտվելով եմ հիշում, ծիծաղդ դեմքիդ, քեզ այդպես եմ սիրում, չափից շատ աշխատած ու բոլորիս մասին հոգ տարած տեսակդ եմ սիրում։ Տա՜տ, չնեղանաս խնդրում եմ, բայց քեզ ավելի սիրել եմ՝ անկողնում պառկած, երբ նստում էի կողքիդ, ու խոսում էինք երկար՝ ինձնից ու քեզնից, աշխարհից ու մարդկանցից։

Ես  փոքր եմ եղել, ու չեմ հասկացել, որ ուղիղ  չքայլելուդ պատճառը շատ ծանր արած գործերիդ հետևանքն էր, ոչ թե մեջքի ցավերը: Ես փոքր եմ եղել ու չեմ հասկացել, որ քաղցր բլիթները ոչ թե չէիր սիրում, այլ չէիր ուտում դիտմամբ՝ տալով ինձ։ Ես փոքր էի ու շատ բաներ նոր եմ հասկանում, շատ բաներ հասկանալու համար էլ դեռևս փոքր եմ, տատ։ Իսկ հիշո՞ւմ ես՝ օրերը, երբ մենակ էինք մնում՝ ամենահիշվող պահերը կյանքիս քեզ հետ են կապված, որովհետև, թե ինչ էինք խոսում, ինչ խորհուրդներ էիր տալիս՝ մնաց մեր մեջ միայն։ Գիտե՞ս, դեղատուն մտնելիս հայացքս սևեռված է այն դեղերի վրա, որոնք խմում էիր։ Ինչու՞ էիր խմում, դու էլ չգիտեիր… Ցավոք։

Տա՛տ, քեզ սիրե՞լ են, քեզ գնահատե՞լ են, հիշում ու կարոտո՞ւմ են քեզ։ Ներիր ինձ, բայց ես պատասխան տալ չեմ կարող նրանց փոխարեն, ինչպես չէի կարող խոսել, երբ մնում էինք մենակ, ու ասում էիր, որ քեզ չեն գալիս տեսնելու, որովհետև դու հիվանդ ես, ասում էիր՝ երբ դառնում ես ինչ-որ գործի համար անպիտան, քեզ սկսում են մոռանալ։ Քեզ չեն եկել տեսնելու, որովհետև աշխատասեր ու եռանդուն այդ կնոջը, թուլացած ու պառկած վիճակում տեսնելը ցավ է եղել իրենց համար։

Տասնապատիկ անգամ ավել էր ցավն ինձ համար, երբ ամբողջական հացի կտորը բաժանում էի մասերի ու կերակրում քեզ։

Քո մասին պատմելուց աչքերս արցունքոտվում են, այդ արցունքները շատ թանկ ու ծանր են, որովհետև ես կարոտել եմ քեզ, տա՜տ՝ սպիտակ մազերով, պայծառ աչքերով ու ամենանուրբ ձեռքերով՝ ՔԵԶ կարոտել եմ, տատ…