seryoja baboyan

Դըշ-դըշ, կամ վեճերի շարան

Մանկությանս ամենավառ հիշողությունների ցանկում չեմ կարող չառանձնացնել այս դեպքը։ Փոքր տարիքում մենք մեր փողոցի երեխաներով, ավելի ճիշտ տղաներով, միշտ սիրում էինք «Դըշ-դըշ» խաղալ։ Իսկ ինչո՞ւ տղաներով, որովհետև այդ խաղը խաղում էին տղաները, չնայած որ մյուս բոլոր խաղերն էլ մենք տղաներով էինք խաղում։ Մենք աղջիկների հետ միշտ հակամարտության մեջ էինք։ Պայքարում էինք տարածքի համար, որովհետև այդ տարածքը շատ հարմար էր խաղեր կազմակերպելու համար։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

«Դըշ-դըշ» խաղալը մեծ արարողություն էր մեր փողոցում։ Ում տանն ինչքան խաղալիք հրացան կար, հանում էին դուրս, և այստեղից էլ սկսվում էին մեր մանկական վեճերը։

-Էս հրացանը ես եմ ուզում։

-Յա, էդ իմն ա։

-Տո՛ւր ստեղ։

Ու գնաց վեճերի առաջին փուլը։ Վիճողներին հաշտեցնելուց հետո բաժանվում էինք թիմերի, դե այստեղ էլ առանց վեճերի հնարավոր չէր։

-Չէ, ձեր թիմը ուժեղ ա։

-Ի՞նչն ա ուժեղ, հլը մեզ նայի։

-Ուրեմն, չեմ խաղում։

-Չես խաղում` մի խաղա, պա՛հ։

Էլի կոնֆլիկտ ու էլի վիճողներին հաշտեցնելու բարդ գործընթացը։ Արդեն սկսում էինք խաղալ, որպեսզի ավելորդ վեճերից խուսափեինք, բայց խաղալն էլ առանց կռվի չէր անցնում։ Վեճը սկսվում էր այսպես․

-Ես քեզ խփել եմ, դու կրվեցիր։

-Չէ՛, չի կպել, կողքովս անցավ։

-Ե՛ս ասում եմ` կպել ա։

Ի՞նչ կպնել, եթե մենք խաղում էինք երևակայությամբ, այսինքն, խաղալիք փամփուշտներ չկային, ուղղակի մենք դրանք պատկերացնում էինք։ Ու սենց, էլի վեճ ու էլի հաշտեցում։ Մինչև խաղի ավարտն այսպիսի վեճեր էլի էին լինում ու, ինչպես կարգն էր, համարյա միշտ վիճում էին այն երկու հոգին, որոնք վիճում էին հենց խաղի սկզբից։ Ու այսպես, էլի խաղ ու էլի վեճ․․․