Այն կարևոր հնգյակը, որ պակասում էր մինչև Tedx-ը

Դեռ 2 տարի առաջ ինձ առաջարկեցին մասնակցել մի դասընթացի, որը նորույթ էր  Հայաստանում:  Դե քանի որ ամառ էր, իսկ ես զբաղմունք չունեի, համաձայնվեցի:  Դա Tedx-ն էր, ես էլ ձեզանից շատերի նման գաղափար չունեի, թե ինչ է դա:  Սակայն պատկերը էապես փոխվեց արդեն դասընթացի ընթացքում և մանավանդ հետո:  Դա ինչպես  պարզվեց, հարթակ է, որտեղ երեխաները (Tedxkids), երիտասարդները (TedxYouth) և մեծահասակները (Tedx) հանդես են գալիս իրենց նոր ու հետաքրքիր գաղափարներով, կամ պարզապես հետաքրքրող ու հուզող թեմաներով:  Սա է այն, ինչ կապեց ինձ Tedx-ի հետ:

Դասընթացից հետո ես ինձ չարչարում էի, որպեսզի թեմա գտնեմ, գրեմ և մասնակցեմ: Բայց դա այդքան էլ հեշտ չէր, ինչպես ես էի պատկերացնում: Ուղարկեցի նյութ, բայց չստացվեց, չընտրվեցի որպես  խոսնակ: Մի անգամ էլ հնարավորություն ստացա, մասնակցեցի նախընտրական փուլին, բայց էլի չստացվեց: Ու մի տարի հետո, ընկերներիցս մեկն էր ընտրվել որպես խոսնակ և պետք է ելույթ ունենար, իսկ ես ուզեցի աջակցող խմբի մեջ լինել և գնալ իրենց հետ: Հենց այնտեղ էլ իմացա, որ հնարավորություն է տրվում մասնակցել բաց խոսափողին և մեկ րոպեի ընթացքում  ներկայացնել ինձ հուզող թեման: Ես խոսեցի «աշխարհը գունավորելու մեր բաց թողած հնարավորության» մասին: Ես այդ մեկ րոպեն, որ գտնվում էի բեմի վրա, համարեցի  իմ այդքան չստացված փորձերի պատասխան պարգևը:

Անցան ամիսներ, ես արդեն ինձ բավարարված էի զգում, որ գոնե մեկ անգամ, էական չէ` ինչ պայմաններում, հայտնվել եմ բեմին: Բայց զանգ ստացա ինձ շատ հարազատ մարդուց, և նա ասաց ինձ, որ ես պետք է մասնակցեմ TedxYouth-ին, որպես խոսնակ: Ես չէի  կարողանում հավատալ, բայց «մտքի բումերանգը հետ եկավ տիեզերքից»:
Մասնակցել, լինել խոսնակ այնքան էլ հեշտ գործ չեր, եղան մասնակիցներ, որոնք ճանապարհի կեսից, չդիմանալով, լքեցին մեզ: Պատրաստվեցինք  երկու ամիս: Սովորում էինք տարբեր բեմական ու հռետորական հմտություններ: Բեմի վրա գեղեցիկ կանգնել, ճիշտ շնչել, կառավարել հուզմունքը, կառավարել ժեստերը և ամեն-ամեն ինչ: Իմ ելույթով ես բացահայտում էի հենց ստացված հանրային  ելույթի մի քան գաղտնիքներ, պատմում էի ականավոր խոսնակների հաջողության գրավականների մասին:
Ելույթ ունեցա:
Ինչ տվեց TedxYouth-ը ինձ:

  1. Նախ, որ կատարվեց երազանքս, ու ես հայտնվեցի այդ բեմում:
  2. Գտա իմ «երկվորյակին», (մեզ բոլորը այդպես էին անվանում այնտեղ, իմ ամենահարազատն է, նույնիսկ միջոցառման ժամանակ նրան իմ անունով ներկայացրին, շփոթելով ինձ հետ):
  3. Հուզմունքս, բերկրանքս դարձել էին արցունքներ ու  գնում էին աչքերիցս, ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում «երջանկության արցունքներ» ասվածը:
  4. Վերջում մենք մասնակցեցինք իմ սիրելի ռոք խմբերից մեկի` «Էմփիրեյի» համերգին:
  5. Եվ վերջապես, փորձ` ճիշտ խոսելու, չկաշկանդվելու, չամաչելու: Սիրեցի բեմը, հանդիսատեսին, նույնիսկ խոսափողը:

Տեսա երջանկություն մանրուքներում: Գտա այն 5 նախապայմանը, որը պակասում էր երջանիկ լինելու համար մինչև  Tedx-ը:  Եվ վերջապես` դա աննկարագրելի մեծ դպրոց էր:

Ի դեպ, քանի որ այլևս հանրային ելույթից չեմ վախենում, զետեղում եմ իմ այդ ելույթը այստեղ, գուցե ձեզ էլ օգտակար լինի:

«Բեմ ելնելուց առաջ մի քանի րոպե կանգնած էի կուլիսներում, և ինչքան մոտենում էր իմ հերթը, հուզմունքս ու տագնապս ավելանում էր: Արդեն մոռացել էի, թե ինչ եմ խոսելու, և որոշեցի հետ դառնալ: Հաղորդավարը թող խոսի, ներկայացնելուց հետո ես էլ արդեն էդտեղ չեմ լինի: «Կարևորը` փախնիմ տեսադաշտից շատ հեռու, հա, հենց ըդպես էլ կենեմ»: Որոշեցի, գլուխս վեր բարձրացրի, որ աննկատ փախնեմ, մեկ էլ ի՞նչ: Հաղորդավարը ինձ է նայում ու բեմ է կանչում: «Է՜, լավ էլի»:

Բարձրացա բեմ, վերցրի խոսափողը, ժպտացի ու սկսեցի խոսել, բայց թե ինչ, չեմ հիշում: Արագ-արագ խոսում էի, որ հասցնեմ ասել այն, ինչ կուտակված էր գլխումս: Եվ ահա վերջ մեկ րոպեին: Ես ավարտեցի խոսքս, իջա բեմից, ինձանից գոհ գնացի ընկերներիս մոտ, ու մոռացա ողջ եղածը: Միայն հիշում էի լույսերը, որ աչքերիս մեջ էին խոսելու ողջ ընթացքում:

Միջոցառումից դուրս գալուց, մի մարդ, որը արդեն իմ շատ լավ բարեկամն է դարձել, դիպավ ուսիս, ես շրջվեցի ու նա ինձ ողջունեց, ասաց, որ ելույթս շատ լավն էր, ու որ ես շատ անկեղծ էի: Ու հենց այդ խոսքերից էլ ես հասկացա, որ իմ խոսքը հասել է հանդիսատեսին, և այս հանդիպումը եղավ դրա վառ ապացույցը: Այստեղ ես հասկացա, որ իմ հաջողված ելույթի գրավականը եղավ իմ անկեղծությունը:

Ճիշտ է, իմ փորձը զիջում է հայտնի խոսնակների փորձին, բայց ինչպես պարզվեց, ես միակը չեմ, ում դեպքում անկեղծությունը ամենակարևոր գործոնն է:

Կարծում եմ, շատերդ  ճանաչում եք ռադիո և հեռուստամեկնաբան Լարրի Քինգին: «Խոսելն ինձ համար կարևորագույն ուրախությունն է կյանքում»,- ասել է  նա: Իսկ ձեր կարծիքով, ինչպե՞ս սկսեց նրա կյանքի հենց այդ «կարևորագույն և ամենասիրելի» շրջանը: Առաջին օրը նա տաղավարում նստած չէր կարողանում խոսել, նրան թվում էր, թե իր բերանը լցված է բամբակով: 15-20 րոպե ռադիոլսողները նրա ձայնի փոխարեն լսում էին երաժշտություն, մինչև որ տնօրենը գոռաց նրա վրա. «Այստեղ խոսել է պետք»: Լարրի Քինգը միանգամից սթափվեց և սկսեց իր ելույթը: Հանդիսատեսին էլ պատմեց, թե ինչ էր կատարվում այդ 20 րոպեների ընթացքում, և թե ինչպես հենց նոր իր վրա գոռաց ռադիոյի տնօրենը: Ու հանդիսատեսն ընդունեց նրան ու նրա անկեղծությունը:

Բայց սա միակ դեպքը չէր: Մի անգամ էլ Լարրի Քինգին նստեցրել էին հեռուստատեսությունում տեսախցիկի դիմաց` պտտվող աթոռին: Նա եթերում սկսեց հուզմունքից ծիծաղելի կերպով պտտվել, և երբ ի մի բերեց մտքերն ու սկսեց խոսել, նորից անկեղծացավ ու պատմեց, թե ինչ էր կատարվում: Ու ի՞նչ, անկեղծությունը նորից ընդունվեց:

Սթիվ Ջոբսի հարցում պատկերը համարյա նույնն է: Նա իր խոսքի ընթացքում պահում էր մի քանի հստակ կանոններ՝

1.Կապը հադիսատեսի հետ, 2.Բաց դիրքեր, 3.Խոսքը ժեստերով և 4. Անկեղծություն:

Սա` Սթիվ Ջոբսը, Լարրի Քինգը և ես:

Բայց շատերի համար հանրության առաջ հանդես գալը մեծ վախ է: Սա ամենատարածված վախերից է` երկրորդը մահվան վախից հետո:

Շատ հոգեբանների կարծիքով հանրության առաջ հադես գալու վախը ծագում է մարդու մոտ դեռ մանուկ հասակից: Բոլորիս հետ էլ եղել են դեպքեր, երբ մեր ծնողները փակում են մեր բերանը, ասելով, որ գեղեցիկ չէ, երբ մենք բարձր ենք խոսում, կամ` չի կարելի խառնվել մեծերի խոսակցությանը, կամ` լռիր, կխոսես, երբ քեզ կհարցնենք: Եվ այս ամենը հոգեբանների պնդմամբ ազդում են հետագայում երեխայի խոսքի արտահայտման վրա: Հնարավոր է: Ես համոզվել եմ դրանում իմ փորձից: Սկզբնական շրջանում, և նույնիսկ դպրոցում, «ինչպես խոսել» կամ «ինչ ասել, որ լսեն» հարցերը շատ էին ծագում, երբ նայում էի դիմացիս լսարանին ու տեսնում, որ միայն իմ հասակակիցները չեն ինձ լսելու, այլ նաև մեծերը: Տարբեր հայացքներ, և դրանցից շատերը ցույց են տալիս մարդկանց տրամադրվածությունը և, ամենակարևորը, որ քո խոսքից հետո փոխվում են անտարբեր հայացքներից շատերը:

Ամփոփելով ելույթս, կասեմ. վախը մեր կողմից ընկալվող իրավիճակ է, որում վտանգի են ենթարկվում մեր հանգստությունն ու ապահովությունը:

Հանրության առաջ հանգիստ է և ապահով, հավատացնում եմ, եթե իհարկե հանդիսատեսը զինված չէ լոլիկներով»: