syuzanna kharatyan

Դիլիջանյան բանավեճ

Արդեն երեք տարի է, ինչ դպրոցում մասնակցում եմ բանավեճի ակումբի, ու այս երեք տարիներին շատ խաղեր ենք ունեցել տարբեր համայնքների հետ, տարբեր թեմաներով։ Բանավեճ բառը լսելով շատերն այնպես են հասկանում, որ բանավեճը իսկապես վեճ է, բայց այն ընդհանրապես կապ չունի վեճ բառի հետ։ Բանավեճը 5 հոգանոց թիմ է, որտեղ ամեն խոսնակն իր դերն ունի։ Բանավեճը կազմված է փուլերից՝ կառուցողական ելույթ, անդրադարձ ելույթ, հարց ու պատասխանի փուլ, եզրափակիչ ելույթ։ Մենք հանձնարարված թեմայի շուրջ պատրաստվում ենք և՛ կողմ, և՛ դեմ դիրքորոշմամբ, որը անկեղծ ասած, լավ է, հնարավորություն է տալիս ուսումնասիրել տվյալ երևույթի դրական և բացասական կողմերը։ Հուլիսի 4-ից 6-ը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորությամբ, Դիլիջանում էին հավաքվել Լոռվա, Տավուշի, Շիրակի և Արմավիրի հավաքական թիմերը, ու այդ երեք օրերի ընթացքում բանավիճում էինք երեք թեմաներով։ Բանավեճից հետո շատ խորհուրդներ էին տալիս դատավորները, բացատրում էին՝ ինչպես կարող էինք անել, որ ավելի լավ լիներ, ու իրենց տված այդ խորհուրդները մենք կկիրառենք հաջորդ խաղերի ընթացքում։ Դիլիջանում կազմակերպված բանավեճերը ինձ տվեցին ինքնաբացահայտվելու ու ինքնաճանաչվելու հնարավորություն, ես իմ մեջ այլ մարդ գտա, որն անկեղծ ասած, ավելի լավն է, չհանձնվող, չկոտվող, չվախեցող։ Դե բնականաբար ճամբարը չանցավ միայն բանավեճի խաղերով, այն ինձ տվեց հասակակից ընկերներ՝ տարբեր մարզերից, տարբեր հետաքրքրություններով ու նախասիրություններով, նրանց հետ շփվելու և ընկերանալու հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրի հետ հետաքրքիր ու անմոռանալի հիշողություններ ունեմ։ Ուսուցիչների ու դատավորների համբերությունն ու հավասարակշռությունը, նրանցից օրինակ վերցնելն էլ մեծ ձեռքբերում էր ինձ, և ինչու ոչ, նաև մյուսների համար։ Մեր խաղացած «Այլ կերպ»-ը, «Մաֆիան» ու մյուս խաղերը, մեր «Ծաղկաձորն» ու այլ պարերը, մեր ամեն-ամեն արածը կմնա իմ հուշերի, իմ հիշողությունների և իմ սրտի մեջ։

Սիրեցի բոլորիդ շատ-շատ։ Այսպիսով, բերված փաստերն ու փաստարկները ցույց են տալիս, որ բանավեճը միայն խաղ չէ, բանավեճը նոր ընկերներ, նոր մտքեր ու ինքներս մեզ համար նոր «ես» բացահայտելու հնարավորություն տվող ակումբ է։

Ի դեպ, արդեն մեկ տարի է, ինչ ես թղթակցում եմ 17-ին… Երջանիկ եմ: