Դու այլևս անմահ ես

Մեր եղբայրներն ընկան կռվի դաշտում․․․

Քանի ապրում ենք ու քանի դեռ կանք՝ անուն առ անուն պատարագելու ենք այն լռությունը, որ ամեն ընկնողի հետ խորանում է մեր աչքերում:

Մեր անմահ հերոսների անվան կողքին գրվեց նաև ժամկետային զինծառայող Վաչե Սարգսյանի անունը։

Վաչեի հետ տասներկու տարի պատիվ եմ ունեցել նույն դասարանում սովորելու։

Բոլոր իրեն ճանաչողները կփաստեն՝ իր բարությունն ու հոգատարությունը սահմաններ չէր ճանաչում։

Այսքան սեր, մտավոր ու հոգևոր հարստություն՝ մեկտեղված մի մարմնում, ուրիշ ոչ ոքի չեմ ճանաչել։

Երբ մենակ եմ ինքս ինձ հետ, այս օրերի համար ամենաթանկ ու ամենացավոտ ակնթարթների մեջ, աչքերիս առաջ հառնում է Վաչեն՝ ձեռքը միշտ սրտին դրած, հայացքը վճիտ, ուղղախոս ու շիտակ:

Չնայած նրան, որ Վաչեն շա՜տ էր սիրում խոսել, պահ էր գալիս, որ լուռ նստում էր վերջին նստարանին, ու ժպիտը դեմքին, ուշադիր զննում էր բոլորիս։

Վաչեն ինձ միշտ իրեն հատուկ ձևով ասում էր. «Ծով, որ լրագրող դառնաս, իմ մասին չգրես, էլի, չեմ ուզում «խայտառակ» լինել»։

Ես էլ պատասխանում էի, որ առաջին նյութս հենց քո մասին պիտի լինի՝ որպես հանրահայտ մարզիկ։

Մեր մշտական «կռիվները» ռուսաց լեզվի շուրջ էր, խոսում էինք ու «գրազ» գալիս, թե ով է ճիշտ, ու միշտ Վաչեն փայլում էր ռուսերենի իր իմացությամբ։

Նա շատ լավ ընկեր էր, համարձակ և ուժեղ տղա, ու վստահ եմ, այսօր բոլորն են համոզված դրանում:

Այսօր ես ինձ համարում եմ մարդ, ով թանկին է կորցրել: Բայց ցավը, որ ներսից կրծում է ինձ, տեղի է տալիս, երբ հասկանում եմ, որ ամբողջ կյանքն իր առջև ունեցող այդ զուլալ տղան գիտակցված մահվանն ընդառաջ գնալով՝ պայքարել է մինչև վերջին շունչը՝ հանուն հայրենիքի:

Վաչ ջան, ես՝ քո տարիների ընկերը, ում հետ մանկությունդ ես կիսել, մեծացել ու հասակ առել, այսօր խոստովանում է, որ դու կյանքի դաս ես տվել քեզանից տարիքով  հարյուրավորների:

Վաչ ջան, ես խոնարհվում եմ քո սխրանքի, քաջության ու պսպղուն, զուլալ հայացքի առաջ։

Հավերժ փառք քեզ, ընկերս, որ այլևս լույս ես:

Քանի ապրում ես մարդկանց սրտերում, ողջ ես, իսկ ես իմ մասով վստահեցնում եմ քեզ, որ դու այլևս անմահ ես:

Ինչպես դու էիր ձեռքդ սրտիդ սեղմած խոսում, այսօր էլ ես՝ քեզ պես ձեռքս սրտիս սեղմած խոստանում եմ, որ հիշատակդ միշտ վառ եմ պահելու ու չեմ դադարելու խոսել քո մասին, Հերոս…