Ծնունդդ շնորհավոր, մեր հերոս Կարեն

Էսօր 20 կդառնայիր… Կզանգեինք, կշնորհավորեինք տարեդարձդ, կմաղթեինք բարի վերադարձ, կլսեիր էն ամենը, ինչ սովորաբար մաղթում են զինվորին: Օմարից էստեղ կլսվեին ուրախ ձայնիդ պարզ հնչյունները, զրնգուն ծիծաղդ կլսվեր` մեզ ծանոթ ու հարազատ ծիծաղդ։ Քեզ լավագույնը կմաղթեինք և կսպասեինք, անվերջ կսպասեինք, որ գաս… Պատերազմը վերապրած հերոս ունենալու հպարտությունից հեռավորությունն էլ չէր խանգարի ժպիտներ տալ քեզ ու քո ժպիտը պատկերացնել… Քեզ նվերներ կուղարկեինք առաջին պատահած մեկի հետ, ով մոտդ կգար:

Հիմա քո շիրիմին ենք գալիս, Կարեն ջան, օծանելիքի կամ ժամացույցի փոխարեն քեզ ծաղիկներ ենք բերում: Իսկ ինչպե՞ս ժամացույց բերենք, երբ կյանքիդ ժամանակը մոտ 3 ամիս է, կանգնել է` հավերժի կանգառով… Ինձ համար անտանելի է քո մասին այսպես գրելը, անտանելի է ծնունդդ շնորհավորելիս գործածել շիրիմ գոյականը, գրել ենթադրական եղանակով, անցյալով…
Հիմա եկել եմ քեզ մոտ, քեզ ծաղիկներ եմ բերել` թարմ վարդեր, մուգ կարմիր, անուշաբույր, չբացված… Ծնկել ու արտասվում եմ, ծնկել ու ափսոսանքով հիշում եմ դպրոցական երջանիկ տարիների պատմությունները, որ էդ նույն տարիների մեջ մտքներովս անգամ չէր անցնի, որ լավագույններից մեկն էդպես էլ 20 չի դառնա, որովհետև գրողի տարած պատերազմը նրան 19-ում կտաներ մեզանից…

Չգիտեմ` միամի՞տ էինք, թե պատմության դասերին էինք պաթոսով վերաբերվում, որ չէինք մտածում մեր օրերի պատերազմի ու պատերազմում բոլոր ժամանակների ընկեր կորցնելու մասին: Հիմա էլ միամիտ լինեինք, չհավատայինք ու չիմանայինք` ինչ բան է պատերազմը, ընկեր կորցնելը…
 Եկել եմ ասեմ` մենք քեզ հավերժ սպասում ենք, մենք երբեք չենք բուժվելու քո բացակայության ցավից, մենք քեզ բացակա չենք էլ դնելու… Քո հիշատակը վառ կմնա դարեր ու դարեր, քեզ կփնտրենք երկինքների մեջ, կխոնարհվենք ամեն անգամ` երկնքին նայելիս:

Շնորհավոր հերոսական ծնունդդ, մեր հին, բայց երբեք չհնացող ընկեր: Շնորհավոր 20-րդ չապրածդ տարեդարձը… 
Մեզնից ոչ մեկը չի կարող ապրել նաև քո փոխարեն, որովհետև ոչ մեկս  քո փոխարեն չանմահացավ: Մինչև վերջ երդմանդ հավատարիմ մնացիր` չխնայել կյանքը հանուն հայրենիքի: Ուր էր, թե հանուն հայրենիքի ապրեիր…
Պատկերացնում եմ` աչքերդ փակելիս էլ հաստատ ժպտացել ես, էն քո լայն ժպիտով: Հիմա բոլոր ժպիտները դեմքներիս սառել են, և միայն արցունքներն են, որ անվերջ սահում են, ու ամեն կաթիլի մեջ մի հիշողություն կա, մի կիսատ կյանքի ու չապրած տարիների պատմություն…

Հայրենիքի համար զոհվածներն հրեշտակներ են: Նրանք չեն երևում, բայց միշտ մեզ հետ են: Դու էլ ես մեզ հետ։ Քո աթոռը, նստարանը, տեղը, ափսեն ու բաժակը միշտ քոնն են` նույն տեղում դրված…

Ծնունդդ շնորհավոր, հավերժ ժպտացող, հավերժ անկեղծ ու հավերժ ներկա Կարեն: Երկնային արքայության մեջ լինես: 
Խաղաղ ննջիր իմ հերոս ընկեր, դասընկեր, եղբայր…