Ani Ghulinyan

Դրսի տոնածառը

Մեր բակում երկու մեծ ծառ կա: Իրար կողքի, միմյանցից ոչնչով չտարբերվող: Դպրոցից նայելիս այդպես եմ որոշում մեր տան տեղը: Մի ուրիշ ծառ էլ ունենք, մյուսներից անհամեմատ ավելի փոքր, անմիջապես պատուհանիս տակ: Մի քանի տարի առաջ տան եղևնին զարդարելուց հետո մնացած խաղալիքներով էլ դրսի փոքրիկ ծառը զարդարեցի, հետո լույսեր դրեցի, բավականին լավ էր ստացվել:

Փողոցով երկու հոգի էին անցնում: Մեկը սայլակն էր քաշում, վրան` ալյուրի պարկը, մյուսը` երեխան, անընդհատ փորձում էր ծառս լինել սայլակից, բայց ամեն անգամ հայրն ավելի արագ էր քշում, ու նա թավալվում էր նոր եկած ձյան մեջ: Հանկարծ երեխայի աչքն ընկավ իմ զարդարած տոնածառին:
-Պապ, պապ, բա մենք մեր տոնածառը ե՞րբ ենք զարդարելու:
-Երբ որ փող լինի:
-Բա ե՞րբ ա փող լինելու:
-Չգիտեմ:
Երեխան լռեց: Հետո հայրն ինձ նայեց մի տեսակ չարացած աչքերով: Դեկտեմբերի վերջն էր, Ամանորին երեք օր էր մնացել… Չգիտեմ, հաջորդ տարի փող եղավ թե չէ, բայց էլ նրանց մեր գյուղում չտեսա, ասում են՝ Ռուսաստան են գնացել: Դրսի տոնածառը էլ չեմ զարդարում: