mariam tonoyan

Իմ Հայաստանը մայրաքաղաքից դուրս է

-Գարնանը Հայաստան եմ գալու,- անսպասելի հաղորդագրություն ստացա գերմանացի վիրտուալ ընկերոջիցս:

-Ի՞նչ ես կորցրել Հայաստանում,- փորձեցի հետաքրքրվել:

-Ինձ շատ է հետաքրքրում ձեր երկրի մշակույթը, լեզուն, մարդիկ, այն ամենը, ինչը կապված է Հայաստանի հետ: Այս տարի որոշեցինք փոքրիկ էքսկուրսիա կազմակերպել ընտանիքիս հետ:

«Փոքրի՜կ»,-մտածեցի անմիջապես:

-Իսկ ի՞նչ գիտես Հայաստանի մասին:

-Միայն պատմությունը, բայց ոչ մանրամասնորեն:

«Տարօրինակ է, Հայաստանի ամեն ինչը նրան հետաքրքրում է, բայց երբևէ չի փորձել տեղեկություններ հավաքել»,-մտածեցի ես։

Օգնության առաջարկս սիրով ընդունեց։ Սկսեցի ուղարկել փոքրիկ տեղեկություններ մշակույթի, ժողովրդի, տեսարժան վայրերի, հայկական ավանդույթների ու սովորույթների մասին: Բռնկուն հետաքրքրասիրություն նկատեցի երիտասարդ գերմանացու մեջ, երբ սկսեց հարցեր տալ ու պատասխանները տրամաբանորեն ինքնուրույն փնտրել: Բավական ժամանակ էր անցել մեր վերջին զրույցից, երբ ստացա հերթական հաղորդագրությունը.

-Ես գիտեմ, թե որքան հայրենասեր ես: Այժմ ցույց տուր ինձ քո Հայաստանը` հայրենասերի աչքերով:

Առաջարկը շփոթեցրեց ինձ: Ես կարծում էի, որ այնքան էլ հայրենասեր չեմ, բայց Հայաստանի մասին ճիշտ պատկերացումներ ստեղծելու համար, որոշեցի խնդրին նայել հայրենասերի տեսանկյունից:

-Գիտե՞ս, ես երկար ժամանակ է, ինչ կարծում եմ, որ իմ իրական Հայաստանը Երևանից դուրս է: Այո՛, չեմ ժխտի, որ Հայաստանս թերի կլինի առանց Մատենադարանի, Ծիծեռնակաբերդի, Պատմության թանգարանի կամ մեր երկրի բազմամյա պատմությունը փաստող այլ հաստատությունների և երևանյան այլ հրաշալի վայրերի, բայց իրական Հայստանը գյուղերի ինքնաշեն դռների ու պատերի մեջ է, հյուրասեր ու անշահախնդիր մարդկանց տներում։ Երևանում մարդիկ մի փոքր այլ են` սառը և անտարբեր անծանոթների հանդեպ, ինչպես եվրոպական շատ երկրներում: Բացի այդ՝ շատ են ճնշող, բարձրահարկ նորակառույց շենքերը, որոնք չունեն պատմություն և նման են աշխարհի այլ քաղաքների շենքերին: Իսկ գյուղերում ավանդականը պահպանված է:

Որոշեցի այս կապակցությամբ ուղարկել Ռոբերտո Կել Տորեսի «Հայաստան» երգը, մի քանի հին հայկական ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խոշոր շահումը», «Տերն ու ծառան», «01-99»-ը և այլ ֆիլմեր` Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ:

Ֆիլմերը ծառայեցին իրենց նպատակին։ Գերմանացի Շվայդերը ծանոթացավ իրական Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, իսկ ես գտա իմ մեջ թաքնված հայրենասիրությունը: