Ե՛կ Սիսիան

-Սոսե, դու որտեղի՞ց էիր։

-Սիսիանից։

-Հա, էն ցուրտ տեղից, ո՞նց եք դիմանում։

Համարյա այսպես է լինում ամեն անգամ, երբ նոր ծանոթներս իմանում են, թե ես որտեղից եմ։ Ամեն անգամ այսպիսի խոսակցությունների ժամանակ ցավում էի․

-Ախր, ինչո՞ւ Սիսիան ասելուց չեք ասում Շաքիի ջրվեժի կամ էլ Զորաց քարերի մասին, կամ գոնե Համո Սահյանի, որ ամեն անգամ ցուրտն եք հիշատակում: Ու ես որոշեցի, որ ամբողջ ամառային արձակուրդս նվիրեմ Սիսիանը բացահայտելուն։

Դե սկսենք միասին բացահայտել Սիսիանը։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր պատմամշակութային վայրից սկսենք։ Դե լավ, եթե չեք կողմնորոշվում, ուրեմն սկսենք Զորաց քարերից։

Զորաց քարեր կամ Քարահունջ.  նախապատմական մեգալիթյան կառույց է, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Քարահունջը 7500 տարեկան է։

Հաջորդը կխոսենք Թանահատի վանքի մասին։ Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Թանահատի վանքը համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար` զարդարված գեղեցիկ շուշան ծաղիկների քանդակներով:

Իսկ հիմա հերթը Շաքիի ջրվեժինն է։ Ջրվեժն ունի 18 մետր բարձրություն։ Շաքին Հայաստանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից է։ Շաքի անվան հետ կապված մի քանի ավանդություն կա, բայց դրա մասին հիմա չեմ ասի: Երբ գաս այդ գեղեցկությունը վայելելու, անպայման կպատմեմ։

Դե լավ, եկար- բարակ չխոսեմ ֆոտոշարքի մեջ բոլորը կտեսնես։ Մի խոսքով, ե՛կ Սիսիան և վայելիր այն իր ողջ հմայքով ու ջերմությամբ։ Եթե կուզես, ես կհյուրընկալեմ քեզ, և կբացահայտենք Սիսիանը միասին։