Եթե արտակարգ իրավիճակ լինի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

-88 թիվն էր: Հիշում եմ, աշխատանքի վայրում նստած ենք, մեկ էլ հատակը շարժվեց, ապա շենքը սկսեց ճոճվել, մենք սարսափած դուրս եկանք շենքից և մի քիչ հետո լսեցինք, որ Գյումրին և Սպիտակը ավերված են, իսկ Նալբանդ գյուղը, որտեղ էլ երկրաշարժի էպիկենտրոնն էր, միանգամից գետնի տակ է անցել,- պատմում էր մայրիկս, իսկ մենք ուշադրությամբ լսում էինք նրան:
Ակամայից մարմնովս սարսուռ անցավ և հարցրեցի մայրիկիս.
-Մամ, իսկ կարա՞ Երևանում էլ տենց երկրաշարժ լինի:
-Իհարկե: Սեյսմիկ գոտում է գտնվում Երևանը, կարող է: Այսօր նույնիսկ Երևանի նորակառույց շենքերը ապահովագրված չեն երկրաշարժից, Աստված չանի, եթե լինի, Երևանը կավիրվի:
Իսկ քույրիկս, լսելով մայրիկի պատմածները, չանհանգստացավ ինձ նման, այլ հանգիստ լսում էր:
-Ան, էնպես հանգիստ ես նստած, ոնց որ քո քաղաքում չի էդ երկրաշարժը լինելու:
-Հա լավ, ի՞նչ կա վախենալու: Շատ միջոցներ կան երկրաշարժից պաշտպանվելու, վախենալ պետք չի:
-Բայց ախր, մեզ ո՞վ բացատրեց, թե ինչպես պետք է վարվենք, որ չվախենանք:
-Ժամանակը գա` կիմանաս, դու դեռ աշակերտ ես, իսկ դրանք բուհում են անցնում: Այդ դեպքերում ամենակարևորը՝ պահը ճիշտ օգտագործելն է:
Ինձ հիմա շատ է հուզում այս հարցը. ինչո՞ւ այդ մասին մեզ չեն սովորեցնում դպրոցներում, իսկ մանկապարտեզների երեխանե՞րը: Մի՞թե այդ տարիքի երեխաները աղետների ժամանակ ապահովագրված են: