janna sargsyan lori

Եթե ընտրության առաջ կանգնեք` հայրենիք կամ սեր, ընտրեք հայրենիքը

Հայրենասիրությունը փոքր աղջկա մտքում, սրտում ու հոգում ծնվեց 12-13 տարեկանում, չէ, ոչ ֆիլմերից էի ոգեշնչվել, ոչ էլ պատմության դասագրքից։

Հայրիկիս ընկերն էր էն մարդը, ում պատերազմում անցկացրած օրերն ու անցած ուղու պատմությունները նստում ու ժամերով լսում էի։

Ամեն պատմության հետ ինչ-որ մի բան էր փոխվում ներսումս, գիտակցումս, աշխարհայացքս, հայրենիքիս հանդեպ սերն էր մեծանում, քիչ-քիչ սկսում էի մտածել մեծանալու ու էդ ուղով գնալու մասին: Չէ, էդ միտքը ամենևին մանկական ցանկություն կամ հետաքրքրասիրություն չէր, այլ հստակ որոշում։

Զինվորական հագուստի հանդեպ առանձնահատուկ սեր ունեի (հիմա ավելի շատ), ու միշտ մտածել եմ, որ էդ հագուստը հենց էնպես ոչ մեկը չի կարող հագնել: Ախր, դա էնքան պարտավորեցնող քայլ է, որ ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենաս։

Դեռահաս աղջկա մտքերը օր օրի սկսում էին ավելի հեռուն տանել, որոշումս քիչ-քիչ նպատակ էր դառնում, ու արդեն 16 տարեկանում, որպես մասնագիտություն հենց էդ ուղղությունն էի պատկերացնում, բայց հասարակությունը, ավանդույթներն ու բարքերը հաղթող դուրս եկան։

Իմ երազանքների ու նպատակների մասին առհասարակ ոչ մեկի հետ չեմ կիսվել, անգամ ծնողներիս, ու էդ դեպքն էլ բացառություն չէր: Գրեթե համոզված էի, որ որոշմանս մասին լսելուց հետո դեմ են լինելու, դե, որովհետև «ծառայությունը աղջկա խելքի բանը չի, աղջիկը պիտի իրան հարմար գործով զբաղվի»։

Անգամ համոզելն ու ամիսներով լաց լինելը էդպես էլ չօգնեցին, որ հասնեմ նպատակիս։

Բոլորն էին դեմ, բոլորը, բացի ինձնից: Ու չնայած դրան, մինչև ավարտական դասարանս, հույսս չէի կտրում, ամեն անգամ փնտրում ու գտնում էի ռազմական ինստիտուտ ընդունվելու հայտը, պահանջվող փաստաթղթերը, հանձնվող քննություններն ու էդպես ինձ հույս էի տալիս, որ մի օր կգա, ու ես էլ էնտեղի սովորողներից մեկը կդառնամ: Էդպես երազելով անցնում էին դպրոցիս վերջին տարվա ամիսները, բայց հույսիս վերջին թելն էլ կտրվեց, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: Էդ օրերից հետո մեր տանը վերջնական փակվեց իմ ռազմական ուղով գնալու խոսակցությունը, մտքերն ու ամեն-ամեն ինչ։

Երազանքս, տարիների ընթացքում հավաքած զինվորական հագուստի հետ փաթաթեցի ու դրեցի դարակում: Ամեն անգամ դարակս բացելուց էդ անկյունին եմ նայում, մի քիչ վերհիշում, լացում, թեթևանում ու նորից փակում։

Տարիներ հետո, երբ սկսեցի լրագրությամբ զբաղվել, նյութերիս մեծամասնությունը հենց ռազմականում սովորող ու աշխատող աղջիկների մասին գրեցի, հիմա էլ շարունակում եմ իրենց հաջողված պատմությունները տարածել ու հասարակության մի ստվար զանգվածին հասցնել, որ իրենց կարծրացած մտածելակերպը լիքը մարդկանց երազանքներն այլևս չկոտրի։

Ինձ համար հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերն ու նվիրավածությունը երբեք պաթոս չի եղել: Հայրենիքը մեր սիրո կարիքն ունի, ու ես իրեն բաժին հասնող սերը անպայման տալու եմ։