nina arsutamyan portret

Եթե կարողանայի

-Է՜հ, երեխեք ջան, ե՞րբ մեծացաք: Ոնց որ երեկ ըլներ, որ Նինան ընկավ՝ կոտրեց թևը,-պատմում էր տատիկս իր շուրջը հավաքած ութ թոռներին:

Մի պահ չհասկացա, թե ինչ ասաց տատիկս: Բայց մի պահ խորը շունչ քաշեցի և զարմացած հարցրեցի.

-Ո՞նց, տատ, ես կոտրե՞լ եմ իմ թևը:

-Հա՜, այ բալա:

-Վա՜յ, տատ կպատմե՞ս` ո՞նց եղավ:

Տատիկս ժպտաց և սկսեց իմ չարաբաստիկ պատմությունը:

-12 ամսական երեխա էիր: Արդեն կարողանում էիր քեզ պահել գետնի վրա և քայլել: Դեռ այդ ժամանակ չէիր կարողանում խոսել: Մի օր քեզ տարանք հյուրասենյակ: Հյուրասենյակում դրված էր մի մեծ բազմոց: Քեզ դրեցինք բազմոցի վրա: Դու մի կերպ վեր կացար և սկսեցիր քայլել բազմոցով մեկ: Ծիծաղում էիր, ու անընդհատ վազվզում: Աշխույժ երեխա ես եղել փոքր ժամանակ: Դե, բայց հիմա էլ, էլի, ընենց ոչինչ: Հա՜, շեղվեցինք թեմայից: Վազում էիր, երբ մամադ ներս մտավ և տեսավ, որ ընկել ես թևիդ վրա: Դե, մի քանի օր հետո, երբ մամադ..

Տատիկիս ընդհատելով հարցրեցի.

-Տատ, բա չե՞մ լացել:

-Դե, համբերի, էլի: Չէ, չես լացել: Ոչ էլ նվնվացել ես, ոչ մի էտենց բան… Հա՜… Մամադ, որ շորերդ փոխում էր, զգացի, որ ուռել ա, որ չես կարողանում շարժել:

Կրկին տատիկիս ընդհատելով հարցրեցի,

-Տատ, բա ո՞նց իմացաք:

-Դե, համբերի, Նինա ջան, հիմա հասնում եմ հենց այ քո հարցին: Հա՜, մամադ կանչեց հորեղբորդ: Նա եկավ, ձեռքով շոշափեց քո ձեռքը: Հետո զայրանալով ասաց` չե՞ք տեսել, որ Նինայի թևը կոտրվել է:

Մենք բոլորս զարմացել էինք, թե ինչպես կարող է 12 ամսեկան երեխու թևը կոտրվի, ու ինքը չլացի, նույնիսկ չնվնվա՞: Դե, քեզ տարանք Բարիսովկա (ներկայիս՝ Ծղուկ), մեր Արայիկը իր ոսկի ձեռքերով թևը կապեց, ու եկանք տուն:

-Տատ, վերջացրեցի՞ր…

-Հա, վերջացրեցի, այ անհամբեր:

-Տատ, էլի կպատմե՞ս իմ մանկությունից:

-Էհ, Նինա ջան, հիմա մեծացել եմ, ոչ մի բան չեմ հիշում:

Իսկապես: Ե՞րբ անցավ այդ 15 տարին, թե ինչպես կոտրեցի թևս, թե ինչպես մտնելով եկեղեցի, փչեցի բոլոր վառվող մոմերը, թե ինչպես էր ամեն օր կորում իմ ծծակը, թե ինչպես եմ սկսել խոսել: Ինչպես եմ կարողացել գիշերները հանգիստ քնել՝ առանց մորս անուշ քունը խանգարելու…

Ա՜խ, այդ ժամանակները… Եթե միայն կարողանայի մի պահ հետ տալ ժամանակը: