Anahit Badalyan

Եթե մենք իրո՛ք իսկական ենք

Բարև, բարեկամս․․․ Դժվար ժամանակներ են, բայց հույս ունեմ՝ լավ ես։ Ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբավում։ Լիահույս եմ՝ չես նեղսրտում, չես տխրում։ Գիտեմ՝ ձանձրանում ես, հոգնում ես: Շատ ես մտածում երևի։ Մտածում ես հիմիկվա մասին, անցյալի մասին, եթե համարձակությունդ հերիքում է՝ նաև ապագայի մասին։ Երևի ինչ-որ դրվագներ ես հիշում անցյալից, մի քանի տարվա հնություն ունեցող պահեր, ժպտում ես, գուցե ծիծաղում ես անզուսպ, հետո հետ ես գալիս ներկա, մի պահ սառում ես գուցե էդ պահերի՝ արդեն ծիծաղելով հիշելու վաղեմություն ունենալու վրա, հետո ուզում ես ջերմանալ՝ ապագայի մասին մտածելով, ու կանգնեցնում է քեզ ինչ-որ բան․ էլի ներկան։

Դու նայում ես ներկային ու գիտակցում, որ քեզ ու նրան պատուհաններ են բաժանում, ներկան օրըստօրե ավելի է հեռանում, իսկ դու նրան ուզում ես մոտ լինել ագահաբար, էնպես, ոնց մեկ-մեկ կարոտել ես անցյալն ու երազել ապագայի մասին։

Ես իսկապես կուզենայի իմանալ, որ դու էս օրերին հետաքրքիր, հաճելի ու օգտակար գործերով ես զբաղված եղել։ Կուրախանայի, եթե իմանայի՝ չեղարկված պլաններ ու էդպես էլ անկատար մնացած կարևոր իրադարձություններ չկան էս օրերիդ մեջ։ Կնախանձեի երևի մի թեթև, եթե էս օրերը ուղղակի մի քիչ երկար արձակուրդ են քեզ համար ու դու հանգստանում ես։

Բայց ես քեզ հետ միշտ եմ անկեղծ եղել։ Մեր զրույցներում դու ես ունկնդիրը, բայց գիտեմ, որ դու էլ անկեղծ ես եղել, թե չէ վստահաբար չէի գրի․․․

Անկեղծներն իսկական են, իսկ իսկականներին ինչ-որ բան հասկանալու համար ոչինչ պետք չէ։ Հա, բարեկամս։ Պետք չէր, որ տանը փակվելու հետևանքով միայն հասկանայինք՝ կարևոր է ընտանիքի հետ շփվելը, խոսելը, ընթրելը։ Եթե իսկական ենք, մի սովորական օր առանց առիթի կամ պատճառի ուղղակի տորթ կթխեինք ու գուցե աշխարհի ամենաանհաջող հրդեհն առաջանար մեր՝ բարձր միացրած գազօջախից, կամ էլ գուցե էնպիսի հոտեր գցեինք՝ հարևանները պատուհանների մոտից էն կողմ չգնային։ Եթե իսկական ենք ընկերություն արել, պետք չէր մի որոշ ժամանակ չտեսնելուց հետո միայն հասկանալ, որ կարոտել ենք իրար։ Անկեղծ ընկերները զանգում են իրար ամեն օր, կամ ամիսը մեկ թեկուզ, բայց դրանով ու ոչ էլ հանդիպումների քանակով չէ, որ կարևորում ու գնահատում են իրար։ Եթե մենք իրոք իսկական ենք, ապա գլոբալ տաքացման ու կլիմայի փոփոխության մասին պիտի հասկացած լինեինք դեռ շատ վաղուց։ Պիտի խնայեինք լույսն ու էներգիան դեռ երկար ժամանակ առաջ ու պիտի հոգ տանեինք բնության մասին դեռ էն ժամանակ, երբ մեզ կարող էինք բնության գրկում ժամերով մնալու ճոխությունը թույլ տալ։

Եթե իսկական ենք եղել, պիտի կարդայինք և ա՛յն ժամանակ, երբ դասից հոգնած գալիս էինք, կամ աշխատատեղում ուժասպառ էինք լինում։ Էս արհեստական պարապությունը չէ, որ պիտի ընթերցասեր դարձներ մեզ, բարեկամս։ Կասես՝ էն ժամանակ ժամանակ չունեի։ Ունեիր, բայց ավելի քիչ։ Բայց ունեիր ու դու էիր որոշում՝ ոնց ծախսես։ Կամ վատնես։

Լավատես դառնալու համար պարտադիր չէր վատի միջով անցնել։ Ուրիշներին էս-էս ֆիլմերը նայել, էս-էս գրքերը կարդալ կամ ինչ-որ օգտակար բաներ խորհուրդ տալն էլ մերը չէր դառնա ոչ մի պահ ու ոչ մի հանգամանքում, եթե իսկապես իսկական ենք․․․

Մենք մեկ է՝ սիրում էինք դպրոցը։ Հոգու շա՜տ խորքում մեզնից ամենածույլիկն էլ ինչ-որ պատճառ ուներ՝ դպրոցը սիրելու։ Թեկուզ միայն այն, որ արդեն երկար տարիներ դա այն ուղղությունն է, որով իր ոտքերը քայլում էին ինքնաբերաբար ու աներկբա․․․

Մենք միշտ էլ ժամանակ էինք գտնում՝ մտածելու։ Որովհետև դու չես նստում ու որոշում մտածել։ Դու մտածում ես ուտելիս, խոսելիս, քնելիս․․․ շա՜տ։ Ու կապ չունի՝ ինչքան քիչ կամ շատ է քո ժամանակը, եթե մտածող ես՝ մտածելու ես։ Միշտ ես շատ մտածելու, դրանից փախուստ չկա։ Տանը փակվելն ու մտերիմներին կարոտելը չէ, որ պիտի ապացուցեին՝ մենք շատ ենք սիրում նրանց։ Էդ մտերիմներն «անցել են» ժամանակի ու տարածության միջով։ Վերջին տարիներին նրանց նիհարել-չաղանալը տեսնում էի հեռախոսով, տեսազանգով․․․ Քանի-քանի ծնունդներ էսպես տեսազանգով շնորհավորվել են կեսգիշերին արդեն ավելի, քան երկու տարի շարունակ։ Էդ մտերիմներից անիսկականները սղվել են դեռ ա՛յն ժամանակներից։ Իսկականների կողքով անտարբեր է անցել թե՛ ժամանակը, թե՛ տարածությունը: Նրանք անժամանակ են ու անհեռու…

Հիմա դժվար է, ու դժվար է ասել՝ ավելի դժվար էլի եղե՞լ է, թե՞ չէ։ Կիսատ մնացին շատ բաներ, անավարտ մնացին որոշները, անսկիզբ՝ շատերը։ Ընդմիջում է երևի։ Բայց արի ճանաչենք մեզ իսկական ու առանց ընմիջումների։ Արի գիտակցենք, որ մեր ուժը դրսևորվում է ոչ թե նրանում, որ մենք կարողանում ենք ճիշտ կերպով հաղթահարել էս չափազանց անսովոր պայմաններում ստեղծված դադարը, այլ նրանում, որ մենք կկարողանայինք դադար առնել ճիշտ պահին ցանկացած հանգամանքներում։ Մենք ուժեղ ենք, եթե ի վիճակի ենք չհանդիպել, չտեսնել ու չզգալ կարևոր մարդկանց ներկայությունը ոչ այն պատճառով, որ էդպես են թելադրում հանգամանքները, այլ նրա համար, որ էդպես ենք հարկավոր համարում էդ պահին: Եթե կարողանում ենք ժամանակ տալ ինքներս մեզ այն պահերին, երբ զբաղվածությունը ծորում է մեզնից, եթե կարողանում ենք չշտապել ու մտածել այն պահերին, երբ քիթ սրբելու ժամանակ չունենք, ապա մենք իրո՛ք ուժեղ ենք։ Ու մենք իսկական ենք ուրեմն։ Մենք իսկական ենք, եթե մի շա՜տ սիրուն գարնանային օր, երբ արևը ժպտում է, ծառերը՝ ճոճվում ապրիլյան քամուց, իսկ մարդիկ քայլում են փողոցներում՝ ամենանուրբ ծաղիկների փնջերն իրենց ձեռքին, որոշում ենք տանը մնալ ու ավարտել մեր սիրելի գիրքը։ Որոշում ենք տանը մնալ, որովհետև տանն են տանեցիներն ուղղակի։ Մենք իսկական ենք, եթե մեր քայլերը կախված չեն արտաքին հանգամանքներից։ Ու իսկական ենք մենք, եթե կարողանում ենք հոգալ դիմացինի մասին ամեն-ամեն ինչից անկախ, հանգամանքներից՝ ևս, հանգամանքներից՝ առավել ևս․․․

Ու եթե մենք իսկական ենք նաև հիմա՝ էս պայմաններում ու էս ամեն ինչի մեջ, ուրեմն ամենախրթինը՝ հոգու սովն ու սրտի աղքատությունը, արդեն իսկ հաղթահարված է։