anna sargsyan

Եթե չլիներ ֆեյսբուքը

Ֆեյսբուքի մասին բոլորս գիտենք, դա փաստ է: Շատերը ֆեյսբուքն օգտագործում են, որպեսզի ընկերներ ձեռք բերեն, մի մասն ուղղակի էջերին է հետևում, մյուս մասը ֆեյքերով է զբաղված և այլն: Բայց այս ամենին զուգահեռ՝ ֆեյսբուքը դարձել է աղոթատեղի:

Նայում եմ տարբեր էջերի նոր հրապարակումները, ու դրանցից գոնե մեկը կամ երկուսն ունենում են էսպիսի գրառումներ, իբր թե.
«Քննարկումներում գրեք «Ամեն», եթե հավատում եք Աստծուն» կամ «Եկեք բոլորս աղոթենք, որ էսպիսի բաներ քիչ լինեն (տեսանյութ)»:

Մի անգամ մեկը մի հրապարակում էր արել իմ ընկերներից. «Ի՞նչ կիներ, եթե չլիներ ֆեյսբուքը», ու մի կին պատասխանել էր, որ մարդիկ կդադարեն աղոթելուց: Իրոք, էս ամենը տեսնելով՝ սրանից ավելի ոչինչ չես կարող մտածել:

Ցանկացած զինվորի նկարի տակ կարդում ես նույն մեկնաբանությունը՝ «Աստված պահապան իրենց»: Բայց, իմ կարծիքով, չի կարելի գրել դա համացանցով, աղոթիր քնելուց, արթնանալուց, կամ՝ երբ ուզում ես, բայց ֆեյսբուքո՞ւմ: Աստված ֆեյսբուքը չի կարդում: Միայն թե բոլորը տեսնեն, որ դու մտածո՞ւմ ես հայ զինվորի մասին:

Նամակ են գրում էս պարունակությամբ. «Այս նամակը, եթե չուղարկես 10 հոգու, ապա վաղն Աստված քեզ չի օգնի ծանր պահին»: Ես այս ամենը սխալ եմ համարում այն պատճառով, որ ես ագնոստիկ աթեիստ եմ: Համոզված եմ, որ էլի շատերին սա դուր չի գալիս: Պարզապես անիմաստ եմ համարում: