galina simonyan

Եկեք՝ անցնենք թաղից թաղ

Առավոտյան այնքան լավ օր էր. որոշեցի քրոջս հետ մի փոքր քայլել գյուղում:

Մեր գյուղը Ներքին Կարմիրաղբյուրն է: Քայլում և հանդիպում էինք շատ տների, որոնց որոշ մասը կողպված էր, իսկ մի մասում դեռ ապրում էին մարդիկ: Սկզբում այդ բոլոր տներից հետաքրքրեց այն տունը, որի հետևի մասը փլված էր, երևի գրադի (մեծ զենքի տեսակ) տված էր: Այդպես մտածեցի և հարցրեցի քրոջս: Նա պատմեց, որ այդ տանը մի տատիկ է ապրում, որը մի քանի օր մնում է այստեղ, մի քանի օր՝ Բերդ քաղաքում՝ իր աղջկա մոտ: Այս պատմության հետաքրքիրն այն էր, որ նա ուներ 4 տղա, բայց ապրում էր կա՛մ իր տանը մենակ, կա՛մ էլ աղջկա մոտ, որովհետև տղաները այստեղ չեն ապրում, աշխատում են Ռուսաստանում:

Շարունակեցինք քայլել և հանդիպեցինք մի տան, որ կիսափլուզված էր: Տունը պատերազմի ժամանակ էր փլվել, իսկ տան տերերը՝ զոհվել: Քույրս պատմեց, որ զենքի բեկորները տանտիրոջն են կպել, երբ նա իր տանը նստած է եղել, և նա մահացել է սեփական տան մեջ: Ես, հուզված այդ պատմությունից, քրոջս հետ շարունակեցի քայլել գյուղով: Շուտով մենք տեսանք մի փոքր տնակ, որտեղ իր պապիկի և տատիկի հետ ապրում էր թոռնիկը, որի մասին քույրիկս մի զվարճալի պատմություն պատմեց: Նա ասաց, որ մի անգամ, երբ տատիկը գոմում կովին կապում էր, թոռը, չիմանալով, որ տատիկը գոմում է, փակում է դուռը, իսկ որոշ ժամանակ անց, նկատելով տատիկի բացակայությունը, սկսում է փնտրել նրան: Երկար փնտրելուց հետո նկատում են, որ նա պատահաբար փակվել է գոմում:

Շուտով մենք մոտեցանք Միշիկ պապիկի տանը, որտեղ բարի պապիկն ապրում էր միայնակ: Կինը մահացել էր մոտ երեք տարի առաջ, և մինչ այսօր իր կնոջը պաշտող պապիկը չի համակերպվել նրա մահվան հետ: Նա ապրում է մենակ, որովհետև երեխաները բնակվում են Ամերիկայում: Շարունակեցինք քայլել: Մեր առջև կիսափլված մի տուն էր, որի տանիքն էր միայն բարվոք վիճակում, քանի որ ՌԴ-ում բնակվող տերերը վերանորոգել էին տանիքը, իսկ մնացած մասն ամբողջովին անմխիթար վիճակում էր: Տան առջև մի չորացած ծառ կար, քույրս պատմեց այդ ծառի մասին: Առաջ, երբ տան տերերը ապրում էին իրենց տանը, ծառը ամեն տարի քաղցրահամ պտուղներ էր տալիս: Ամբողջ թաղամասի երեխաները սպասում էին այդ քաղցրահամ պտուղներին: Իսկ այսօր ծառը նույնիսկ չի ծաղկում:

Այդպես ավարտեցի փոքրիկ ճամփորդությունս իմ սիրելի գյուղում: