Ես կարդում եմ ռեփ

Հարցազրույց ռեփեր Լիլիթ Աղայանի հետ

Երբ ես մեր տանը լսում եմ ռեփ երաժշտություն, հայրիկս ասում է.

-Աղջիկ ջան, ի՞նչ կա այդ երգերի մեջ, որ լսում ես։ Գնա հայրենասիրական երգեր լսիր: Չեմ կարողանում գտնել այդ երգերի իմաստը: Հերիք է:

Իսկ ես, այնուամենայնիվ, լսում եմ: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ երաժշտություն պետք է լսի: Երբ իմ նախընտրած երաժշտությունը լսում են նաև ընկերներս, նրանք ասում են, որ շատ լավ երգեր եմ լսում: Իսկ երբ մեր գյուղով քայլելիս եմ լինում և լսում եմ իմ երգերն առանց ականջակալների, հայտնվում եմ բոլորի ուշադրության կենտրոնում։ Ինձ վրա են սևեռվում բազմաթիվ դժգոհ հայացքներ, բայց ես ուշադրություն չեմ էլ դարձնում: Որպեսզի մարդկանց ցույց տամ, որ աղջիկներից շատերը ոչ միայն լսում են ռեփը, այլ նաև կարդում, որոշեցի հարցազրույց վերցնել Լիլիթ (Լիլոկ) Աղայանից:

-Լիլի՛թ, մի փոքր կպատմե՞ս քո մասին:

-Ես 21 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրիում, բայց ապրում եմ Երևանում: Զբաղվում եմ սպորտով՝ բասկետբոլով: Սովորում եմ, աշխատում եմ, ունեմ նպատակներ, կարդում եմ ռեփ:

-Ինչո՞ւ որոշեցիր, որ պետք է ընտրես հենց ռեփը:

-Ճիշտն ասած՝ ռեփով կարողանում եմ կիսվել, արտահայտել զգացածս այն հարցերի շուրջ, որոնց մասին խոսելիս՝ կլռեմ: Հարազատ է ինձ ռեփը, ապրելակերպ է:

-Համաձա՞յն էին արդյոք Ձեր ընտանիքի անդամները որոշմանդ հետ: Ինչպե՞ս արձագանքեցին:

-Սկզբում չէին հավատում, հետո հասկացան, որ լուրջ եմ ասում ու գրածս տեքստերն ու իմ ձայնագրություններն առաջինն իրենց էի ցույց տալիս: Տեսնում էին, որ վատ բան չեմ անում, նորմալ ընդունեցին։

-Կշարունակե՞ք արդյոք այդ ուղին:

-Ինձ թվում է, որ կգա մի օր, որ դա էլ կվերջանա: Երբ սկսեցի, ասում էի՝ մի տարի, ու ինձ թվում է՝ վերջ: Մի տարին էլ անցավ, կրկին նույնը, ու մինչև հիմա շարունակում եմ կարդալ: Չեմ կարող ասել՝ երբ, բայց մի օր կփոխեմ ոճս:

-Ի՞նչ ես կարծում, հասարակությունը քննադատո՞ւմ է քեզ այդ ոճն ընտրելու համար, քանի որ հիմնականում տղաներն են հիփ հոփի այդ տեսակում հաջողության հասնում:

-Գիտեք, չկա մի բան, որը հասարակությունը չքննադատի: Հա՛, նեղվում եմ, որովհետև շատ բաներ սխալ են խոսում, բայց փորձում եմ շատ ուշադրություն չդարձնել, որովհետև, եթե լսեմ բոլորին, ոչ մի բանի չեմ հասնի։ Չէ որ, եթե ես կարիք ունենամ օգնության, այդ նույն հասարակությունը իմ կողքին չի լինի:

-Իսկ եթե լինեն աղջիկներ, որ ցանկանան ռեփ կարդալ, ի՞նչ խորհուրդներ կտաս:

-Չսկսեն սիրո տանջված թեմաներից, մաքուր հայերեն գրեն, այլապես՝ հաճելի չի լինի նրանց լսել: Չլսեն ուրիշների կարծիքը և շարժվեն առաջ:

Հարցազրույցը վարեց՝ Աննա Գասպարյանը