nareohanyan

Եղանակից շեղված

Բոլորն աշնան մասին են գրում։ Ափսոսում են, տխրում կամ ուրախանում, ոգևորված են կամ հիասթափված։ Աշնան տաքությունն են կարոտում կամ խուսափում են ձմեռվա մոտալուտ ցրտերից։

Ու միայն ես եմ երևի, որ այդպես էլ չկարոտեցի ինչ-որ եղանակ, փոխարենը բոլոր եղանակներին կարոտեցի Քեզ։ Ես եմ, որ չվախեցա աշնան ավարտվելուց, որովհետև միակ բանը, որից վախենում եմ, աշունների մեջ քեզ կորցնելն է։ Եվ ինչու՞ միայն աշունների. ես վախենում եմ Քեզ կորցնել գարուններում, ամառներում ու ձմեռներում։ Վախենում եմ քեզ թողնել օրերի մեջ։
Հա՜, զուր եք կարոտում աշունը։ Կյանքում ավելի թանկ ու կարևոր բաներ կան, որոնք իրոք արժե կարոտել, որոնց համար արժե իսկապես ցավել ու ափսոսալ։ Ես չեմ ափսոսում, ես միայն վախենում եմ։ Վախենում եմ մի օր արթնանալ, հայելու մեջ նայել, տեսնել աչքերիս մեջ գրված, որ ես չեմ թակել քո դուռն այսօր, և դու աշունների մեջ, ո՛չ էլ գարունների մի գիշեր անգամ չես բնակվել իմ կողքին, որովհետև առավոտյան անկողինը փակ էր, և սավանները՝ չճմրթված…
Աշուններն էլի կգան, բայց մարդիկ, որոնց բաց կթողնենք, գուցե երբևէ չգան։ Աշունները չեն, որ աշխարհին գույներ են տալիս, ու երբ ձմեռ է գալիս, աշխարհը կորցնում է գույները։ Աշխարհը կգունավորվի հաստատ, եթե Դու, որ պիտի լինես, կաս։
Աշունների մասին գրելու փոխարեն մի քիչ էլ հարազատ մարդկանց մասին գրեք։ Մարդկանց, որոնց շնորհիվ այնպիսին եք, ինչպիսին այսօր կաք։
Իմ ձմեռներն աշուններիցս  էլ տաք կլինեն, եթե դու, որ պիտի լինես` կաս։