Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Որոշեցի գնալ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան: Ներս մտնելուն պես հանդիպեցի էքսկուրսավարին՝ Արտավազդին: Ասացի, որ առաջին անգամ եմ գտնվում թանգարանում և ուզում եմ ծանոթանալ թանգարանի պատմությանը: Արտավազդը սկսեց պատմել.

-Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին: Այստեղ ամփոփված են Վայոց Ձորի մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների գտածոներ:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Նկարները, որոնք փակցված են պատերին, հիմնականում ունեն ճանաչողական նպատակ՝ ցույց են տալիս, թե մեր տարածքում ինչ պատմաճարտարապետական հուշարձաններ կան: Թանգարանում կան նաև մեր ստեղծագործող նկարիչների, հիմնականում՝ Կամսարյանի աշխատանքներից:
Անցնելով թանգարանի բաժիններով՝ տեսնում էի հետաքրքիր գտածոներ: Արտավազդն ասաց, որ գտածոների մի մասը մշակված է, բայց կան նաև գտածոներ, որոնք զարմանալիորեն լավ են պահպանվել և մշակելու կարիք չի եղել:

Թանգարանում տեղ է հատկացվել նաև Ուրարտական ժամանակաշրջանի բրոնզե և արծաթե գոտիներին:
Գտնվել է խեցեղեն, որի վրա պատկերված են արևի պաշտամունքը խորհրդանշող, ջրի և առասպելական կենդանիներով զարդամոտիվներ: Հիմնականում ներկայացված է սև և գունավոր խեցեղեն: Այստեղ գտնվում են փոքր անոթներ, որոնք, ենթադրաբար, կարող էին ծառայել որպես խաղալիք երեխաների համար:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

 

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ինչպես գիտենք, հնում մարդկանց կյանքում մեծ դեր են խաղացել հմայիլները, որոնք պատրաստվում էին շաբաթվա կենտ օրերին: Պատրաստելու ժամանակ վարպետներն իրար հետ խոսելու իրավունք չունեին, որպեսզի թե՛ դրական, և թե՛ բացասական էներգիա չտարածվեր հմայիլի վրա: Հմայիլները նախատեսված էին չար աչքից պաշտպանվելու համար:
Մեր գտածոների մեջ առանձնահատուկ տեղ ունեն սափորները, որոնք օգտագործվել են սննդի և գինու պահպանման համար:
Այստեղ է նաև 19-20-րդ դարերում կնոջ առօրյայի մասը կազմող ճախարակը: Ինչպես նաև տախտակը, որը նախատեսված է եղել գուլպայի համար. գուլպան գործելուց հետո այն հագցրել են տախտակի վրա, որպեսզի չկորցնի իր տեսքը: Ահա և խնոցին, որն օգտագործվել է կարագ ստանալու համար:
Իհարկե, թանգարանում իր ուրույն տեղն է զբաղեցնում խաչքարը, այն բաղկացած է երեք մասից՝ վերնամասից, միջնամասից և ստորին մասից: Վերնամասը խորհրդանշում է երկինքը, միջնամասը՝ երկիրը, իսկ խաչը օղակ է երկրի և երկնքի միջև: Խաչքարի վերևում քողարկված արձանագրություն կա: Խաչքարը պատվիրված է եղել Թամարա Խաթունի կողմից: Նա խաչքարը նվիրել է իր հանգուցյալ ամուսնուն՝ իշխան Էլիկումին և իրենց որդիների՝ Բուրթելի և Բուխտայի արևշատությանը:

Երբ գաք Եղեգնաձոր, անպայման այցելեք այս թանգարան, և ավելի շատ բան կիմանաք մեր մարզի մասին: