Եղեգնաձորի պատկերասրահը

Եղեգնաձորի պատկերասրահի մասին պատմում է պատկերասրահի վարիչ Գոհար Ավագյանը: 

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1978 թվականին: Կապված է Մոմիկի ծննդյան հետ և հիմնադրման օրվանից մինչև այսօր գործում է: Պատկերասրահում ներկայացված են տարբեր աշխատանքներ: Ազգային պատկերասրահից մեզ տրամադրել են աշխատանքներ, որոնք էլ մենք ներկայացնում ենք:

-Հաճա՞խ եք ցուցադրություններ կազմակերպում: 

-Բավականին հաճախ՝ տարին մի քանի անգամ, ունենում ենք ցուցադրություններ մեր և ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ: Ամեն տարի ունենում ենք «Թանգարանային գիշեր» խորագրով միջոցառում, որը կապված է թանգարանների միջազգային օրվա հետ: Այդ միջոցառումը կարող է լինել ցուցադրություն, դասախոսություն:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Պատկերասրահում անցկացվել է նաև բաց դաս, որին մասնակցել են աշակերտներ: Բաց դասեր հաճա՞խ եք կազմակերպում: 

-Բաց դասեր լինում են կախված ցուցադրությունների թեմաներից: Գարնանն է եղել բաց դաս, երբ ունեցել ենք ժամանակավոր ցուցադրություն: Երեխաներն իրենց նախաձեռնությամբ իրենց սիրած նկարիչների մասին հավաքել էին տեղեկություններ և ներկայացնում էին դրանք:

-Վերջերս կայացել է նաև Էդուարդ Բագրատունու «Քարե ժապավեն կյանքի մասին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես: Ի՞նչ լուսանկարներ էին ներկայացված և ովքե՞ր էին ներկա ցուցահանդեսին: 

-Ցուցադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Ցուցադրությանը ներկայացված էին վայոցձորյան հայկական խաչքարերի, տապանաքարերի, վիշապաքարերի լուսանկարները: Ներկա էին մարզպետարանի աշխատակիցները, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, տեղեկատվական բաժնի վարիչը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ուսուցիչներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, Երկրագիտական թանգարանի ողջ անձնակազմը:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Այս տարի քանի՞ ցուցադրություն է տեղի ունեցել պատկերասրահում: 

-Այս տարի ունեցել ենք երկու ցուցադրություն: Առաջինը Հայաստանի ազգային պատկերասրահի «Մշակութային կանգառ» ցուցահանդեսի շրջանակներում «Հայրենի եզերք» խորագրով ցուցադրությունն էր, որի ընթացքում ներկայացրել ենք տարածաշրջանի գեղատեսիլ վայրերի ու բնապատկերների լուսանկարները, իսկ երկրորդը Էդուարդ Բագրատունու ցուցադրությունն էր:

-Հիմնականում ովքե՞ր են պատկերասրահի այցելուները: 

-Պատկերասրահի այցելուները տարբեր մարդիկ են լինում: Կան արվեստասեր մարդիկ, ուսուցիչներ, երեխաներ, ուսանողներ և դպրոցականներ, որոնց հետաքրքրում է արվեստը: