Եղեռնից փրկվածի կորցրած նամակը

Մոռանալ չի լինի…

1915 թվականին մարդկության պատմության մեջ իրականացվեց ամենամեծ ոճրագործությունը։ Չարագործ երիտթուրքը նախատեսել էր իրականացնել հայերի հայրենազրկման և ոչնչացման ծրագիր։ Անմարդկային այդ երևույթները որոշել էին խեղդել հային արյան մեջ, ցավալի է, բայց այդպես էլ ստացվեց…

Պայքարող հայը միանգամից չհանձնվեց և մի շարք վայրերում կազմակերպվելով կռվեց թուրքական ջարդարարների դեմ։ Առաջին այդպիսի վայրն էլ Վանի նահանգն էր, որտեղ էլ ծնվել ու մեծանում էր իմ մեծ տատը` պապիս մայրը` Մայրանուշը։ Չորս-հինգ տարեկան երեխա էր, ով ծնողներին կորցնելուց հետո բարի օտարերկրացիների շնորհիվ կարողացել է քրոջ ` Աղավնյակի հետ (9-10 տարեկան) փախուստի դիմել և ճակատագրի կողմից մի փոքր նվեր ստանալով ողջ մնալ։

Ասվում է, թե մեծ քրոջը հարցրել են, թե որ ուղղությամբ նրանց ճանապարհեն, Աղավնյակը առանց երկար բարակ մտածելու շշնջացել է` Հայաստան։ Երկու քույրերին բերել են հայրենիք, երկար ժամանակ ապրել ու մեծացել են Վանաձորում։ Օրերից մի օր մեծ պապս ` պապիս հայրը, դարպասներից այն կողմ տեսել է մի գեղեցկադեմ օրիորդի` երկար վարսերով, կարմիր այտերով, կապտավուն աչքերով, ում էլ սիրահարվել է առաջին հայացքից։ Չգիտեմ ինչպես է պատահել, բայց ֆայտոնով տատիս բերել հասցրել է Դիտավան ու իրեն կին դարձրել։ Աղավնյակը մնացել է մենակ Վանաձորում։ Հետո տատիս ականջին  լուր է կաթացել, որ մեծ քույրն էլ էնտեղ է մի օջախ հարս գնացել։ Ճակատագիրը չար խաղ է խաղացել նրանց հետ` փրկել է թուրքի յաթաղանից, բայց բաժանումով հեռացրել է երկու հարազատ սիրտ։ Տեղեկություններ այլևս չի եղել։ Յուրաքանչյուրն իր ընտանիքն է կառուցել։ Մայրանուշը հինգ զավակի մայր է եղել` երկու դստեր ու երեք որդու է դաստիարակել։ Գյուղում բոլորն են նրան ճանաչել, հարգել ու պատվել։ Նրա հյուրընկալ օջախում շատերն են հաց կիսել։ Տատս համեղ է պատրաստել։ Ասվում է նաև, որ այգի է սիրել մշակել, հայոց հողը մշակելով բերք ու բարիք ստացել։ Բնավորությամբ է նաև աչքի ընկել։ Չափից դուրս խիստ, բայց միաժամանակ շատ բարի ու հոգատար կին է եղել։

Մի օր Մայրանուշ տատիս նամակ են բերել Աղավնյակից, որտեղ գրված է եղել հանդիպման վայր ու ժամ։ Նրա նման երջանիկ մարդ աշխարհիս վրա այդժամ չի եղել, շատ է ուրախացել, որ այդքան տարի անց կրկին տեսնելու է քրոջը։ Բայց… Բայց նամակը կորել է, անհետացել է երեխաների թեթև ձեռքով, թե տատիս խառնված մտքերի պատճառով, ու հանդիպումը չի կայացել։ Եւ այլևս ոչ մի լուր…

Մոռանալ չի լինի…