ani ghulinyan

Ես այսօրն եմ սիրում

Սերունդների միջև ամենամեծ անարդարությունը առաջընթացն է: Չեմ հիշում` ով է ասել, բայց հիշում եմ, որ նրա խոսքին կարելի է հավատալ: Աշխարհի ստեղծման օրից մինչև այսօր փոխվել է քսան հազար սերունդ, բայց որքան էլ մարդիկ զարգացել, միևնույն է, պահպանել են նույն գործող օրինաչափությունը: Ամեն մի նոր սերունդ նոր հրաշքներ է տեսնում, նոր արհավիրքներ, աղետներ ու հենց դրանով էլ ավելի լավն է դառնում իր նախորդներից: Ո՞վ գոնե մեկ անգամ չի մտածել ժամանակի մեքենա ունենալու ու անցյալում ճամփորդելու մասին: Միշտ էլ այդպիսիք կգտնվեն, որովհետև տարածված բան է` չարժևորել ներկան, երազել անցյալը փոխելու մասին: Երևի թե բոլոր ժամանակներում էլ այսպես է եղել: 21-րդ դարի մարդը երազում է ապրել Պիկասոյի ժամանակներում, Պիկասոն` Գոգենի, Գոգենը` գուցե Վերածննդի, դա Վինչին էլ, ո՞վ գիտե, երևի Արիստոտելի: Հետաքրքիր է, բոլորը ցանկանում են այն, ինչը չունեն, իսկ երբ ունենում են, արդեն այլ բան են ցանկանում: Երևի այս պատճառով են պատերազմներ լինում: Պյութագորասն անկասկած իր տրամաբանությամբ ու խելքով ավելի լավն էր, քան այսօրվա երեխաները, բայց նա հո չէ՞ր կարող Skype-ով խոսել Հռոմում գտնվող իր ընկերների հետ, դրա համար նա կիլոմետրեր պետք է անցներ: Եթե Գրուշին բջջային հեռախոս ունենար, Նապոլեոնը զանգով կտեղեկացներ, որ թշնամուն հետապնդելու փոխարեն հետ գա, ու Վաթեռլոոն այլ կերպ կհիշվեր: Զարմանալի է, թե որքան ծիծաղելի մտքեր են գալիս ու գնում, երբ շուրջբոլորդ հեռախոսներ են, համակարգիչներ, իսկ դրանց արանքում դու ու քո պատմական գրքերը: Ես չէի ցանկանա ապրել անցյալում: Ի՞նչ իմաստ կա անցնել մի բանի միջով, որի վերջաբանը գիտես: Դա նման է ֆուտբոլային խաղի հաշիվը իմանալուց հետո խաղը դիտելուն կամ պատմության ամենակարևոր ինտրիգի լուծումը իմանալով գիրք կարդալուն: Մեր նախնիները այնտեղ` վերևում, հնարավոր է` նախանձում են մեզ, որովհետև մենք ավելի շատ բան ենք տեսել, քան իրենք: Դա բնական է, ես էլ իմ դեռ չծնված հաջորդներին եմ նախանձում, որ դեռ ինչե՜ր են տեսնելու…

Apr 28, 2017