Լավագույնը բոլոր պապիկներից

Մանկությանս լավագույն տարիներն անցել են տատիս ու պապիս տանը: Ես միայն շաբաթ և կիրակի օրերին էի գնում մեր տուն «հյուր», քանի որ ծնողներս աշխատում էին և ինձ ու քույրիկիս չէին կարող խնամել: Այսպիսով, մեր խնամքով զբաղվում էին տատիկս ու պապիկս: Այդ օրերի իմ լավագույն ընկերը պապս էր:

Նրա անունը Վարազդատ է, բայց բոլորը նրան Վարո կամ Վարազ են ասւմ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում: Ծիծաղելին այն է, որ երբեք նրա ձեռքը բաց չէի թողնում և միշտ այնքան ամուր էի սեղմում, որ ձեռքս դրանից թմրում էր, երևի՝ նրանն էլ, բայց նա լռում էր դրա մասին ու երբեք չէր դժգոհում: Մեր առօրյան սկսվում էր ծառ տնկելով կամ խնամելով: Այդ ընթացքում նա ինձ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, և ես դրանք ընդունում էի հալած յուղի տեղ: Նրա ամեն մի ասածը ինձ համար գիտական լուրջ վարկած էր կամ աքսիոմ: Հիշում եմ, երբ մի անգամ ասաց, որ բզեզներին ամերիկացիներն են ստեղծել որպես կենսաբանական զենք, իսկ մեր հարևաններից մեկը հակառակվեց նրան: Այդ ժամանակ ես կատաղածի նման հարձակվեցի նրա վրա: «Ո՞վ է այդ սրիկան, որ փորձում է հակառակվել պապիկիս ասածին: Մի՞թե չգիտի, թե ինչ է նշանակում պապիկը կամ գուցե չգիտի, որ իմ պապիկը ամեն ինչ գիտի: Լավ, ես նրան ցույց կտամ»,- մտածում էի ես խոժոռ դեմքով: Այդ ժամանակ ես նրան համարում էի աշխարհի ամենավերջին մարդը, ու այդ օրվանից այդպես էլ չկարողացա սիրել նրան: Ինձ համար «պապիկ» հասկացողությունը մի տեսակ առասպելական, աստվածային բնույթ է ստացել:

Մեր հարևանությամբ մի չար մարդ էր ապրում (համենայն դեպս այն ժամանակ նա ինձ այդպիսինն էր թվում), և նրա թոռնիկները չէին այցելում նրան: Բոլորը նրան «Գոդոլ» էին ասում: Ինձ թվում էր, թե այդ կիսածաղրական, կիսավախենալու անունով մարդը հեքիաթից փախած հրեշ է: Մի անգամ ես զարմացած հարցրի պապիս.

-Պապի՛, Գոդոլը թոլնիկ չունի՞…

Ես զարմանում էի՝ ինչպե՞ս կարող էր մարդ թոռնիկ կամ պապիկ չունենալ: Դա ուղղակի հանցագործություն կարող էր լինել մարդկության հանդեպ: Իմ պատկերացմամբ դրանից կարող էր քաղաքակրթությունը կործանվել:

Պապիկս հողի ու ջրի մի մասնիկն է: Նա միշտ մոտ է կանգնած եղել բնությանը և իր հինգ երեխաներին ու ութ թոռներին ևս այդպիսինն է դարձրել: Բնության ու կյանքի նկատմամբ սերս հենց նրանից է գալիս: Հիշում եմ, երբ մայրիկս մի անգամ բարկացավ վրաս, որ շոկոլադը հողոտ ձեռքերով կերա, իսկ պապիկս սաստեց մորս, վերցրեց ինձ ու նետեց նոր փորված հողի վրա: Ես վերցնում էի հողը, լցնում շոկոլադի վրա և հաճույքով ըմբոշխնում: Ես իմ փոքրիկ թաթիկներով բռնում էի հողի միջի անձրևաորդերին, շոշափում, ուսումնասիրում: Հիմա նոր եմ հասկանում պապիս արածների իմաստը: Նա ուզում էր, որ իմ մատներով շոշափեմ ու ճանաչեմ բնությունը, գտնեմ իսկական երջանկությունը, որ հողի ու ջրի, ծառի ու ծաղկի մեջ է պահված: Նա շատ է սիրում բնությունը: Երևի բնությունն էլ նրան է շատ սիրում: Այդ պատճառով ինչին ձեռք է տալիս, կանաչում է, կյանք ստանում: Նրա այգում երևի մի քանի միլիոն ծառ կա՝ թե՛ պտղատու, թե՛ դեկորատիվ: Այնտեղ աճում է թութ, խաղող, ծիրան, սալոր, բալ, կեռաս, տանձ, խնձոր, ընկույզ, պնդուկ: Դրա մեջ առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա, բայց, եթե հաշվի առնենք Հրազդանի ցուրտ կլիման, ապա դա ուղղակի հրաշք է: Նա իր թոռնիկների հետ նաև մի հրաշալի բարդիների պուրակ է տնկել, որտեղ էլ հենց անցնում են մեր ընտանեկան հավաքույթները: Հիշում եմ, երբ փոքր էի, մեր բարդիների պուրակ մի կին էր մտել և բանջար էր հավաքում:

Տատիկս բացատրել էր նրան, որ դա անտառ չէ, ու ինքը շփոթմամբ մեր այգի է մտել, բայց նա այդպես էլ չի հավատացել տատիս: Դե, մենք հասկանում ենք նրան, քանի որ առաջին հայացքից չէիր կարծի, թե դա մարդու ձեռքի գործ է:

Երբ փոքր էի, պապիկիս գլխին միշտ «օյիններ» էի խաղում: Երբ նա ինձնից ջուր էր ուզում, դա իմ գլխում դառնում էր մի նոր չարաճճիության ծրագիր: Ես նրա ջրի մեջ միշտ աղ, պղպեղ ու էլի մի քանի համեմունք էի լցնում, իսկ հետո մի քիչ փորձարկում էի այդ ջրից, գուցե համոզվելու համար, որ չեմ սպանի նրան, և ուրախ դեմքով իմ «ստեղծագործությունը» հրամցնում էի պապիս: Զարմանալի է, բայց նա երբեք ցույց չէր տալիս, որ ջուրը աղի էր, այլ ընդհակառակը, գրկում, համբուրում էր ինձ ու ասում.

-Վա՜խ, էս ինչ խամով ճուրա…

Ես էլ, ամաչելով իմ արածից, գնում էի սովորական ջրի հետևից: Դե, նա էլ երբեք չէր մերժում ինձ ու ամբողջը խմում էր: Բայց դա դեռ ոչինչ: Մի անգամ՝ երեկոյան, որոշեցի պապիկիս ծաղրածու սարքել ու մորաքրոջս շպարի պարագաներով ներկեցի նրան: Այդ ժամանակ նա շատ ծիծաղելի տեսք ուներ: Բայց ամենածիծաղելին այն էր, որ կարմիր լաքով ներկել էի նաև նրա եղունգները: Հաջորդ օրը նա աշխատանքի գնաց կարմիր եղունգներով, քանի որ մորաքրոջս ացետոնը վերջացել էր: Ես այդ քայլով ստիպեցի, որ բոլորը ծիծաղեն նրա վրա, բայց նա չբարկացավ ինձ վրա: Ախր, չէ՞ որ ես ուզում էի նրան մի քիչ սիրունացնել: Երբ երեխաներով ինչ-որ չարություն էինք անում, բոլորը գիտեին, որ պապիկի մատը խառն է այդ գործում: Նա միշտ մեր «հանցակիցն» է եղել: Այ, օրինակ սրանից երկու տարի առաջ, մենք հիշել էինք մեր ավազակությունները: Ես պապիկիս աղով սուրճ հյուրասիրեցի, նա էլ սկսեց դերասանություն անել. «Վատ եմ, մեռա…»: Մենք էլ շարունակեցինք նրա խաղը: Նախ, զանգեցինք մորաքրոջս ու մայրիկիս ու լացակումած ձայնով ինչ-որ կցկտուր բաներ ասացինք: Հետո համոզեցինք պապիկին, որ պառկի: Նրա կողքը դրեցինք դեղեր, ջուր, ճնշման ապարատ…Հաջորդ պահին մեր բակում էր արդեն երկու շտապօգնության մեքենա, մի քանի տաքսի, հարևաններ, բարեկամներ… Ճիշտ է, մենք էլ, պապիկն էլ մի լավ ծեծ կերանք (մենք մամայի կողմից, պապին՝ տատիի) մեր խաբեության համար, բայց մի լավ զվարճացանք: Դե, շտապօգնության մեքենաներն էլ պետք եկան միայն տնեցիներին ուշքի բերելու համար:

Պապիկիս բոլոր թոռնիկներն էլ պաշտում են նրան: Այդ սերը այնքան խորն է, որ բոլորը փորձում են ընդօրինակել նույնիսկ նրա ժեստերն ու շարժումները: Օրինակ՝ պապիկս խռռացնելու սովորություն ունի: Նա ասում է, որ այդպես է անում, որ քունը տանի: Մենք էլ՝ որպես նրա հարգարժան կրկնօրինակները, քնելուց առաջ սկսում էինք խռռացնել: Մենք կարծում էինք, որ դա լուրջ ավանդույթ է, և պետք է սրբությամբ պահել: Պապիկն էլ մեզ չհիասթափեցնելու համար սկսում էր իր կենցաղը «զարդարել» նորանոր տարօրինակ ժեստերով: Մեզ բոլորիս այնպես է թվում, թե նա ամենից շատ մեզ է սիրում: Գուցե նրանից է, որ նա շատ ունի սեր ու բոլորիս հավասար բաժանում է, բայց այն, որ նրա ամենախելացի թոռնիկը ես եմ, նա ինքն անձամբ է խոստովանել: Մեր ընտանիքում մի ավանդույթ կա: Երբ երեխաները դառնում են չորս-հինգ տարեկան, անցնում են պապիկի IQ թեստով: Մի անգամ պապիկս ասաց.

- Արի գնանք մի բաժակ կաթ խմենք, ասա՛՝ էհ՜:

-Էհ՜,- ասացի ես ժպիտով:

-Գնանք մի քիչ տելեվիզոր նայենք, ասա՛՝ էհ:

-Էհ՜,- կրկնեցի ես:

-Գնանք քնենք, ասա՛՝ էշ,- վերջացրեց պապիկս:

Երկար ժամանակ լռություն էր: Ես ոչինչ չէի ասում: Հետո սկսեցի լաց լինել:

-Հը՞, բալես, ընչի՞ ես լաց ըլնում,- հարցրեց պապիկս փաղաքշական տոնով:

-Պապի, բա որ ասեմ՝ էշ, նեղանա՞ս,- լացակումած շարունակեցի ես:

Պապիկս գրկեց, համբուրեց ինձ և հայտարարեց, որ ես իր ամենախելացի թոռնիկն եմ, և ես դրանից ինձ շոյված էի զգում:

Պապիկս ընդամենը չորս տարի է դպրոց գնացել, բայց այդ փաստը չիմացողը կկարծի, թե նա համալսարան է ավարտել: Նա իր կյանքում շատ գրքեր է կարդացել: Գուցե դրանից է, որ շատ հետաքրքիր պատմություններ գիտի: Նա ինձ համար իսկական հերոս է: Այո՛, նա իմ մանկության, պատանեկության և իմ ամբողջ կյանքի հերոսը կմնա: Իսկական հերոսություն է լինել լավ պապիկ և լավ մարդ: Նա իրական կյանքի հերոս է:

2014/07/29