Razmik Gasparyan zinvor 2

Ես արդեն զինվոր եմ

Հունվարի 30, հինգշաբթի, կեսգիշերից 3.5 ժամ անց: Նստած եմ լսարանում՝ գրիչը ձեռքիս, մտքերս եմ շարադրում (այո՛, այս անգամ ոչ թե հեռախոս կամ նոթբուք, այլ՝ թուղթ ու գրիչ)…

-15 օր առաջ…

…Փակվեցին ավտոբուսի դռները: Ակվարիումի տեսք ունեցող ավտոբուսը 4 կողմից շրջապատել էին էմոցիաներով լեցուն հարյուրավոր մարդիկ: Մեկն ուրախ էր, մյուսը՝ տխուր, մեկն արտասվում էր, մյուսը՝ ծիծաղում, մեկը բացված  շամպայնից թրջված ձեռքն էր մաքրում, մյուսը՝ արցունքները. մի խոսքով` էմոցիաների տարափ էր:

Վերջապես շարժվեց ավտոբուսը, մարդիկ մնացին ետևում: Հասանք: Անծանոթ-ծանոթ մարդիկ, անծանոթ միջավայր: Բուժզննում անցնելուց հետո սկսվեց մեր կյանքի րոպեներն անիմաստ սպանելու առաջին օրը: Այդ օրը ոչ մի էական բան չկատարվեց, բացի նրանից, որ մոտ մեկ ժամվա ընթացքում բոլորս դարձանք միանման (հագուստներով) ու սկսեցինք փնտրել մեկս մյուսին: Արդեն հաջորդ օրը, երբ բոլորիս ճակատագիրը պարզ դարձավ, տեսանք մեր հարազատներին, բաժանվեցինք նրանցից և նրանցից էլ, որոնց հետ մեկ օրվա ընթացքում հասցրել էինք մտերմանալ. ամեն մեկս գնաց իր ճակատագրով որոշված տեղը, հա, մոռացա ասել, խոսքը բանակի մասին է: Արդեն 15 օր է, ինչ հայկական բանակի Ռազմիկ եմ (կամ ռազմիկ, տարբերությունը էական չէ):

15 օրը շատ քիչ է դատողություններ անելու, հասկանալու ու ըմբռնելու համար էն ամեն ինչը, որը կատարվել ու կատարվում է քեզ հետ: Բայց, իհարկե, կան բաներ, որ արդեն իսկ հասկացել եմ բանակում:

Ամենաառաջին բանը, որ պատկերացրի ու հասկացա, դա «մեկ մարդու պես» արտահայտությունն է: Պարզ արտահայտություն, որի լիարժեք իմաստը կհասկանաս միայն բանակում: Երկրորդ ու ամենակարևոր բանը, որը հասկացել եմ, դա ազատության արժեքի գնահատումն է: Բանակում դու գրեթե 99%-ով անազատ ես: Ամեն օրը մի բան է սովորեցնում, ավելի ճիշտ՝ հասկացնում, տեղիք տալիս գնահատելու էն արժեքները, էն ազատություններն ու հնարավորությունները, որոնք ունեցել ու ունենալու ես…

Կյանքի բերած փոփոխությունները, որոնք իրենց հետ բերում են դժվարություններ, սահմանափակումներ ու արգելքներ, միշտ էլ առաջին հայացքից տհաճ ու անհաղթահարելի են լինում, ինչպես ծառ տնկել, խնամել, ջրել և աճեցնելն է դժվար: Բայց տանջանքով աճեցրած ծառի պտուղները այնքանով են համեղ, ինչքան որ կյանքի բերած դժվար փոփոխությունների արդյունքներն են կարևոր ու կենսական կյանքի հետագա տարիների համար:

Մի քիչ երկար ստացվեց, ու չգիտեմ՝ հետաքրքրեց, թե ոչ, բայց սա դեռ ամենը չէ: Դեռ սպասեք հաջորդ նյութերիս, որտեղ կփորձեմ պատմել ավելի հետաքրքիր բաներ ու կկիսվեմ էն ամենով, ինչը հասկացրել է ինձ բանակը: Լավ, ես արդեն գնամ, կանգնեմ պահարանի կողքին, օրապահներով տեղերը փոխելու ժամանակն է:

Հ.Գ. Չգիտեմ՝ ոնց ու ով է ուղարկելու նյութս, բայց եթե կարդում եք, ուրեմն մի հնար գտել եմ:

17-ի կողմից. Բարի ծառայություն քեզ, սիրելի Ռազմիկ: Միշտ կսպասենք նյութերիդ: