dayana amirkhanyan

Ես դասընթացավար եմ

Ահա և կյանքի կոչվեց հերթական դասընթացը Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանում, այս անգամ «Արտաքին ազդակների ազդեցությունը մեր գործողությունների և որոշումների վրա» թեմայով: Դասընթացավարն էր հենակետային վարժարանի աշակերտուհի, տողերիս հեղինակ` Դայանա Ամիրխանյանը:

Դասընթացի մեջ տեղ գտած նյութերը արդի էին, և մեծապես առնչվում էին մեզ` երիտասարդներիս:

Դասընթացը սկսելուն պես նախ ներկայացրի, թե ով եմ ես դպրոցից զատ, ինչու եմ անում այս դասընթացը, և որն է դրա նպատակը:

Քանի որ ես «Համայնքը ես եմ» 5-րդ ճամբարի մասնակից ներկայացուցիչ եմ և ներկայումս կատարում եմ իմ ծրագիրը, այս շրջանում նախատեսված է նաև իրազեկող դասընթացներ մի շարք հաստատություններում, և ինչու չէ, նաև հենց այն դպրոցում, որտեղ սովորում ենք: Խոսեցի իմ ծրագրի մասին, դրա կարևորության և դրանից բխող առավելությունների մասին: Ապա սկսեցի դասընթացի բուն հատվածը: Ի՞նչ է արտաքին ազդակը, որո՞նք կարող են լինել մեր հիմնական գործողությունները և որոշումները, որոնք իրենց վրա կարող են կրել հասարակության կարծիքը: Դասընթացի մեծ մասը տրամադրված էր քննարկումներին, որոնք չափազանց բուռն էին և ակտիվ:

Ընթացքում ներկայացրի, թե ինչ է ուզում մեր դիմացինը, որն է հասարակության այն հատվածը, որն ամենից շատ է պահանջում ուշադրություն, խոսեցինք մեր վախերի մասին, ռեալիստների ու ռոմանտիկների մասին, մեզ տրվող «չար ու բարի» հարցերի մասին, դպրոց-իրավունք-պարտականություն կապի ու մարդկային փոխհարաբերությունների, մեր մոտեցմանը կամավորական աշխատանքին և մեր կայուն աշխատանքի մասին:

Քննարկման կարևորագույն մասն էր կազմում ազատ խոսելը, միմյանց հարգելը և չբռնանալը մյուսների կարծիքի վրա: Դասընթացին ներկա էին մոտ յոթանասուն 12-րդ տարբեր հոսքային դասարանների աշակերտներ և ուսուցիչներ: Ամենահաճելի պահերից էր ստանալ դրական կարծիքներ` թեկուզ անանուն, թերթիկների վրա, որտեղ ամենակարևորն ինձ համար, ինչին հաճախակի հանդիպեցի, այն էր, որ ըստ ներկաների` դասընթացը ձանձրացնող չէր:

Սա թվով 5-րդ դասընթացն էր, որ վարում էի դպրոցում և դպրոցից դուրս: Իմ նպատակներից մեկն էլ հենց սա է. բացի բուն մասնագիտությունը, նաև հմուտ դասընթացավար դառնալ: Հետայսու, հուսով եմ, այս շարքը կշարունակվի ավելի հետաքրքիր թեմաներով և տարբեր վայրերում: