Seroj araqelyan

Ես զինվոր եմ

Չէ, դեռ ծառայության չեմ գնացել, դեռ չեմ կրում զինվորական համազգեստ, չեմ հագնում զինվորական կոշիկ կամ ավելի ճիշտ, «բատինկա» և չեմ ուտում հալած պանիր կամ «գավիադինով» բորշչ… Հագնում եմ քաղաքացիական շորեր, բոթաս կամ սովորական կոշիկ: Հա, մոռացա, իսկ ճաշերից՝ մամայի պատրաստած «ժարիտը», կամ ինչ լինում է ճաշացանկում: Հիմա երևի մտածում եք, թե ինչ եմ այսպես ձգձգում: Համաձայն եմ ձեզ հետ, դրա համար կասեմ, թե ինչու եմ ես զինվոր:

Ապրում եմ սահմանին:

Լսում եմ կրակոցներ:

Մեկ-մեկ թաքնվում եմ, երբ դուրս եկած եմ լինում գյուղի փողոցներ, ու սկսում են կրակել:

Հարկ եղած դեպքում, երկար ժամանակ պատսպարվում եմ պատերի հետևում, մինչև դադարեն կրակոցները:

Անգիր գիտեմ պատերազմական իրավիճակներում առաջնային գործողությունները:

Գիտեմ գյուղի ապահով վայրերը և ապահով տուն հասնելու ճանապարհը:

Ինձ թվում է, պարտադիր չի կրել զինվորական համազգեստ, որպեսզի զինվոր լինես: Օրինակը բերեցի ինձ վրա, ինչպես տեսաք: Ես հիմա կարող եմ հագնել այդ բոլոր շորերը և վերցնել անհրաժեշտ իրերը, բացի մի իրից, որի անունը զենք է:

Քիչ մնաց, դրա ժամանակն էլ շուտով կգա, կմեկնեմ ծառայության: Իսկ ծառայությունս վերջացնելուց հետո կվերադառնամ հայրենի գյուղ, կշարունակեմ իմ ծառայությունը այստեղ՝ սահմանամերձ Բաղանիսում, ու էլի քաղաքացիական կյանքով: Մինչև մի օր դուրս կգանք փողոց՝ առանց լսողությունը լարելու, աջուձախ ու վերև նայելու, զգուշավորությամբ ու արագ բաց տարածություններով քայլելու: Հանգիստ, պարզապես հենց այնպես զբոսնել: Իսկ մինչ այդ, մենք այստեղ ենք: