Ես կփոխեի…

Շիրակի մարզի մեր պատանի թղթակիցները խոսում են իրենց հուզող սոցիալական խնդիրների մասին։

Լուսանկարը՝ Վահե Կարապետյանի

Լուսանկարը՝ Վահե Կարապետյանի

Ապրելով Հայաստանում՝ ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում: Ու դա գիտենք բոլորս: Մեծ թե փոքր  ցանկություն ունեն երկիրը լքելու: Ունեն շատ պատճառներ, ու դրանցից է  արտագնա աշխատանքը, որը վատ է անդրադառնում իմ ու  մնացած երեխաների  և ինչու չէ, ընտանիքի բոլոր անդամների վրա: Առաջին հերթին երկար ամիսների բացակայության կարոտը, քանի որ այստեղ  չկան նորմալ վարձատրությամբ աշխատատեղեր: Այս թեմայով շատ կարելի է մանրանալ, սակայն մի բուռ Հայաստան ու լիքը հուզող հարցեր: Երեխաներ` երազանքներով լի, որոնք չեն իրականանում հենց փողի պատճառով:

Հաջորդ հուզող հարցը անբարենպաստ ճանապարհներն են ու հին երթուղայինները։ Ապրում ենք քսանմեկերորդ դարում, բայց նախորդ դարի մեքենաներով ենք երթևեկում:

Անընդհատ լուրեր կան լույսի թանկացման վերաբերյալ. «Ի՞նչ, բոլորս լքե՞նք մեր երկիրը: Այսպես ու՞ր ենք հասնելու…»

Նաև հուզում է այն, որ կան շատ դպրոցներ, որոնք սոլյարայուղով են տաքացվում, բայց մեկ է, չեն տաքանում:

Մտքումս շատ հուզող հարցեր ունեմ, սակայն մի բան եմ երազում՝ բարեկեցիկ երկիր և բարեկեցիկ կյանք: Այստեղ մնալու ցանկություն և ոչ թե` փախչելու:

Անժելիկա Մուրադյան
գ. Վահրամաբերդ

 

Մարդիկ Հայաստանում մոտավորապես 70 տոկոսը մեկնում են երկրից դուրս աշխատելու նպատակով: Իսկ տուն են վերադառնում Ամանորին, համարյա բոլորի մոտ այդպես է: Լինում են դեպքեր, երբ անգամ այդ տարում տանը չեն էլ լինում: Կպատմեմ մի դեպք, երբ հայրը աշխատելու նպատակով հեռացել է երկրից` չկարողանալով տուն վերադառնալ երկու տարի: Այդ ընթացքում կինը հոգնել և հեռացել է տանից երեխայի հետ: Լինում են նաև դեպքեր, երբ դրսում գտնվելով  չեն կարողանում ամենակարևոր և անփոխարինելի պահերին գտնվել իրենց ընտանիքների անդամների կողքին: Ծնողները թանկ են իրենց երեխաների համար, իսկ երեխաները ծնողների, բայց աչքիս տեսածով եմ ասում, շատ ժամանակ տանը չգտնվելով նրանք չեն կարողանում սգալ իրենց հարազատների մահը: Եթե հնարավորություն ունենայի, կփորձեի ու կցանկանայի, որ մարդիկ մնային և աշխատեին իրենց հարազատների կողքին: Կուզենայի Հայաստանում աշխատատեղեր լինեին և երիտասարդ մասնագետները կարողանային աշխատել Հայաստանում, այլ ոչ իրենց թե ֆիզիկական, թե մտավոր կարողությունները ծառայեցնեին ուրիշ երկրների:

Մարիամ Վարժապետյան
գ. Ազատան

 

Եթե ես ունենայի հնարավորություն, առաջին հերթին կփոխեի մարդատար տրանսպորտը: Գյուղերի ավտոբուսները հին են ու քիչ, ստիպված ենք լեփ-լեցուն տրանսպորտի մեջ խցկված երթևեկել: Գյուղերում երիտասարդական ժամանցի վայրեր կստեղծեի կամ ինտելեկտուալ խաղային կենտրոններ: Գյուղերում կանցկացնեի փողոցային լուսավորում: Երեկոները գյուղի երիտասարդությունը հիմնականում տանն է, քանի որ գնալու տեղ չկա, դրա համար էլ շատերը երազում են քաղաք տեղափոխվել:

Կիմա Ենգոյան
գ. Ազատան

 

Իմ հայրիկը աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, և ես շատ եմ կարոտել նրան: Ու ինչպես յուրաքանչյուր ծնող, այնպես էլ իմ հայրիկը, մեզ բարեկեցիկ կյանքով ապահովելու համար գնացել է աշխատելու: Ես այս պատմությունը պատմեցի այն պատճառով, որ առաջ բերեմ այս խնդիրը. մարդիկ ստիպված են լինում լքել իրենց ընտանիքները, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքներին: Ես կփորձեի բացել աշխատատեղեր, որպեսզի ոչ ոք չլքի իր ընտանիքը:

Սյուզի Մանուկյան
ք. Գյումրի

 

Ինձ հուզում է այն հարցը, թե ինչպես կարող եմ ընտրել լավ ընկերներ, որոնք իմ կողքին լինեն թե տխրության պահին, թե ուրախության: Ես ունեմ լավ ընկերներ, բայց չեմ կարող ասել` նրանք մինչև վերջ իմ կողքին կլինե՞ն, թե` ոչ: Կուզենայի, որ մարդիկ ճիշտ գնահատեին ընկերության արժեքը:

Գևորգ Վարդիկյան
ք. Գյումրի

 

Երկրաշարժից անցել է արդեն 27 տարի, սակայն Գյումրիում դեռ շատերը ապրում են ժամանակավոր տնակներում: Մարդկանց մեծ մասը հիվանդանում ու մահանում է, քանի որ տնակներում ձմռանը շատ ցուրտ է, խոնավ, շատերը ջուր և էլեկտրաաէներգիա չունեն, հին կացարաններում հաճախ փլուզումներ են լինում:

Եթե ես հնարավորություն ունենայի, ապա անպայման կվերացնեի այդ տնակները և մարդկանց համար տներ կկառուցեի: Ու ամենակարևորը` աշխատատեղեր կբացեի:

Լիլիթ Խառատյան
ք. Գյումրի

Հիմա այս դարում տարածված է մարդկային անհավասարություն, այսինքն՝ մարդկանց խմբեր՝ հարուստներ, աղքատներ, միջին խավ և այլն: Գիտենք արդեն, որ հարուստները ճնշում են աղքատներին: Վերջիններս չեն կարողանում պաշտպանվել և ճնշվում են մեր շրջապատում: Գյուղերում, դպրոցներում կան այնպիսի երեխաներ, որոնց, այսպես ասած, հարուստները ճնշում են: Նրանք էլ ճնշվում են և չեն կարողանում արտահայտվել: Եվ այդպիսի սոցիալական խնդիրներով մարդիկ ոչ կարողանում են նորմալ հագնվել, ոչ նորմալ սնունդ օգտագործել, ոչ էլ նույնիսկ անձնական հիգիենային հետևել: Եվ դա էլ է հարուստների ծաղրանքի առարկան  դառնում:

Եթե ես հնարավորություն ունենայի, այդպիսի անապահով երեխաների ընտանիքներին կտրամադրեի սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ, կամ էլ կստեղծեի աշխատատեղեր՝ նրանց ծնողներին ապահովելով աշխատանքով, նրանց տալով այնքան գումար, որպեսզի կարողանային բավարարել իրենց պահանջները:

Տիրուն Սարգսյան
գ.Վահրամաբերդ

 

Մի քանի տարի առաջ Ստեփանավան քաղաքում հորեղբորս աղջկա հետ  քայլում էի քաղաքային այգում: Նստեցինք մի նստարանի վրա ու հեռվում ձայներ լսեցինք: Մի երիտասարդ վիրավորում էր մի տարիքով մարդու: Խոսակցություններից հասկացանք, որ այդ մարդը անտուն է: Ապրում է, եթե կարելի է այդպես ասել, դրսում  ու իր օրվա ապրուստը վաստակում է մուրալով: Իսկ երիտասարդը վիրավորում էր միայն նրա համար, որ նրանից գումար էր խնդրում: Եթե ես հնարավորություն ունենայի, կօգնեի բոլոր անտուններին, և անպայման, մարդկանց մտածելակերպը և վերաբերմունքը չքավորների նկատմամբ:

Շուշան Վահանյան
գ. Բանդիվան

 

Ես մի անգամ գնում էի մեքենայով բարեկամիս տուն: Դրանից մի օր առաջ երեկոյան հորդառատ անձրև էր եկել: Ճանապարհին մենք ընկանք ջրափոսի մեջ: Երբ հասանք, հայրիկս տեսավ, որ մեքենայի պետհամարանիշները չկան: Դրանից հետո ճանապարհային ոստիկանները տուգանեցին հայրիկիս: Եթե ես հնարավորություն ունենայի, կասֆալտեի ճանապարհները:

Անի Առաքելյան
ք. Գյումրի

 

Մի օր շրջում էի ընկերոջս հետ մեր թաղամասում: Շենքերից մեկի բակում երեխաները խաղում էին: Նրանք ոգևորությունից աղմկում էին, այդ իսկ պատճառով տարեց մարդկանցից մեկը դուրս եկավ և բարկացավ նրանց վրա: Երեխաները փախան ամեն մեկը իր տուն: Ես կուզենայի, որ մեր քաղաքում ավելանան խաղահրապարակները, որ թե երեխաները լիաթոք խաղան, և թե բնակիչները հանգիստ լինեն:

Հովհաննես Գրիգորյան
ք. Գյումրի