shushannaHakobyan

Ես հոգնած եմ, բա դու՞ք

Ուսումնական  տարվա սկիզբը հոգնություն բերեց, ու շատ: Մեկ ամիս էլ չկա, ինչ դասերը սկսվել են, բայց ես հոգնել եմ: Հոգնել եմ, բայց ոչ ֆիզիկապես, ու թերևս հիմա եմ գիտակցում, որ հոգնությունն իրոք հիվանդություն է: Հիվանդություն, որի ժամանակ մարդը վատնում է օրգանիզմի բոլոր առկա ուժերն ու սկսում գործել պոտենցիալ հնարավորությունների հաշվին:

 Հոգնած եմ՝ հիվանդ: Բուժվել է հարկավոր:

-Դու արդեն երրորդ դասն ա` ֆիզկուլտուրային չես մասնակցում: Ինչի՞:

-Ընկեր Խաչատրյան, ինձ մի քիչ լավ չեմ զգում: Մյուս դասին, էլի:

-Ես ինչ հիշում եմ՝ քեզ վատ ես զգում: Էլի՞:

-Դե, հա:

 Դե արի ու բացատրի, որ դու ընդամենը ձանձրանում ես…

 Դպրոցում ոչինչ չի փոխվել, բացի մի բանից՝ աղմուկն է պակասել: Այն աղմուկը, որից բոլորը՝ թե՛ դասատուներն ու թե՛ աշակերտներն էին բողոքում, բարկանում, հիմա մի տեսակ չի հերիքում, կարոտվում է: Բայց մեկ-մեկ էլ թվում է, թե ոչինչ չի փոխվել, ոչ մի այնպիսի բան, որի

-Էրեխեք, հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում: Կյանքում կան երևույթներ, որ անընդհատ կրկնվում են, ինչքան էլ կյանքը փոխի իր դեմքը, ինչքան էլ մարդիկ լուսավորվեն… Աղջիկնե՛ր, վերջում լուռ մի հատ:

-Բայց մենք չենք խոսում:

-Բայց դասին էլ չեք հետևում, չէ՞:

-Դե, ընկեր Հակոբյան, վերջին ժամն ա արդեն, բացի էդ էլ՝ սրանից առաջ ֆիզկուլտուրա էր, հոգնած ենք, ախր:

-Հասկանում եմ, ես էլ եմ հոգնած, բայց դե ի՞նչ անենք: Ես հո մեղավոր չե՞մ, որ ձեր մոտ միշտ վերջին ժամերին եմ դասի: Դասացուցակն այսպես է կազմված, չենք կարող փոխել: Ուշադիր, լա՞վ:

-Ըհը:

 Ընկերուհուս՝ Քրիստինեի դաս պատասխանելու մի քանի րոպեն միակ հետաքրքիր բանն է ամբողջ քառասունհինգ րոպեի ընթացքում: Բացատրեմ՝ ինչով է հետաքրքիր: Սկզբում, երբ ուսուցիչը տալիս է իր անունը, նա առաջին վայրկյանին վեր է թռչում տեղից, իսկ երկրորդ ակնթարթին արդեն գրատախտակի մոտ կանգնած ասում է. «Սկսե՞մ»: Դրանից հետո սկսում է պատմել, բայց ի՛ր ձևով: Մտքերը կիսատ է թողնում, թեմայի սկզբից մինչև վերջը հասնում է թռիչքային անցումներով՝ բաց թողնելով դասից որոշ հատվածներ, բայց չնայած դրան, խոսում է արագ, համոզված, առանց ջանք թափելու, բայց և կենտրոնացած: Պատմել-վերջացնելուց հետո նստում է տեղում ու նախքան օրագիրը ուսուցչին տալը՝ հարցնում. «Հը՞, Շուշ, լա՞վ էր»: Ես նայում եմ իրեն, ժպտում, գլխով դրական շարժում անում, և դրանից հետո է միայն օրագիրը ձեռքին մոտենում ուսուցչի սեղանին, խոշորացրած աչքերը հառելով ուսուցչի վրա, սպասում մինչև օրագրում ստանա իր գնահատականն ու նոր վերջապես նստում տեղում: Քրիստինեի՝ նստարանին տեղավորվելն ուղիղ համեմատական է իմ՝ նորից անջատվելուն և հակադարձ համեմատական ուշադրությանս:

Ընկեր Հակոբյանը ճիշտ էր ասում՝ կյանքում իրոք զարմանալիորեն անընդհատ կրկնվում են շատ բաներ: Օրինակ տաս, քսան, գուցե քառասուն տարի առաջ էլ եղել են մարդիկ՝ ճիշտ իմ կամ էլ քո նման: Հնարավոր է նրանք էլ դպրոցում ուղղակի ձանձրացել են, չեն սիրել սովորել, բայց սովորել են՝ միայն նրա համար, որ նկատողություն չստանան: Կամ միգուցե նրանց էլ են ասել. «Սովորի՛ր, որ լավ մարդ դառնաս»: Նրանք էլ երևի հավատացել են, որ մարդ դառնում են միայն դպրոցի գնահատականներով հաշվվող գիտելիքներով ու սովորել են (ճիշտ իմ, կամ էլ քո նման):

 Մի խոսքով, հենց փոքր ու աննշան թվացող բաներն են, որ մեծ ընդհանրացումների են դրդում, բայց դա թող մնա հաջորդ ժամին: Հիմա արագ գրավորս ավարտեմ, թե չէ՝ «երկուսս» պատրաստ է…