lida armenakyan

Ես հումանիտար եմ

Բարև, ես հումանիտար եմ:

Եթե դու կարծում ես, որ ես բացարձակ գլուխ չեմ հանում մաթեմից կամ տեղյակ չեմ, թե ինչեր են գուանինը, ադենինը, ցիտոզինն ու թիմինը, շտապեմ քեզ հիասթափեցնել:

Ես հումանիտար եմ ու շատ եմ սիրում մաթեմատիկան: Բոլոր շանսերն ունեի՝ մաթեմատիկոս դառնալու, բայց ցանկություն չունեի: Ես սիրում եմ ժամերով նստել ու մի խնդրի շուրջ մտածել, գտնել մեկից ավելի լուծումներ: Սիրում էի նաև Միլուշի հետ փորձել իր տնայինները լուծել ու դասարանում էլ սիրում էի ուսուցչիս հետ լուծման լավ տարբերակներ մտածել: Ու մինչև հիմա էլ սիրում եմ տանը նստել, 1-ին 1 գումարել ու ստանալ 3:

Կենսաբանություն ու քիմիա առարկաները առհասարակ չէի սիրում, բայց դպրոցում դրանք չսովորելու ոչ մի տարբերակ չունեի: Իրականում մինչև հիմա էլ հիշում եմ սովորածներս: Դե էն ամենակարևորները, որ հաստատ:
Ֆիզիկան ուղղակի պաշտում էի: Չափազանց շատ էի հավանում էդ առարկան: Անգամ ավագ դպրոցում, երբ հումանիտար պատմական հոսքում էի, տանը ֆիզիկա էի բզբզում: Բայց ես հումանիտար եմ:

Անկեղծ ասած, ժամանակի, տարիքի ու նախասիրությունների հետ հասկացա, որ հոգով հումանիտար եմ, որ ես չեմ ուզում մասնագիտությամբ բժիշկ լինել կամ հաշվապահ աշխատել:

Լսիր, կներես, չգիտեմ՝ համեստությունս որտեղ եմ թողել, բայց ես հիանալի հասկանում եմ տեխնիկայից, ունեմ նորմալ ու հլը մի բան էլ նորմալից մի քիչ ավելի լավ տրամաբանություն, կարողանում եմ շատ արագ եռանիշ թվերից երկնիշ թվեր հանել մտովի ու ճիշտ պատասխան ստանալ, չնայած նրան, որ ես հումանիտար եմ: Ուրեմն կորցրու էն կարծրատիպդ, թե մենք՝ հումանիտարներս, զբաղվում ենք ինչ-որ անիմաստ բաներով ու էս կյանքից բան չենք հասկանում:

Հարգելիս, ախր, մենք նույն հարթության վրա ենք գտնվում: Գրկում եմ քեզ ու հիշեցնում, որ ես հումանիտար եմ, բայց համ մաթեմատիկներին եմ շատ սիրում, համ էլ բնագիտականներին:

Լավ մնա: