Ես ձմեռը սիրում եմ, բայց ոչ հոկտեմբերին

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Ան, վե´ր կաց, վե´ր կաց,- քնածս տեղից ինձ փորձում էր արթնացնել քույրս:
Նախորդ երեկոյան մինչև գիշերվա 1-ը ֆուտբոլ եմ նայել, էնպես, որ ինձ արթնացնելը հեշտ գործ չի:
-Վեր կաց, ձյուն ա եկել:
-Լավ էլի ,- սա լսելուն պես միանգամից սթափվեցի,- խնդրում եմ ասա, որ խաբում ես:
-Չեմ խաբում:
Ինչու ինձ չեն խղճում: Գոնե միանգամից չասեր, նախապատրաստեր նոր: Ես տանել չեմ կարողանում ձյունը: Անձրևը դեռ տանելի է, ինչպես ասում են, ռոմանտիկ է, բայց ձյունը…
Առավոտյան 8-ն էր: Վեր կացա անկողնուցս, նայեցի պատուհանից, տեսա ձնախառն անձրևից առաջացած ցեխը, ու միանգամից տրամադրությունս ընկավ:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Կես ժամից դպրոցի ճանապարհին էի: Նայում էի, թե ոնց են իմ սիրելի կեդերը մխրճվում ցեխի մեջ, հետո փոքրիկ ջրափոսերում հայտնվում: Ավելին, գրքերս քիչ են, դեռ պիտի փոխնորդ կոշիկ էլ տանեմ դպրոց: Նախորդ օրը փոխտնօրենը անցավ դասարաններով ու ասաց, որ վաղը պարտադիր բոլորս փոխնորդ բերենք: Ինչ էլ գիտեր, որ ձյուն է գալու: Հազիվ ճանապարհները չորացել էին, նոր էի ուշքի եկել նախորդ անձրևից:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ու ամենավատն այն է, որ այս ամենը սկսվում է իմ նախատեսածից մեկուկես ամիս շուտ: Ինչպես ընկերներիցս մեկն է ասում. «Ես ձմեռը սիրում եմ, բայց ոչ հոկտեմբերին»: Ձյունն իր հետ շատ հոգսեր է բերում. ամեն օր պիտի կոշիկներս մաքրեմ ցեխից, հովանոցով գնամ դասի, հետո տեղ փնտրեմ` հովանոցս դնելու համար, պայուսակիս մեջ դրված գրքերին տոպրակ հագցնեմ, որ չթրջվեն… Ու այս ամենի թերևս միակ լավ բանը` հաստ գլխարկի տակից ականջակալներ դնելն ավելի հաճելի է: Այս ամենը կշարունակվի մինչև մարտ, վատագույն դեպքում` ապրիլ:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Սիրում եմ պայծառ եղանակը, այդպես հոգիդ էլ է պայծառանում: Չեմ ուզում ընդունել, որ աշունն այսքան շուտ վերջացավ: Ձյան հազարավոր փաթիլների մեջ ես իմ կորցրած աշունն եմ փնտրում, բայց այդպես էլ չգտնելով, համակերպվում եմ իմ և աշնան բաժանման հետ, որովհետև այլ ելք չկա:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի