mane tonoyan

Ես մեծ եմ, մի վերահսկեք ինձ

Ես տասնչորս տարեկան եմ: Արդեն այնքան մեծ եմ, որ կարող եմ ինքնուրույն լինել: Սակայն ծնողներս այդպես չեն մտածում: Նրանք ամեն քայլափոխի պետք է իմանան` ուր գնացի, երբ եկա, ինչ եմ անում: Անընդհատ հիշեցնում են, թե ինչ պետք է անեմ: Ամեն երեկո հարցնում են, թե ինչ եմ կարդում, այդ օրը քանի էջ եմ կարդացել: Նրանց վերաբերմունքն ինձ զայրացնում է: Ես փոքր չեմ, պետք չէ ամեն վայրկյան ինձ վերահսկել:

Լուսինե Ս.

Լուսինե, հայտնվելով նման իրավիճակում, կարծում եմ, յուրաքանչյուր ոք կնեղսրտեր: Քեզ անհանգստացնում է այն երևույթը, երբ քեզ ստիպում են անել մի բան, որ չես ուզում կամ հենց այդ պահին չես ուզում: Գուցե երբեմն նաև անհաղթահարելի զայրույթ ես զգում այդ պատճառով…

Հազիվ թե ծնողներդ հիշեցնեն գիրք կարդալու մասին պարզապես քեզ զայրացնելու համար: Փորձիր հասկանալ նրանց. գուցե նրանք կատարում են այն, ինչ կոչվում է «ծնողական պարտականություն», և որի շրջանակներում է նաև երեխային խորհուրդներ ու խրատներ տալը, այլ կերպ ասած` դաստիարակելը, որի հակառակ բևեռում կարելի է դնել անտարբերությունը: Բարեբախտաբար քո դեպքում խոսքը անտարբերության մասին չէ… Փորձիր զրուցել ծնողներիդ հետ, հարցրու նրանց` ինչու են քեզ անընդհատ հիշեցնում, թե ինչ անել: Դա կօգնի ավելի լավ հասկանալ նրանց դիրքորոշումը նաև քո բացթողումները: Բացի այդ, կարող ես ասել նրանց, որ ինքդ էլ սիրում ես գիրք կարդալ: Եթե նրանք իմանան կամ տեսնեն, որ դու կարդում ես, ապա գուցե դադարեն հիշեցնել: Գուցե նրանց անհանգստացնում են կարդացածիդ ծավալնե՞րը: Պարզիր այդ ամենը:

Զրուցի’ր, նրանց հետ, դուք կարող եք համաձայնության գալ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է մի բանի մասին, որը դու ինքդ էլ սիրում ես…

Ինչ վերաբերում է ծնողներիդ այլ հանձնարարություններին, ապա դրանց մասին ևս կարող ես զրուցել նրանց հետ: Զրույցի համար հաջող նախադրյալ է այն, որ ծնողներդ անտարբեր չեն քո նկատմամբ: Բացի զրույցը, երբեմն օգնում է անգամ պարզ խնդրանքը այս կամ այն հանձնարարությունը չկատարելու կամ մի փոքր ուշ կատարելու: