norayr shoghikyan

Ես Նորայր Շողիկյանն եմ

1998 թվականի ապրիլի 19-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում հերթական դասախոսությունն էր: Լսարանում դասախոսից ու ուսանողներից բացի ներկա էի նաև ես, բայց ինձ ոչ ոք չէր տեսնում:

Երևի հենց այդ դասախոսությունից էլ ծնվեց իմ մեծ սերը դեպի ժուռնալիստիկան, իսկ վեց ամիս անց ծնվեցի նաև ես: Այդ օրվանից շուրջ 18 տարի է անցել, իսկ սերս դեպի աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունը պակասելու փոխարեն, օրեցօր ավելանում է:

Չներկայացա, ես Նորայր Շողիկյանն եմ, ժուռնալիստիկայով սկսել եմ հետաքրքրվել 2004թ.-ից, երբ դեռ մանկապարտեզ էի հաճախում: 6 տարեկան երեխայի մոտ այդպիսի հետաքրքրության առաջացման «մեղավորները» ծնողներս էին. մանկապարտեզը գտնվում էր հեռուստաընկերության հարևանությամբ` այն հեռուստաընկերության, որտեղ աշխատում էին ծնողներս, և, երբ երեկոյան ժամը 17:00-ին հասակակիցներիս հետևից գալիս էին իրենց ծնողները, իմ հետևից գալիս էին հեռուստաընկերության լրագրողները, խմբագիրները, մոնտաժողները, օպերատորները, մի խոսքով` ծնողներիս գործընկերներից նրանք, ովքեր այդ պահին ազատ էին լինում: Անցնելով հեռուստաընկերությունը մանկապարտեզից բաժանող դարպասը և հայտնվելով տեսախցիկների ու միկրոֆոնների տիրույթում, սպասում էի մինչև աշխատանքային օրն ավարտվի, և ինձ վերջապես տանեն տուն: Հաճախ ստիպված էի լինում շատ երկար սպասել և, որպեսզի անգործ չնստեմ, սկսեցի ուսումնասիրել նյութի պատրաստման և հաղորդման նկարահանման գործընթացները:

Ուսումնասիրություններից հետո եկավ նաև սերը և ստացած գիտելիքներս գործնականում կիրառելու ժամանակը, երբ 2011թ.-ի դեպտեմբերի 31-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ առաջին անգամ հեռարձակվեց «Մանկական երկիր» լրատվական ծրագիրը, և ես ու գործընկերս ողջունեցինք հեռուստադիտողին` ասելով. «Բարև Ձեզ, «Երկիր Մեդիա»-ի եթերում «Մանկական երկիր» լրատվական ծրագրի առաջին թողարկումն է, իսկ տաղավարում Ձեզ համար կաշխատեն Նորայր Շողիկյանը և Էլեն Սարգսյանը»:

Այս խոսքերով հիմք դրվեց առաջին մանկական լրատվական ծրագրի պատմությանը, սակայն 2015թ.-ին ստիպված եղա կենտրոնանալ միայն պարապմունքներիս վրա, որովհետև եկել էր համալսարան ընդունվելու տարին:

Ընտրությունս միանշանակ պետք է կանգ առներ այնտեղ, որտեղից սկսվել էր կյանքս` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ծնվելով և մեծանալով երկու լրագրողների ընտանիքում, զբաղվելով լրագրությամբ, այլևս ինձ չեմ պատկերացնում այս աշխարհից դուրս:

Այսօր արդեն հպարտորեն կարող եմ ասել, որ ընդունվել եմ մայր բուհի իմ նախընտրած ֆակուլտետը, ի դեպ, հակառակ ծնողներիս ցանկության. երևի մեկ տան մեջ 3 լրագրողն արդեն շատ է…