ani grigoryan

«Ես ուզում եմ, ես կարող եմ»…

Հարցազրույց Մարինե Մխիթարյանի հետ

-Մարինե ջան, կպատմե՞ս մի քիչ քո մասին: Ինչո՞վ ես զբաղվում: 

-Երիտասարդների հետ տարվող աշխատանքներ, ուսուցիչ, սրբագրիչ ու թրեյներ, մասնագիտությամբ՝ բանասեր եմ:

-Իսկ դպրոցո՞ւմ ես աշխատում, ի՞նչ ես դասավանդում, արդյո՞ք դժվար չի բոլորը համատեղել: 

-Այո, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ, եթե ժամանակի մեջ տեղավորվում ենք, ուրեմն պետք է հասցնել: Ինչո՞ւ ազատ ժամանակ ունենալ, եթե կարելի է ավելի նպատակային օգտագործել:

 -Քո կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինեն աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները:

-Չեմ կարող համեմատել իմ ժամանակների ու այժմյան աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները։ Հիմա ձեր սերունդն ավելի կայացած է, ինքնուրույն, գիտի իրեն ինչ է պետք, ավելի շուտ ընկերության հիման վրա կսովորի, քան պարտադրելու։ Բարեբախտաբար, քո սերնդակից շատ ընկերներ ունեմ, նրանց շնորհիվ հասկացել եմ, որ ցանկացած ոլորտում ընկերությունը, մարդկային վերաբերմունքն ավելի լուրջ հաղթանակների կբերի, քան պաշտոնականը։ Ինչպես ասվում է՝ մարդկանց 99% -ը քո մասին կարծիք ձևավորում է կախված այն հանգամանքից, թե դու ինչպես ես վերաբերվում մնացած 1% -ին։ Նույն սկզբունքը գործում է և դպրոցում՝ բոլորին հավասար, բոլորի հետ հնարավորինս մարդկային։

-Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում աշակերտների հետ:

-Միշտ ասում եմ, որ կարող են ատել ինձ, բայց պիտի սովորեն։ Ասում եմ` ուսուցիչը սիրելու համար չի, սովորեցնելու համար է։ Չեմ կարող պաշտոնական լինել աշակերտներիս հետ, ապացուցված է, որ այդ մեթոդը հնացած է։ Միայն փոխադարձ հարգանքը կարող է ստիպել, որ նոր սերունդը սովորի, իսկ այդ հարգանքը ընկերության միջոցով ձեռք բերելն ավելի հեշտ է: Ինչպե՞ս եմ վերաբերվում: Միանշանակ կարող եմ ասել՝ այնպես, ինչպես կուզեի ինձ իմ ուաուցիչները վերաբերվեին։

-Դե, քանի որ աշխատում ես նաև երիտասարդական կազմակերպությունում, ուզում եմ իմանալ` մերօրյա երիտասարդությունն ակտի՞վ է:

-Չեմ կարող համեմատել մեր ծնողների երիտասարդության հետ, բայց կարող եմ համեմատել տասը տարի առաջ ու հիմա։ Այո, միանշանակ ակտիվ են, ուրիշ են, գիտեն` ինչ ակնկալել ապագայի համար, գիտակցում են, որ կյանքի շարժիչն են, խափանման դեպքում կյանքը կանգ կառնի, ուրիշ ոչինչ։

-Իսկ ո՞րն է մերօրյա երիտասարդության հիմնախնդիրը:

-Մեր երիտասարդության ամենամեծ խնդիրը սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ անվստահությունն է՝ «Ես չեմ կարող», «Ես հնարավորություն չունեմ» ու նմանատիպ այլ համոզմունքներ, որոնք լավ մտածելու դեպքում կարող են դառնալ` «Ես ուզում եմ», «Ես անելու եմ», «Ես արեցի»։

-Արդյո՞ք բոլոր համայնքների, գյուղերի երիտասարդներն են ակտիվորեն մասնակցում տարբեր ծրագրերի: 

-Ցավոք, ոչ բոլոր։ Դեռ մնացել է անվստահություն, թե հնարավոր չէ անվճար որևէ լավ բան ստանալ։ Ժամանակ է պետք, որ մարդ գիտակցի, որ ամեն ինչ չէ, որ փողով, ծանոթով է լինում։ Ցավոք, մարզում պասիվությամբ աչքի են ընկնում Աշտարակի երիտասարդները՝ նախընտրելով առօրյան անցկացնել Երևանում։

-Իսկ ի՞նչ ես առաջարկում, ինչպե՞ս անենք, որպեսզի արթնանա Աշտարակի երիտասարդությունը:

-Արթուն է, ուղղակի արթնանալուն պես Երևան է ուղևորվում՝ անտեսելով տեղում առկա հնարավորությունները։ Փորձենք մեր քաղաքը դարձնել այնպիսին, որ հաճելի լինի այստեղ ապրելն ու արարելը։