tina maqoyan kotayq

Ես քո նվերն եմ

Ես ատում եմ կայարանները… Ոչինչ չասող հայացքներ ու ձանձրացնող լույս՝ քայքայված միջանցքներում: Մարդիկ, ճամպրուկներ… Ոտնաձայներ, փնթփնթոցներ… Լաց: Ծիծաղ: «Ես քեզ սիրում եմ»-ի նման մի բան ու շշուկներ: Խիզախության բացակայություն՝ անկեղծ խոսելու: Պապ, ես մոռացել եմ, թե ինչ է խիզախ լինելը: Ես լրիվ սատանայացել եմ էս «մարդկայինների» կողքին:

Ինչ-որ ծանոթներ, օտարներ… Պարզապես ջնջել բոլորին: Ինձ ինչ-որ բան ամբողջ ժամանակ խանգարում է գրկել քեզ ամուր: Երևի քեզ հետ նուրբ լինելու անկարողությունը: Չէ՞ որ կարելի է դիպչել ու չզգալ ակնթարթները: Երանի ես ինձ մոտ տաք քամիներ ունենայի՝ քեզ համար: Հա, իշխանություն չունեն ոչ ժամանակը, ոչ նպատակները, ոչ մտքերը: Գնացել ես դու: Շրջանցել էս հիմար անդունդը, հիմար մտահղացումները, տարածությունը… Ու ասել, որ ես՝ դու եմ:

Պապ, կարծես արցունքները նորից կաթեցին:

Պապ, չեմ սովորել առանց քեզ ապրել:

Պապ, եթե կարող ես՝ արագ վերադարձիր… Ես ատում եմ հրաժեշտները:

Էս դատարկ խոստումների կողքին, քո արագ «մնաս բարով»-ների կողքին… Պապ, ես պարզապես ուզում եմ, որ պետք լինի ամեն ինչ տալ՝ ժպիտիդ համար: Դրա համար էլ, գիտե՞ս, դիմանում եմ: Դու ինչ-որ բան ես ասում՝ տաքուկ, քնքուշ… Իսկ ես կուզեմ գոռալ, որ իմ անպետք սիրտը հավերժ քո կարիքն ունի:

Պապ, քո աղջկան ալիքներն են ծածկել: Անկե՞ղծ՝ սիրում եմ քեզ: Երբեք չեմ ասել դրա մասին: Ապրածս արդեն 17 տարիների ընթացքում և ոչ մի անգամ: Բայց գիտես, չէ՞, որ ամենասիրելիներին ամենադժվարն է ասել ամենակարևորը: Քո ուսերից ավելի ապահով տեղ չունեմ ես: Կուզե՞ս ես աստղերին դիպչեմ: Կուզե՞ս հասնեմ էնպիսի բարձունքների, որ հետո մենակ հպարտանաս ու ժպտաս: Մենակ ոչ լացել, պապ… Քո աղջիկը մեծանում է հոր կարիքը սրտում:

Սիրելի ափի հինգ մատնահետքերը մնացին կեղտոտ ապակուն: Ու ես գիտեմ՝ պետք է պաշտպանել ընտանիքը, անձդ ու ձեռքերը… Ես կանեմ էն, ինչ կասես, մենակ դու շոյի մազերս, ինձ տար զբոսանքի:

Ես մի օր կգամ, ու մենք միասին գրքեր կկարդանք, ինձ ֆիզիկայի դասերս կբացատրես, տիեզերքի մասին կպատմես ու երկրաչափությանս խնդիրները կլուծես, իսկ ես փակվող աչքերով կհետևեմ քեզ՝ էդպես էլ չհասկանալով էդ գրողի տարած մաթեմատիկան: Սուրճ կեփենք ու կժպտանք իրար: Մեր տաք բնակարանում մաման մեզ համով բաներ կսարքի: Բայց ամենը, ինչ հիմա մնաց՝ դա քո հեռացող հայացքն է, ու հեռացող մեքենայի ձայնը: Ես քեզ հետ եմ, միշտ, լսո՞ւմ ես: Պարզապես հաճախ ժպտա: Դու ժպտում ես՝ ամեն ինչ փոխվում է:

Բայց ես… Ատում եմ հրաժեշտները: Էդ ահռելի տարածությունները: Էդ սարսափելի լուռ հրաժեշտները: Նրանք նորից ինձնից քեզ խլեցին:

Շնորհավոր ծնունդդ, պապ: Ավելի ճիշտ՝ մեր ծնունդը:

Հիշո՞ւմ ես, պապ, պատմում էիր, որ աշխարհով մեկ էիր եղել, երբ իմացել էիր, որ վերջապես աղջիկ ես ունեցել: Ասում էիր, որ բժիշկները տխուր մոտեցան քեզ ու ասացին, որ, ոչինչ, աղջիկն էլ է երեխա, մի մտածեք: Իսկ դու ու մաման շատ էլ ուրախ էիք, որովհետև արդեն երկու տղա ունեիք, ու ինձ երկար էիք սպասել:

Պապ, միշտ կատակում էիր, որ եթե ես տղա ծնվեի՝ անունս Նվեր էիր դնելու… Որովհետև ես ծննդյանդ օրվա նվերն էի՝ մամայի կողմից:

Շնորհավոր, պապ, 52-ամյակդ: