sona zakaryan

Հարգել առանց հիշեցման

Հայաստանում ապրելով ու մեծանալով աչքիս առջև միշտ հայ կնոջ կերպարն է եղել՝ խոնարհ, հեզ, օր ու գիշեր մեղվի պես աշխատող, բոլորի հոգսը իր վրա վերցնող կնոջ կերպարը։

Մենք՝ հայերս այսպես ենք չէ՞մտածում. «Կինը պետք է ունենա իրեն սազող աշխատանք, պետք է լինի ուսուցիչ, բժշկուհի, դայակ և այլն։ Կինը պետք է տան բոլոր հոգսերը իր վրա վերցնի։ Կինը պետք է ենթարկվի իր ամուսնուն ու նրա ծնողներին և շարժվի նրանց կամքով ու կարծիքով, և մի շարք այլ «Կինը պետք է» արտահայտությամբ սկսվող նախադասություններ։

Ասում են, որ տղամարդը տան սյունն է, համաձայն եմ, բայց գիտե՞ք ով է ամենագլխավոր պատճառը այդ սյան չքանդվելու, դե իհարկե, կինը։ Մենք միշտ սովոր ենք մտածել, որ կինը պարտավոր է այս կամ այն բաները անելու կամ չանելու, որովհետև կին է։Կանանց կարելի է չհասկանալ, որովհետև նրանք կին են, բայց տղամարդկանց միշտ պետք է հասկանալ, ուղղակի պետք է ու վերջ։

Շատ ընթերցողներ գուցե համաձայն չեն ինձ հետ ու մտքում ասում են. «Կանայք միշտ էլ մեծարվում են»։ Այո, մեծարվում են, բայց ի՞նչ է նշանակում «մեծարել» բառը տարբեր մարդկանց համար, սա մեկ այլ հարց է։

Ինձ համար մեծարանքը չի նշանակում սեղանի շուրջ կնոջ կենացը խմելը, նրան գովաբանելը կամ նվերներ ընծայելը, դա ես երբեք չեմ համարի մեծարանք։ Կամ ինչո՞ւ պետք է միայն առիթ լինի, որ կնոջը ձեր մտածած ձևով մեծարեք։ Քեֆերի, ուրախ ու տխուր առիթների, հա, ու մեկ էլ կանանց միամսյակի ժամանակ։ Կնոջ սիրելու, հարգելու ու նրան գնահատելու համար երբեք առիթ պետք չէ։

Քանի որ հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում, ամեն ինչի հետ կապված փորձում եմ համեմատություններ անել, և այս հարցն էլ բացառություն չէ։  Կանայք ու տղամարդիկ այստեղ ունեն հավասար իրավունքներ, ու եթե դու կին ես, չի նշանանկում, որ չես կարող այս կամ այն բանը չանել։ Հասարակ օրինակ։ Կնոջ մեքենա վարելը Հայաստանում շատերի համար տարօրինակ է, քանի որ շատերը մտածում են, որ դա տղամարդը պետք է անի, իսկ երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչո՞ւ, ինչո՞ւ է մեքենա, ավտոբուս, երթուղային վարելը տղամարդկանց հատուկ։ Եվ հակառակը։ Խոհանոցում միշտ պետք է կինը լինի, ինչ խայտառակություն կլինի, եթե տղամարդը խոհանոցում ափսեներ լվանա։ ԱՄՆ-ում այդպիսի բաները երբեք հաշվի չեն առնվում, ոչ մի սարսափելի բան չկա կանանց մեքենա վարելու կամ տղամարդկանց  ափսեները լվանալու մեջ։

Երբ վազքով սկսեցի զբաղվել, մտածում էի, որ եթե տղամարդիկ վազում են 5 կմ, ուրեմն կանայք պետք է 4 կամ առնվազն 3 կմ վազեն, բայց արի ու տես, որ ոչ։

Այս հավասարությունը կարծում եմ շատ կարևոր է, քանի որ այն օգնում է ստեղծել ամուր ու հուսալի հարաբերություններ։

Ես չեմ խոսում չափն անցնելու կամ չափից դուրս ազատ լինելու մասին, ամեն ինչ իր սահմանն ունի, իսկ սահմանն անցնելը դա մեկ այլ հարց է։

Մի քանի օր առաջ պարզեցի, որ շատ ամերիկացիներ նույնիսկ չգիտեն մարտի 8-ի մասին։ Իսկ մարտի 8 այստեղ առհասարակ չեն նշում։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե նրանք մարտի 8 չեն նշում, դա չի նշանակում, որ կանանց չեն մեծարում։ Միգուցե այլևս չեն նշում, որովհետև կանանց իրավունքների համար պայքարելու այլևս կարիք չկա՞: Կարծում եմ, որ մարտի 8-ը և առհասարակ կանանց միամսյակը շատ դեպքերում ձևական բնույթ են կրում։

ԱՄՆ-ում կանանց դերը շատ կարևոր է, ու նրանք մեծ դեր ունեն իրենց երկրի զարգացման ու բարգավաճման գործում։ Հուսով եմ, որ մի օր Հայաստանում էլ կինը կգնահատվի այնպես, ինչպես պետք է, և այդ ժամանակ վստահ կարող եմ ասել, որ շատ բաներ կփոխվեն, և անկասկած, դեպի լավը։