Եվրոպայի օրերը շարունակվում են. Գորիս

Մայիսի 20-ին Գորիսում մեկնարկեց Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումը: Այդ նպատակով Գորիս էր ժամանել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրան ընդունեց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Հանդիպման  մեկնարկին  քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց   հյուրերին ` Եվրոպայի օրվան նվիրված  միջոցառման մեկնարկը Գորիսում տալու համար: Շուտով հրավիրվեց մամլո ասուլիս ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Մենք՝ 17-ի թղթակիցներս, նույնպես մասնակցում էինք մամլո ասուլիսին և պարոն Սվիտալսկուն մի քանի հարց ուղղեցինք:

-Ի՞նչ երիտասարդական ծրագրեր է իրականացնում Եվրամիությունը Գորիսում:
-Մենք այստեղ ունենք Եվրաակումբ, հուսով եմ, որ տեղեկացված եք: Անցյալ տարի մենք եկանք Գորիս՝ ակումբի առաջին նիստին, առաջին հանդիպմանը մասնակցելու,- ասաց պարոն Պյոտր Սվիտալսկին:-Իսկ առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում:
-Այդ ուղղությամբ մենք մտածում ենք: Մի շարք նախաձեռնություններ կան, որոնց Հայաստանը կարող է մասնակցել, այստեղ ներգրավված են նաև գորիսեցիներ: Ունենք կրթության ոլորտում ծրագրեր, համոզված չեմ, թե Գորիսից որևէ դպրոց մասնակցում է, համենայնդեպս, Հայաստանից մի շարք դպրոցներ մասնակցում են Եվրամիության այս կրթական նախաձեռնությանը: Անցած չորեքշաբթի ես հանդիպել եմ այդ դպրոցների աշակերտներից մի քանիսին, կարող եմ պարզապես հույս հայտնել, որ կա՛մ մոտ ապագայում, կա՛մ հետագայում Գորիսը, կա՛մ Գորիսի դպրոցների աշակետները նույնպես կմասնակցեն: Ունենք մի շարք նախաձեռնություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, հուսով ենք, որ դրանց շրջանակում, կան նաև երիտասարդական ծրագրեր, որոնց կարող են մասնակցել Գորիսի երիտասարդները: Այսինքն, երիտասարդությունը մեր ուշադրության կենտրոնում է: Հրավիրում եմ բոլորիդ այցելելու մեր ֆեյսբուքյան էջը և տեղեկանալու բոլոր հնարավորությունների մասին,- ասաց պարոն Պյոտր Սվիտալսկին:

Վատ եղանակի պատճառով մամլո ասուլիսը կարճ տևեց:
Մամլո ասուլիսից հետո պարոն Պյոտր Սվիտալսկին ողջունելով հանդիսատեսին, բեմից իր ուղերձը հղեց:-Շատ ուրախ ենք՝ կրկին այցելել այս գեղեցիկ այգիների քաղաքը: Կարելի է ասել, այստեղ է ծնվել աշխարհի ամենահամեղ լոբին: Եվ իհարկե, ուրախ ենք, որ կարող ենք տոնել Եվրոպայի օրը` մեր ընդհանուր տոնը: Ցանկանում ենք Եվրոպայի օրը տոնել հայերի հետ, որովհետև համոզված ենք, որ հայերը Եվրոպայի ընտանիքի անբաժանելի անդամն են: Իսկ Եվրոպայի օրը խորհրդանշում է համընդհանուր, հիմնարար արժենքներ, ինչպես՝ խաղաղությունը, միասնությունը, ազատությունը և արդարությունը: Եվրոպայի օրը նաև ցնծություն է: Ինչո՞ւ, որովհետև Եվրամիության օրհներգը դա ձոնն է ցնծության: Եկեք միասին ուրախ օր անցկացնենք: Ես բոլորին հրավիրում եմ ծանոթանալու Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերին, որոնք ներկայացված են այս տաղավարներում: Ավելի ուշ արդեն համերգ կկազմակերպվի ձեզ համար, ելույթ կունենան հայտնի հայ երգիչներ, իսկ ժամը 18:30 մենք կհայտարարենք Գորիսում թանգարանային գիշերվա բացումը: Անհամբեր սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը: Թույլ տվեք նաև օգտվել հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Գորիսի քաղաքապետին և քաղաքապետարանի անձնակազմին: Նրանք իսկապես մեծ աշխատանք ենք արել՝ մեր այս նախաձեռնությունը այսօր պատրաստելու համար: Շատ շնորհակալություն , պարոն քաղաքապետ, խոսք ենք տալիս, որ ամեն տարի կայցելենք Գորիս և այս քաղաքում ավելի կամրապնդենք մեր տեսանելիությունը: Վայելեք այս օրը, շնորհակալություն:

Բեմից իր շնորհակալությունը հայտեց նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը.

-Հարգելի հյուրեր , սիրելի գորիսեցիներ , ինչպես մենք համոզվեցինք, ոչինչ , այդ թվում նաև եղանակը, չի կարող մեր տրամադրությունը փչացնել , չի կարող մեր նախատեսած գործը խանգարել: Մենք այսօր հավաքվել ենք միասին շնորհավորելու մեզ բոլորիս, համայն մարդկությանը՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ: Եվրոպան մեզ համար ոչ միայն զուտ աշխարհագրական տեղանուն է, Եվրոպան մեզ համար ոչ միայն այցելությունների հաճելի վայր է, այլ նաև մեր էությունն է: Բոլոր ժամանակներում մեր տարածաշրջանում հայը և հայաստանցին դավանել է Եվրոպական արժեքները, եղել է մարդասիրության, մարդամոտության , փոխադաձ հարգանքի, փոխադարձ վստահության և համագործակցության ջատագով: Այսօր մենք տեսնում ենք, որ այդ արժեքները Եվրոպայի համար գլխավորն են: Մենք տեսնում ենք, որ Եվրոպան փորձում է բոլոր խնդիրները լուծել համերաշխության, փոխադարձ վստահության ոլորտում, նույնը նաև մենք ենք. հայերս: Չնայած մեր դավանած այդ արժեքներին , մենք գտնվում ենք բարդ աշխարհագրական դիրքում և ունենք ժամանակավոր դժվարություններ: Այդ դժվարությունները հաղթահարելու համար մեզ մշտապես աջակցում է Եվրոպական միությունը և առանձին Եվրոպական կառույցներ: Դուք լավ գիտեք, որ Գորիսը տարբեր ծրագրերի, տարբեր նախաձեռնությունների մասնակից է, և այսօր ընթացքի մեջ են այդ ծրագրերի մի մասը, և դրանց համար ես ուզում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և համոզմունք հայտնել, որ մեր համագործակցությունը հետագայում էլ ավելի է զարգանալու: Կրկին ուզում եմ ասել շնորհակալություն պարոն Սվիտալսկուն , և հույս հայտնել, որ մեր հետագա հանդիպումների ժամանակ, բնությունը նման փորձության մեզ չի ենթարկի: Ինչպես մեր հարաբերություններն են ջերմ, այնպես նաև բնությունը կլինի:
Բեմը տրամադրեցին Գորիսի պատանի երաժիշտների խմբին, ովքեր կատարեցին Եվրոպայի օրհներգը և շնորհակալական խոսքեր ստացան Եվրամիության դեսպանից:
Մոտենալով տաղավարներին, ծանոթացանք բոլոր ծրագրերին: Զրուցեցինք «Եվրո ակումբներ» ծրագրի համակարգող Անի Խաչատրյանի հետ:

-Ի՞նչ ծրագիր եք իրականացնում:
-Մենք իրականացնում ենք «Եվրաակումբներ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ Հայաստանին տեղեկացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին, ինչպես նաև Եվրամիության կողմից տրվող հնարավորությունների մասին. լինի դա կրթական, գիտական: Նշեմ նաև, որ Եվրաակումբներ գործում են բոլոր մարզերում, տարբեր քաղաքներում, իհարկե, պարտադիր չէ մարզկենտրոներում, ինչպես օրինակ, Սյունիքի մարզում Գորիսում է գործում: Թե ինչպես են աշխատելու Եվրաակումբները , Եվրաակումբի կառավարումը և գործողությունների ծրագրավորումը հանձնվում է տեղական Եվրաակումբին, այսինքն` մենք ոչինչ չենք պարտադրում: Կախված մարզի ցանկություններից, կարիքներից, իրենք իրականացնում են որոշակի ծրագրեր:

-Իսկ Գորիսում ո՞ւմ հետ եք համագործակցում:
-Գորիսում համագործակցում ենք «Թթենի» հասարակական կազմակերպության հետ, բացումը իրենց հետ ենք արել, երկրորդ փուլն է շուտով լինելու Եվրաակումբների , հուսով ենք նաև այդ ժամանակ կհամագործակցենք իրենց հետ:
Մեր զրույցն ավարտելուց հետո մոտեցանք Թումոյի տաղավարին և զրուցեցինք Թումոյի աշխատակից` Էլեն Մխիթարյանի հետ:

-Ի՞նչ ծրագիր եք այսօր ներկայացնում:
-Մենք Եվրամիության հետ հակակոռուպցիոն խաղ ենք ստեղծում, որը լինելու է անվճար ու հասանելի է լինելու սեպտեմբերից:-Որտե՞ղ եք իրականացնում այդ ծրագիրը:
-Երևանի Թումոյում, բայց Թումոն բոլոր քաղաքներում նույնն է ու համագործակցում ենք մնացած քաղաքների Թումոների հետ:
Մոտեցանք նաև «Աջակցություն Եվրամիության մասին դասավանդմանը Հայաստանի դպրոցներում և բուհերում» ծրագրի տաղավարին, որը ներկայացնում էր Սիսիանի թիվ 1 ավագ դպրոցը, նաև հարցազրույց վարեցինք Սիսիանի թիվ 1 ավագ դպրոցի, պատմության և հասարակագիտության ուսուցիչ Լյուդմիլիա Գրիգորյանի հետ:

-Ի՞նչ ծրագիր եք իրականացնում:
-Իրականացնում ենք «Աջակցություն Եվրամիության մասին դասավանդմանը Հայաստանի դպրոցներում և բուհերում» ծրագրը, որի շրջանակներում մենք ընտրել ենք Շվեդիան և ուսումնասիրել Շվեդիայի մշակույթը, արվեստը, գրականությունը և այլն:

-Որտե՞ղ եք իրականացնում այդ ծրագիրը:
-Ծրագիրը իրականացնում ենք Սիսիանում, Սիսիանի թիվ 1 ավագ դպրոցում:

Մենք շրջեցինք տաղավարից տաղավար, ուսումնասիրեցինք ներկայացված ծրագրերըմ որից հետո երեկոյան բոլոր գորիսեցիների հետ մասնակցեցինք Եվրոպայի օրվան նվիրված համերգին: Ելույթ ունեցան հայ երգիչներ Հայկ Պետրոսյանը և Մաշա Մնջոյանը:

Գորիսեցի հանդիսատեսը մեծ ջերմությամբ և ոգևորությամբ էր մասնակցում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը:

Լուսանկարները՝ Անի Ասծատրյանի