arpine hovhannisyan

Պապս

Պապիկիս ես չեմ տեսել:  Երբ ծնվեցի,  նա վաղուց արդեն չկար: Չգիտեմ` էդպես է թե ոչ,  բայց ես նախընտրում եմ հուսալ, որ նա իր երազած անդորրը գտել է այնկողմնային աշխարհում:

Պապս ծննդով մշեցի էր, ըստ հորս  պատմածների, նյարդային ու դյուրաբորբոք մարդ էր:  Ընտանեկան ջերմություն ասվածը շատ վերացական էր նրա ընկալումներում: Աչքերի խորքում տիեզերական ցավ ու վիշտ  ամբարած կոշտ ու կոպիտ մարդ էր պապս:
Պատմության անիվը գլորվել, գլորվել ու պապիս Մուշից Գյումրի էր հասցրել:  Ընտանիքի կրտսեր զավակը լինելու բերկրանքը վայելել էդպես էլ  չստացվեց:  1914 թվականին ծնված մանուկը երբեք էլ չհասկացավ, թե ինչպես ,որ քամու թեթև ձեռամբ ինքը մի օր հայտնվեց  Արաքսի այս ափին` Գյումրու մանկատներից մեկում, ու «որբ»  խարանը ճակատին ապրեց գրեթե ութ տասնամյակ:
Հորս պատմելով` պապս մինչև կյանքի վերջ չի ներել իրեն որբանոցի խոնավ ու կիսամութ սենյակում թողած ընտանիքին:  Նրանց մասին խոսել երբեք չի ցանկացել: Իսկ երբ զավակները սկսել են համոզել՝ փորձ կատարել գտնելու կորսված գերդաստանը` պապս,  որբ ու անուսում Արիստակ պապս, մեկեն սկսել է անիծել թե ծնողներին, թե զավակներին,  թե անվերջ ու անդադրում պտտվող աշխարհի վարքն ու կարգը…
Կորուսյալ հայրենիքի մասին մտածելու ոչ ժամանակ կար, ոչ ցանկություն: Ապրելու,  գոյատևելու ու ապրեցնելու հարցն էր օրակարգում: Հացի հարցը:
Մի արհավիրքի բաց վերքից արյունը չդադարած` մյուսն եկել ու ծանր-ծանր թակել էր երկրի դուռը:  Պատերազմ էր:  Հայրենական: Մեծ: Ինչ ածական սիրտդ կուզի` դիր,  միևնույն է , ոչ մի կերպ չես կոծկի այդ բառի սարսափելի իմաստը: Երբեք:
Արյան դաշտ տանող քարավանում պապս էլ էր հայտնվել:  Կռվել էր ավելի շատ Աստծո, քան թշնամու դեմ, բայց չէր զոհվել: Ծանր հիվանդությամբ ու հիշողություններով վերադարձել էր:  Վերադարձել էր մեծ ու սարսափելի աշխարհում սեփական փոքր ու տաքուկ անկյունը ստեղծելու,  ապրելու, ոչ գոյատևելու համար:
Հինգ զավակ ունեցավ: Ոչնչով աչքի չընկնող, աշխարհի ամենասովորական հինգ զավակ:
Ողջ կյանքում կիսատ-պռատ լինելու զգացումը նրան հանգիստ չտվեց:
Տարիների հեռվից նրա մասին մտածելիս ինձ մի պահ թվում է, թե ես կարող էի դառնալ այն միակ մարդը,  ով կհասկանար այդ խեղճ մարդուն, կխոսեր ու կլռեր նրա ցավի ու ուրախության մասին: Թերևս, ինձ միայն թվում է:
Ամեն անգամ նրա գերեզմանաքարին նայելիս ինձ հանգիստ չի տալիս նրա կոպերից առկայծող միակ բառը.
-Ինչո՞ւ…