Եվրոպայի օր. «Հայաստանը Եվրոպայի օրրանն է»

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ես էլ մի փոքր մասն էի կազմում այն երիտասարդության, ով ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Եվրոպայի օրվան: Այդ օրվա հիմնական գաղափարը Հայաստանի 25-ամյա համագործակցությունը Եվրամիության հետ տոնելն էր: Կային Եվրամիության կողմից ֆինանսավորված տարբեր կազմակերպություններ, որոնք տաղավարներում ներկայացնում էին իրենց գործունեությունը: Դրանցից մեկն էլ մեր «Մանանան» էր:

Ժամանակ չվատնելու համար մի քանի մասնակիցներ մնացին տաղավարում՝ «Մանանան» ներկայացնելու, իսկ մյուսները անցան գործի (հարցազրույցներ, ֆոտոներ, վիդեոներ և այլն): Ժամանակը շատ արագ և հետաքրքիր էր անցնում: Մենք շրջում էինք տաղավարներով, լուսանկարում, հարցազրույց վարում և փոքրիկ թերթիկներ էինք վերցնում՝ նրանց մասին ավելի տեղեկացված լինելու համար:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Այնտեղ էր նաև GIZ կազմակերպությունը, որի նպատակն է բարելավել օտարերկրյա առևտրին միտված՝ ընտրված ոլորտների զարգացման պայմանները:

Այս կազմակերպությունը կազմակերպել էր մի դպրոցական մրցույթ, որը պահանջում էր պատրաստել սլայդ մեր իսկ տարածաշրջանում մի որևէ կենդանու վերացման վտանգի վերաբերյալ և որի նպատակն էր` բարելավել բնությունը: Այդ մրցույթին մենք էլ մասնակցություն ունեցանք, և մեր դպրոցը գրավեց պատվավոր 5 մրցանակային տեղերից մեկը:

Մոտեցանք նաև Կարմիր Խաչ ընկերությանը, որի նպատակն է` խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային և տնտեսական ինտեգրումը: 3 տարի առաջ Կարմիր Խաչը կազմակերպել էր դպրոցական մրցույթ շրջապատը մաքուր պահելու վերաբերյալ: Մենք նկարով պետք է ցույց տայինք շրջապատը աղտոտելու վտանգները: Այդ մրցույթում ես գրավեցի Վայոց Ձորում առաջին տեղերից մեկը և ստացա նվերներ ու օրացույց, որտեղ փակցված էր իմ նկարը նույնպես:

Ինձ համար շատ հետաքրքիր էին Erasmus+, EVS և Open Door International կազմակերպությունները, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս լինել կամավոր Եվրոպայի տարբեր երկրներում՝ նաև բարելավելով իրենց լեզվական կարողությունները:

Մեզ համար մեծ նշանակություն ունի Save the children կազմակերպությունը, որը պայքարում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Նաև ելույթ ունեցավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ասաց.

-Եվրամիությունը Հայաստանի զարգացման ծրագրերի համար ամենամեծ դրամաշնորհներ հատկացնող կառույցն է, ինչը ցույց է տալիս մեր փոխադարձ հարաբերությունների կարևորությունը։ Հայաստանն ունի շատ վառ արտահայտված եվրոպական ինքնություն, Հայաստանը Եվրոպայի օրրանն է, կարելի է այդպես ասել, Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, այս հիմքի վրա են մեր հարաբերությունները զարգանում:

Այսպիսով, Եվրոպան հայ երիտասարդության տնտեսական և սոցիալական զարգացման հնարավորությունն է:

Սոֆյա Աբրահամյան, Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր