araqs aharonyan kotayk

Եվ նորից ընթերցանության մասին

Բոլորս էլ հաճախ ենք տեսնում ավագ սերնդի շատ ներկայացուցիչների, ովքեր անընդհատ ասում են, թե երիտասարդությունը` 21-րդ դարի երիտասարդությունը, կարդալ չի սիրում: Իհարկե, ես ևս կարծում եմ, որ դեռ նրանց երիտասարդության տարիներին կարդացող երիտասարդության թիվը շատ ավելի է եղել, բայց, միևնույն ժամանակ, սխալ է նման կերպ խոսել մերօրյա երիտասարդության մասին: Անհերքելի փաստ է, որ կարդացող երիտասարդությունը ընդհանուրի փոքրամասնությունն է, բայց նույնքան անհերքելի փաստ է նաև այն, որ նրանք քիչ չեն:

Ո՞րն է խնդիրը: Ավագ սերունդը` հարցին ի պատասխան, միանշանակ կնշի, որ խնդիրը համակարգիչն է, հեռախոսը, ինտերնետը… Իհարկե, նրանք ճիշտ են, քանի որ դրանք իսկապես դարձել են երիտասարդության ստվար հատվածի առօրյայի անբաժանելի մասը, և օրվա մեծ մասը նրանք անց են կացնում վիրտուալ «կյանքում»: Բայց հենց այստեղ չեմ կարող չխոսել նույն այդ համակարգչի ու ինտերնետի օգտակարության մասին:

Առհասարակ, ամեն բան ունի իր և’ լավ, և’ վատ կողմերը, նայած թե որ կողմից ենք նայում դրան: Այս դեպքում, անշուշտ, պետք է նշեմ, որ ինտերնետն ու այս սարքավորումները ինձ շատ են օգնում, անասելի շատ: Այստեղ պետք է հետ գնամ արդեն սկզբում արծարծված թեմային` ընթերցանությանը: Գրեթե բոլոր գրքերը, որոնք կարդացել եմ, կարդացել եմ ինտերնետի միջոցով, քանի որ գրքեր «հայթայթելը» փոքր ինչ դժվար է, հաճախ անհնար, քանի որ կան գրքեր, որոնք դեռևս միայն համացանցում են հասանելի:

Ասում են՝ մի՞թե գիրքն ու ընթերցանության այդ ձևն ու այդ էկրանը կարող են համեմատվել։ Իհարկե, ոչ, բայց չլինելուց լավ է։

Այստեղ է թաքնված խնդրի «պոչը»։ Ավագ սերնդի երիտասարդության տարիներին ընթերցանությունը աչք զարնող էր։ Եթե կարդում էիր, պետք է ձեռքիդ գիրք լիներ։ Այդ իսկ պատճառով, այսօր տեսնելով մեր՝ 21-րդ դարի երիտասարդների ձեռքերում ոչ թե գիրք, այլ ինչ-որ էկրան, թերահավատորեն են մոտենում, չմտածելով, որ այդ գիրքը հենց դրանում է, ու որ մենք կարող ենք ուղղակի բեռնել (գրեթե) ցանկացած գիրք և կարդալ։

Մեր երիտասարդության մեջ ոչ միայն քիչ չեն կարդացողները, այլ նաև՝ գրողները (իհարկե, խոսքը իրենց այդպիսիների շարքին դասող ինքնահռչակների մասին չէ)։ Այո՛, շատ լավ գրող սերունդ ունենք, և շատ ուրախ եմ, որ նրանց հետ ապրում եմ նույն ժամանակաշրջանում և կողքից լուռ, բայց ուշադրությամբ հետևում գրականության մեջ իսկապես մնայուն արժեքներ դարձող գործերի ստեղծմանը։

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ընդհանուրին ուղղել «փողը»։ Հասկանում եմ մեր մեծերի մտահոգությունները, ընդունում նրանց կարծիքը, հարգում նրանց մտածելակերպը, պարզապես ցանկանում եմ ասել՝ քիչ չեն մեր ընթերցասեր երիտասարդները, և հենց նրանք են մեր ապագայի կերտողներն ու անցյալի գանձերը հավատարիմ պահող-պահպանողները։

Եվ մի բան էլ. այո, գիրք կարդալը հենց գրքով շատ հաճելի է, իսկ դուք` մեծահասակներդ, որ պատասխանատու եք գրահրատարակչության համար, քանի՞ այդպիսի գիրք եք հրատարակում տարվա մեջ: