lil vardanyan

Երազանքների փուչիկները

Այսօր բոլոր դպրոցներում ոչ աշխատանքային է, որովհետև ուսումնական տարվա վերջին օրն է: Միգուցե ուսումնական վերջին օրը 12-րդ դասարանն ավարտողների համար: Նրանք, ովքեր դեռ չեն ավարտել դպրոցը, ուրախ են: Իսկ որոշ աշակերտների համար դպրոցական ուրախ տարիների վերջը, ավարտական և ընդունելության քննությունների, կյանքի դժվարությունների սկիզբը:

Ես դեռ ուրախ եմ ուսումնական տարվա ավարտի համար: Բայց ամեն անգամ, երբ սկսվում են ամառային արձակուրդները, մտածում եմ՝ իսկ հետո՞: Այդ նույն հարցը ես ինձ տվել էի մի տարի առաջ, երբ ավարտեցի իններորդ դասարանը: Երբեք չէի մտածում, որ մի օր ես էլ մեր դպրոցում չեմ սովորի:

Ինձ թվում է՝ շատերն են մտածել այդ մասին: Իսկ եթե հանկարծ սխալ ընտրություն կատարեն կամ իրենց տեղը ծնողները որոշեն: Ես մինչև հիմա չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Դեռ քոլեջը չեմ ավարտել, որպեսզի այդպիսի դժվար բաներ որոշեմ, բայց մեկ է, բոլորն էլ մի օր կանգնում են որոշման առաջ:

Վերջին զանգի օրը միայն ապագան չի, որ հուզում է շրջանավարտներին: Նրանք նաև մտածում են, թե ինչպես կարող են այդքան տարի միասին սովորելուց հետո գնալ տարբեր ճանապարհներով, ամեն օր առավոտյան իրար չտեսնել, միասին դասի չնստել:

Այսօր բոլոր փողոցները, եկեղեցիները, ռեստորանները լի կլինեն սպիտակ վերնաշապիկով աշակերտներով, ովքեր միասին կգոռան՝ 10-ի բ, որովհետև 12-ը չափից երկար է: Երկնքում երազանքների փուչիկներ կթռնեն:

Հուսով եմ բոլորի երազանքները կիրականանան: Իսկ երբ ավարտեն դպրոցը, կկարողանան ճիշտ կողմնորոշվել: Ու երկար տարիներ կմնան ընկերներ:

Բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտներ: