Դպրոցը` որպես ակնթարթ

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Դպրոց, երբ կյանքիդ հիշարժան օրերն ու պահերը անցկացնում ես այնտեղ: 6 տարին բոլորում ես, թե չէ՝ արդեն դպրոց գնալուդ ժամանակն է, բայց լինում են դեպքեր, երբ հենց դպրոցում են բոլորում 6 տարին: Այսպիսով, մենք գնում ենք դպրոց, չիմանալով էլ, թե ուր ենք գնում, ինչ է այնտեղ մեզ սպասվում:

Դպրոցը նկարագրելու համար, կարող ենք բուրգ գծել. շարժվելով դեպի գագաթ: Սկզբնական շրջանում (բուրգի հիմքում), գնում ենք դպրոց, պարուրված դպրոցի հանդեպ ջերմ սիրով: Առաջին անգամ մոտիկից լսում ենք զանգի ձայնը, առաջին անգամ պետք է ենթարկվենք զանգի ձայնին, առաջին անգամ դասամիջոցներին պետք է «զանգի ձայնից սարսափահար փախչենք» դասարան:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Առաջին դասարանում , երբ գնում ենք դպրոց, լինում ենք բոլորի ուշադրության կենտրոնում. նոր հագուստ, նոր կոշիկ, նոր գրենական պիտույքներ. գունավոր մատիտից սկսած, մինչև գունավոր թուղթը: Բացի այդ, լիքը նվերներ ենք ստանում, իսկ երբ մտնում ենք դպրոց, արդեն սովորում ենք տառերը, որը մեզ համար նորություն է։ Սովորում ենք թվերը, կարճ ասած, գրել-կարդալ ենք սովորում: Չորս դասաժամ ենք անում, որը մեզ համար շատ հագեցած է լինում, բայց երբեմն, չենք ուզում գնալ տուն, ուզում ենք մնալ դպրոցում:

Առաջին դասարանում գիշերները շուտ ենք քնում, որ առավոտը շուտ գա, ու գնանք դպրոց: Մոռացա նշել, որ այդ ժամանակ, պարտավորեցնող էր «Այբբենարան»-ին նվիրված միջոցառումը, որից մենք հուզվում ենք, երբեմն էլ մոռանում բանաստեղծությունները, որ ուսուցիչն էր բաժանում մեզ: Իսկ երբ մոտենում էին արձակուրդները, մեր բոլոր անցածները պետք է տետրի մեջ գրեինք: Հենց այսպես էլ անցնում է առաջին դասարանը, չես հասցնում երեք ամիս նորմալ հանգստանալ, մեկ էլ տեսար՝ ամառը թռա՜վ, եկավ նոր ուսումնական տարի, և դու արդեն…

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Երկրորդ դասարանում ես, գիտես տառերը անգիր, գիտես թվերը, քիչ-միչ կարողանում ես գրել-կարդալ: Այս դասարանում նոր առարկա ես սովորում. ռուսաց լեզու, երբ մի տառ ես սովորում, երջանկությամբ ես լցվում, տուն գնալուց վազում ես, որ շուտ հասնես տուն, որ տանը հայտնես քո կյանքի ձեռքբերումը, որին քույր-եղբայրներդ քմծիծաղով են հետևում: Իսկ երբ բառեր ենք սովորում, տեղի-անտեղի փորձում ենք կիրառել այն:

Երրորդ դասարան, այս դասարանում էլի նոր առարկա. անգլերեն, էլի տառեր, բառեր, էլի տնեցիներին զարմացնել, ուրիշ ոչ մի նորություն:

Չորրորդ դասարան, երբ պետք է կրկնես քո այդքան տարիների սովորածը, որովհետև դու քննության ես, որի մասին գաղափար էլ չունես:

Հինգերորդ դասարան, երբ բարեհաջող հանձնել ես քննություններդ, երբ այլևս տարրական դասարանի աշակերտ չես, երբ այլևս բարձր դասարանի աշակերտները չեն ասում «տառական»։ Այո, հինգերորդ դասարանում նոր առարկաներ ես անցնում, մի խոսքով. ուրախություն:

Վեցերորդ դասարան, երբ քիչ-քիչ հասկանում ես դպրոցի քաղցրությունը, երբ նախանձում ես առաջին դասարանցիներին:

Յոթերորդ դասարան, երբ մասնակցում ես միջոցառումներին, արտասանում ես, երգում, պարում, երբ վերջապես հասկանում ես, որ բանաստեղծության քանակով չի որոշվում լավագույն արտասանողը, երբ նախընտրում ես ամենակարճ բանաստեղծությունը, որովհետև դասերը շատ են:

Ութերորդ դասարան, այսպես ասեմ, ութը յոթի քույրն է, նույն ձևով է անցնում տարին, չնայած, որ ութերորդ դասարանցիների շուրջ հին ու տափակ կատակներին:

Իններորդ դասարան, երբ քննություները սև ամպերի պես կուտակվել են, երբ ամեն քայլափոխի հիշեցնում են, որ դու քննության ես, որ պետք է կրկնես, ուրիշ ելք չկա:

Տասներորդ դասարան, երբ մտնում ես ավագ դպրոց, քննություններդ բարեհաջող ավարտել ես։ Այո, քեզ հաջողվեց դա:

Տասնմեկերորդ դասարան, երբ դպրոցին բան չմնաց, դրա համար փորձում ես խենթանալ, տարբեր կատակներ «խաղալ»՝ հնարավորինս հիշարժան: Երբ որոշում ես, թե ինչ համազգեստ ես հագնելու Վերջին զանգին կամ հենց սեպտեմբերի մեկին:

Տասներկուերորդ դասարան, այո դու ավարտում ես դպրոցը, պետք է «Վերջին զանգ»-ի սցենար գրել, ու փորձում ես լարել ուղեղդ, հիշել ողջ անցած տարիները դպրոցում, մեկ էլ լսում ես՝ «քննության ես»։ Այո, ավարտական դասարանում ոչինչ չես հասցնում, մեկ է, մի թերի տեղ մնում է:

Արդեն եկավ մայիսը, վերջ, ևս մեկ դասարան հրաժեշտ է տալիս դպրոցին, տանելով իր հետ թանկ հուշեր: Էլի թաց աչքեր, էլի ծաղիկներ, էլի փուչիկներ և թարմ բանաստեղծություններ:

Բացի այս տասներկու տարիներից, դպրոցում տարածված երևույթներ էլ են լինում, օրինակ. «Պատռված կալգոտկի», որը կա՛մ ճանապարհին է պատռվել, կա՛մ էլ աթոռից վեր կենալիս: Դասարանի գերազանցիկ, ով գրում է բոլոր տնայինները:
Դասերից շուտ գնալ տուն, երբ միայն երազանք է:
Դասից փախչել, երբ բոլորը համաձայն են, չկա խանգարող հանգամանք, բացի նրանից, որ արդեն վերջին ժամն է…
Վերջին զանգին, ժամը 4-ին, մեկ-մեկ բախտներս բերում է՝ 6-ին, ողջ աշխարհը իմանում է, որ Վերջին զանգ է, ավարտեցին…

Այո, դպրոցում մեր կյանքի ամենա-ամենա տարիներն են ամփոփված, այնպես որ, եկեք սիրով գնանք դասի, չէ որ բան չմնաց…

Սիրելի շրջանավարտներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին:

Շնորհավո՜ր Վերջին զանգ: