tigran hovhannisyan?

Երազանք

Ովքեր ինձ ճանաչում են, կիմանան, որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Մեծագույն երազանքներիցս է ներկա գտնվել սիրելի թիմիս՝ «Բարսելոնայի» խաղին: Եվ ահա մի հաճելի օր իմ այդ երազանքը կատարվեց. մեկնել էի Մադրիդ և «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում նստած անհամբեր սպասում էի մրցավարի սուլիչին: Չէի համբերում, թե երբ կսկսվի աշխարհի կողմից այդքան սպասված խաղը «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև՝ այսպես կոչված «Էլ Կլասիկոն»: Մենք՝ Բարսելոնայի ֆաներս, քիչ էինք (քանի որ «Սանտյագո Բերնաբեու»-ն «Ռեալ Մադրիդի» խաղադաշտն է), բայց հոգեպես գուցե փոքր-ինչ առավելություն ունեինք: Ահա խաղը մեկնարկեց: Մի քանի րոպե անց անկախ ինձանից ճչացի. պատճառը «Բարսելոնայի» գոլն էր: Մինչև խաղի վերջը ևս մի քանի անգամ կրկնեցի այդ ճիչը: Խաղին հենց սկզբից չէր մասնակցում վնասվածքից նոր ապաքինված Լիոնել Մեսսին՝ իմ կարծիքով, ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Երբ նա պատրաստվում էր խաղադաշտ մտնել, ես նրան կանչեցի: Չգիտեմ, գուցե մեծ ցանկությունից էր, բայց ինձ թվաց, որ նա նայեց իմ կողմ. մեծ բավականություն ստացա դրանից: Խաղի ընթացքն իմ սրտով չէր. մոտ մեկ ամիս սպասել էի այդ լարված խաղին, բայց խաղը Բարսան էր կառավարում: Ինչ խոսք, հաշիվը սրտովս էր: Ֆուտբոլով հետաքրքրվող մարդիկ կհաստատեն, որ «Ռեալին» հաղթելը՝ այն էլ խոշոր հաշվով, հավասարազոր է տիտղոս նվաճելու: Սակայն եկավ հրաժեշտի հիասթափեցնող պահը…

…Ա՜խ, այդ զարթուցիչը…

Հ.Գ. Խաղն իրականում տեղի է ունեցել: