Valya Gasparyan

Երբ ամեն ինչ հասկանանք

Մայրս պատմում է, որ երբ փոքր եմ եղել, տատս ինձ գրկել ու ցույց է տվել, թե ինչ է կատարվում շուրջս, որ շուտ ճանաչեմ աշխարհը։ Էդ ամենը հասել է այն աստիճանի, որ բացել է գազօջախի վրա դրված կաթսայի կափարիչը ու ցույց տվել, որ էնտեղ ջուր է եռում։ Մայրս էլ մտածել է՝ ջուր է էլի, եռում է էլի։ Դե, մեծերին հատուկ են նման ավանդույթները, դրա նման արտահայտությունները, որոնք կենաց են թվում, որոնք սովորել են ինչ-որ անհայտ տեղից, փոխանցում են իրար ու երբեմն իմաստը չեն հասկանում կամ չկա էլ, որ հասկանան։

Արդեն տարիք է գալիս, որ գրկից իջնում ես, լինում ես փնթի, անփույթ, վնասվում ես, եթե խորն են վերքերդ, հետո էլ ես հիշում, եթե ոչ այդքան, մենակ մեծերն են հիշում։ Էս տարիքից արդեն սկսում ենք հեքիաթ կարդալ, բայց դե իմաստը չենք հասկանում։ Հեքիաթ պատմողին ուղղակի մեր կողքին գիշերվա մեջ նստած մեծահասակ ենք ընկալում ու չենք հասկանում, որ էդ պատմածի մեջ հերոսներ կան, գործ են անում, կռվում են, պարտվում են։ Կեսից քնում ենք ու չենք ափսոսում, որովհետև չգիտենք, որ վերջում ընկնող խնձորներ կան, որոնց գոնե կարելի է սպասել։ Էդ մի քիչ ավելի հետո ենք հասկանում ու էլ կեսից չենք քնում, քնելուց էլ գոնե ափսոսում ենք։ Սա արդեն այն տարիքն է, որ բոլորիս կյանքում հայտնվում են փոքր, երեք ակ ունեցող հեծանիվները, որոնք միշտ անհետաքրքիր տեսք ունեն երևի անգամ էդ տարիքում։ Պապս ինձ գնեց էդ հեծանիվից ու սկսվեց մի ներկայացում, որի գլխավոր հերոսը դարձա ես, գործողության զգալի մասը լացն էր, բայց դե նպատակային էր։ Ուզում էի իմ հեծանիվով տուն գնալ։ Եթե ունեմ սեփական փոխադրամիջոց, տիրապետում եմ դրան, գիտեմ ճանապարհը, եթե չգիտեմ էլ, մեքենայի հետևից կգնամ, ինչի համար նստեմ ուրիշի մեքենան, նայեմ՝ ոնց է էդ ուրիշը վարում ու հասցնում էն տեղը, որտեղ ես էլ կարող էի հասնել։ Նույն ներկայացումը սպասվում էր սպորտային կոշիկներ գնելու ժամանակ։ Էլի գլխավոր հերոսն էի, էլի լաց կար ու էլի նպատակ՝ գնալ ինքնուրույն։ Էլի չէի հասկանում՝ եթե ունեմ ոտքեր, որոնք ամուր են, որոնք ունեն հատուկ վազքի համար կոշիկներ, եթե գիտեմ ճանապարհը, եթե չգիտեմ էլ, մեքենայի հետ հետևից կգնամ, ինչի համար նստեմ ուրիշի մեքենան, նայեմ՝ ոնց է էդ ուրիշը վարում ու հասցնում էն տեղը, որտեղ ես էլ կարող էի հասնել։

Էս լացուկոծը մի կողմ ենք դնում ու գնում դպրոց։

Սև, սպիտակ, սպիտակ. սա շարքի կանոնն էր, բայց քանի որ երրորդ կանոնը պարտադիրներից չէր, ես էլ սիրողներից չէի, ինձ մոտ բացակայում էր: Առաջին սևն ու սպիտակը դպրոցական համազգեստն էր, իսկ վերջին սպիտակը մեծ, աչք ծակող մազակալներն էին, որոնցից մի անգամ եմ ունեցել` դա էլ մորս ցանկությամբ: Նույն մազակալի կտորից կարված նասկիներին միշտ մկրատով էի դիմավորում, դարձնում էի կարգին նասկի ու մեծավարի հագնում, մեծավարի գնում դպրոց ու դրա բացակայությունը նկատող էլ չկար, դրա համար ցածր գնահատող էլ: Կիսամեծավարի հագնված գնացի դպրոց ու ստացանք միջոցառման համար խոսքեր, որում տղաներից մեկը պետք է ասեր՝ ամենադժվարը լավ մարդ լինելն է: Ախր էդ շրջանում սովորելուց ու գերազանցիկ լինելուց դժվար բան չկա, լավ մարդ լինելը դրա դիմաց ինչ է, որ։ Հիմա լավ մարդ լինելը իրենց հանդեպ չարությամբ լցված մարդկանց քանակով են որոշում, էդ քանակը կարևորվածության զգացում է տալիս, բայց ես հո գիտեմ, որ դա էդպես չի։

Լավ մարդ լինելու թեմայից էլ ավելի տարածված էր երբեք մի ասա երբեք-ը: Մենք էդ տարիքում երբեքը կամ առհասարակ չէինք օգտագործում, բայց ոչ կանոնին հետևելու նպատակով, կամ ամեն ինչ կարելի էր ասել երբեքից հետո ու շրջանցել կանոնը: Անհասկանալին դարձել էր բոլոր նման արտահայտությունների հարմար որոշիչ։ Մեզ երբեք կարգին չեն բացատրում, երբեք վտանգի մեջ չեն մտցնում, որ ավելի շուտ հասկանանք կարելիի ու չի կարելիի սահմանը, մենք ամեն ինչ շատ ուշ ենք հասկանում, երբեմն այնքան ուշ, որ ինքնուրույն կամ հանկարծակի է լինում։ Մայրս էլ տատիս չհասկացավ, ես ու դու էլ մեծերին ճիշտ ժամանակին չենք հասկանում, որովհետև մեզ շատ են խնայում, անկարելի շատ։

Փոքրանայի, տատս գրկեր, տաներ եռացող կաթսայի մոտ, թույլ տար ձեռք տամ ու վառվեմ, հետո ստիպեր հեքիաթը կիսատ թողնելու համար ափսոսամ ու հաջորդ օրը չշարունակեր, թույլ տար հեծանիվով գամ ու ընկնեմ ու ճանապարհի մյուս մասը ինքնակամ նստեմ մեքենան, նույն սցենարն օգտագործեր նաև մարզակոշիկի դեպքում, հետո մի անգամ էլ չթողներ էդ մազակալից ու նասկուց ունենամ, որ լիաթոք կարողանայի ասել, թե դրանցից երբեք չեմ ունեցել, հետո ներքին ուժ տար՝ուսուցչուհուն ասելու, որ ես չեմ հասկանում լավ մարդ լինելու դժվարը որտեղ է ու ինչ մոգական բան կա էդ երբեք-ի մեջ ու գուցե այդ ժամանակ ամեն ինչ ինքնուրույն, բայց ոչ ուշացած հասկանանք ու չօգտագործենք ըղձական եղանակը: