Aspram Parsadanyan

Երբ է գյուղը լքվում

Գարնանային լուսավոր օրերից մեկն էր: Ցուրտ ձմեռը սկսել էր զիջել իր տեղը արևաբույր գարնանը: Գարնան կախարդական վրձինն իր երփնավառ ներկապնակով սկսել էր գունավորել Բերդավան գյուղի բնությունը:

Օրն այնքան տաք ու հաճելի էր, որ որոշեցի  դուրս գալ տանից, նստել բակի նստարանին ու կարդալ: Չգիտեմ՝ շատ էի կարդացել, թե քիչ, երբ ինձ գրքից ու իմ մտքերից  կտրեց մի ծանոթ ձայն:  Դա ամենամոտ ընկերներիցս մեկի՝ Նարեկի ձայնն էր: Նա ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու ասաց.
-Գալիս ե՞ս մանուշակ քաղելու:
Ես մերժել չկարողացա: Տան  դարպասների մոտ մեզ սպասում էին մեր ընկերներից մի քանիսը ևս: Մեր խումբը առաջ էր գնում երգելով, աղմուկ-աղաղակով, բարձր ծիծաղելով: Մենք որոշեցինք  թիմի ավագ դնել Նարեկին:  Նա բոլորիցս մեծ էր և ավելի խելացի էր, քան մենք: Ճանապարհին մենք հիշում էինք  հին պատմություններ, ուրախ դեպքեր: Ճանապարհը մեզ կարճ թվաց:  Մենք հասանք մանուշակի  թմբերին, ի զարմանս մեզ՝ դրանց մեջ դեռ կային ձնծաղիկների հատիկներ: Երբ ծաղիկներից գեղեցիկ փնջերը պատրաստ էին, ընկերներիցս մեկը գոռաց.
-Հեյ՜, բերդի գլխի դրոշն ընկել է:
Մյուս ընկերս ցատկեց նստած տեղից ու խոժոռելով դեմքն ասաց.
-Վե’ր կացեք, գնում ենք դրոշը տեղը դնելու: Մեր դրոշը չպետք է գետնին մնա:
Մենք շատ էինք հոգնել, մի կերպ ալարելով ոտքի կանգնեցինք ու սկսեցինք առաջ շարժվել:
Մի քանի  մետր հազիվ էին քայլել (մեր և բերդի միջև եղած հեռավորությունը հարյուր մետր չկար), երբ մեր խմբի ավագն ասաց.
-Կուզե՞ք պատմեմ ձեզ մեր բերդի պատմությունը:
-Այո, իհարկե,- միաձայն ասացինք մենք:
-Մեր բերդը կոչվում է Ղալինջաքար,- սկսեց պատմել Նարեկը,- Այն կառուցվել է տասներեքերորդ դարում: Այդ ժամանակ մեր գյուղը եղել է հենց բերդի  մոտ և կոչվել է  Թխաձոր: Գյուղացիները կառուցել են բերդը, որպեսզի պաշտպանվեն թշնամուց: Բերդի կառուցման մասին կա այսպիսի մի ավանդազրույց: Ասում են՝ մարդիկ  երկար ժամանակ փորձում էին կառուցել Ղալինջաքարը, սակայն, երբ քարերի հարկերն ավելանում էին, պատն առանց որևէ պատճառի փլվում էր: Եվ մի անգամ, երբ շինարարները հոգնել էին այդ կախարդանքից, գյուղի իմաստուններից մեկն ասում է.
-Պատի մեջ, շաղախի հետ մի նորածնի բարուր դրեք, դրանից հետո պատն ամուր կմնա:
Ասում են, որ շինարարները հենց այդպես էլ անում են, իսկ նորածնի մայրը խելագարվում է:
-Օ՜յ , ի՜նչ դաժան է,- ասաց ընկերուհիս, երբ մեր ավագը վերջացրեց իր պատմությունը:
-Վերջ տուր, դա ընդամենը  պատմություն է, ով գիտի՝ ճիշտ է, թե սխալ,- ծիծաղելով ասաց մեր խմբի ամենափոքր անդամը:
-Բա հետո՞, ինչո՞ւ մեր գյուղը հիմա այստեղ չէ:
-Որովհետև  այստեղ ջուր չկար, և մարդիկ իջան ավելի ցածր վայր, որտեղ գետ կար (գետը կոչվում է Կողբ) : Բացի այդ, այս տարածքն ավելի մոտ է սահմանին:
-Նարեկ, իսկ ի՞նչ է նշանակում Ղալինջաքար,- հարցրեց ընկերուհիս:
-Դե՜,  եթե անկեղծ լինեմ, իրական բացատրությունը չգիտեմ, բայց, եթե բառը բաժանենք մասերի, կստացվի՝ ղալին, որը մեր բարբառով նշանակում է շատ, առատ, հորդ, և քար: Այսինքն՝ շատ ու ամուր քարեր ունեցող: Հա՜, մոռացա նշել, որ մեր գյուղը կոչվում է նաև Ղալաչա, որը թուրքերենից թարգմանած նշանակում է` պղտոր ջուր:
Շուտով հասանք բերդին: Տղաները բարձրացան  բերդի գլուխը՝ դրոշը դնելու: Տղաներն իջնում էին, երբ սկսեցին կրակել. երևի  թշնամիները նկատել էին նրանց: Մենք մի քանի  րոպե մնացինք պառկած մինչև կրակոցները  դադարեցին: Մենք շատ էինք  վախեցել: Ջուր խմելուց և վախներս թոթափելուց հետո նստեցինք կանաչ խոտին ու սկսեցինք զրուցել: Ընկերուհիս ասաց.
-Երանի՜ աշխարհում խաղաղություն լինի ու կրակոցներ չլսվեն:
-Մարդիկ սովոր չեն խաղաղ կյանքին: Մարդկության ծննդից ի վեր կռվում են: Ավելի լավ է` հնարավոր բաներ ուզիր, – քմծիծաղով ասաց Նարեկը:
-Օրինակ` ի՞նչ:
-Օրինակ՝ ես կուզենայի, որ մի բարեգործ գար ու փոխեր գյուղի կյանքը:
-Այսի՞նքն:
-Այսինքն երեխաների համար այգի սարքեր, մեծերի համար՝ խաղասրահ, դպրոցը վերանորոգեր, ու, վերջապես, գյուղում ապաստարան կառուցվեր:
-Բայց քո ասածներն էլ իրական չեն, – քթիս տակ ասացի ես:
-Իրոք որ, գյուղում շատ խնդիրներ կան:

Հետ էինք վերադառնում, երբ մեր «ղեկավարը» մեզ պատմեց ավերված ժամի ու մի քանի խաղաքարերի մասին:
-Նայեցե՛ք օրինակ՝ այս խաչքարից միայն մեզ մոտ կա. հազվադեպ հանդիպող հարստություն է: Լսել եմ, որ նման խաչքարեր եղել են միայն Արևմտյան Հայաստանում, որոնք բարբարոսները ավերել են:

Խաչքարերի մեջ կան նաև տապանաքարեր: Մենք գտանք մեր նախնիներից մի քանիսի գերեզմանները: Երբ վերջացրինք փնտրտուքը, նկատեցի, որ մեր ավագը տխուր նայում է մի խաչքարի:
-Տե՛ս, տապանաքարի վրա պապիս հոր անունն է: Տապանաքարերը վնասում են անասունները, իսկ մամուռը պատել է խաչքարերը: Մեր հարստությունները վերացման եզրին են:

Երկար ժամանակ է անցել այդ օրից, բայց ընկերոջս խոսքերը չեմ կարողանում մոռանալ: Մեր՝ Բերդավանցի երեխաներիս ներկան միապաղաղ է, որովհետև չկան ժամանցի կենտրոններ, մեր ապագան հարցականի տակ է, դեպի գյուղ բերող ճամփաներ չկան…

Բոլորս ուզում ենք մնալ քաղաքում, և դրա պատճառը ամենևին էլ հայրենասիրության պակասը չէ, այլ՝ բարեկեցիկ կյանք ունենալու ձգտումը: Այս խնդիրների լուծումը թվում է անիրականանալի: Այս հարցը հուզում է ոչ միայն ինձ, այլ ողջ գյուղին:

Ինչպես ժամանակին մեր պապերը Ղալինջա բերդի շրջակայքից իջան հովիտ, քանի որ ջուր չկար, այժմ էլ գյուղի երիտասարդությունն է լքում գյուղը, քանի որ դարձյալ ապրելու պայմաններ չկան…