Երբ իրականությունը միաձուլված է թատրոնին

Հարցազրույց Ստեփանավանի անվանի դերասանուհի՝ Անժելա Մելքոնյանի հետ:

Երկար ժամանակ չպահանջվեց մեզնից հասնելու այնտեղ, որտեղ ապրում է Անժելա Մելքոնյանը: Ամբողջ ճանապարհին մտավախություն կար. արդյո՞ք նա տանը կլինի: Համոզված ենք, եթե չիմանայինք՝ ում տուն ենք եկել, հաստատ կհասկանայինք, որ դա արվեստագետի տուն է: Մոտեցանք դռանը և վախվորած թակեցինք: Կարծես թե մեր մտավախությունը տեղին էր, քանի որ դուռը բացող չկար: Սակայն ի ուրախություն մեզ, հանկարծ նկատեցինք մեզ մոտեցող մի կնոջ, ով հենց ինքը`Անժելա Մելքոնյանն էր: Նա, տեսնելով մեզ, հանկարծակիի եկավ: Մոտենալով մեզ՝ ցանկացավ իմանալ, թե ովքեր ենք մենք: Երբ ներկայացանք, առաջարկեց չկանգնել դռան դիմաց և ներս անցնել: Զգացվեց, որ մենք գործ ունենք մի բարեհամբույր կնոջ հետ: Հուզվեց, երբ իմացավ ինչու ենք նրան այցելել, և որն էր մեր այցի նպատակը: Մտնելով տուն առաջին բանը, որ մենք նկատեցինք, պատին փակցված նկարներն էին` ինքն էր և իր ընտանիքը: Եվ այսպես, հարմար տեղավորվելով սկսեցինք տալ այն հարցերը, որոնք պատրաստել էինք այս հարցազրույցի համար:

-Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել եմ 1943 թվականի հունիս ամսին Ստեփանավան քաղաքում:

-Իսկ որտեղի՞ց են գալիս ձեր արմատները։ 

-Մայրս Մուշի գաղթականներից էր, հայրս՝ լոռեցի: Մայրս իր երեք եղբոր և քրոջ հետ եղել է Թիֆլիսի ամերիկյան որբանոցներից մեկում: Այդ տարիներին հայրս այնտեղի վարորդն է եղել: Սնունդ է տարել-բերել, և տեսնելով մորս`սիրուն աղջիկ, երկար հյուսերով, հավանել է: Որոշել է, որ մայրս պետք է իր կինը դառնա: Այդպիսով մորս իր քրոջ և եղբայրների հետ հայրս վերցրել, և Հայաստան են տեղափոխվել: Մորաքույրս ապրել է Երևանում, մեծ մորեղբայրս եղել է դասախոս` Երևանում, մյուս մորեղբայրս աշխատել է ինժեներ` Վանաձորում, իսկ մյուսն էլ անասնաբույժ` Ստեփանավանում:

-Կպատմե՞ք, թե ինչպե՞ս են անցել Ձեր մանկության և պատանեկության տարիները:

-1950-1951 թթ-ներին հաճախել եմ առաջին միջնակարգ դպրոց: Այնուհետև ավարտել եմ Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի արվեստի բաժինը: 1955 թ-ին տեղափոխվել եմ Ստեփանավանի Մշակույթի պալատ: Եղել եմ և՛ մեթոդիստ, և՛ երգչուհի, և՛ պարուհի, և՛ ասմունքող, և՛ հաղորդավարուհի, և՛ դերասանուհի: Այս տարիներին էլ ծանոթացել եմ ամուսնուս` Հերբերտ Խարազյանի հետ: Ամուսինս երաժիշտ էր, երգում ու յոթ գործիքի էր տիրապետում: Մշակույթի պալատում երկար տարիներ աշխատելուց հետո ամուսինս դառնում է տնօրեն:

-Կպատմե՞ք Ձեր համատեղ կյանքից: 

-Բավականին երջանիկ. լի շատ հյուրախաղերով, տարբեր քաղաքներ այցելելով, նույնիսկ Հայաստանից դուրս: Ունեցել ենք երեք դուստր, յոթ թոռ և ինը ծոռ:

Շատ երջանիկ կյանք ենք ունեցել միասին։ Մեր սպիտակ թուղթ հիշեցնող կյանքում միայն մի սև կետ կարող եմ նշել, որը մինչև հիմա էլ չենք կարողանում, ցավոք սրտի, վերացնել։ Ինչպես 88-ի երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները, այնպես էլ մենք, մեր տունը կորցնելով՝ հայտնվել ենք այստեղ։ Ճիշտն ասած, էրեխեք ջան, սա իմ տունը չի։ Երկրաշարժից հետո մինչ այժմ տուն չեմ ստացել։

-Հայաստանից դուրս ո՞ր քաղաքներում եք հյուրախաղերի եղել:

-Վրաստանի շրջանում, Սուխումիում, Սոչիում, Մերձբալթիկայի երկրներում` Լատվիա, Լիտվա, մի շարք այլ քաղաքներում: Ի դեպ, Մերձբալթիկայում մենք մրցույթի ենք մասնակցել ու առաջին տեղն ենք գրավել։ Նշեմ նաև, որ իմ լավ աշխատանքի համար ինձ ուղարկել են Լեհաստան, որտեղ մի քանի օր մնալուց և նրանց մշակույթը ուսումնասիրելուց հետո հետ եմ վերադարձել։ Ունեմ բավականին պատվոգրեր, խրախուսանքներ։

-Իսկ հիշու՞մ եք առաջին պիեսը, որում խաղացել եք:

-Իհարկե, հիշում եմ: Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»։ Խաղացել եմ նաև այլ պիեսներում, որոնցից են Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», Սունդուկյանի «Պեպո»-ում` Բազազ Արտեմի կնոջ` Եփեմիայի դերը, և մի շարք այլ պիեսներում:

-Ո՞րն է եղել Ձեր ամենասիրելի պիեսը, որում Դուք խաղացել եք:

-«Քանի դեռ սայլը շուռ չի եկել»` Ժուժունայի դերը, իսկ ամուսինս էլ մարմնավորել է Դաթոյի կերպարը: Ուրեմն, ինձ ու ամուսնուս բեմի վրա պսակում են, հարսի շորերով և այլն։ Հաջորդ օրը մեկ էլ բարեկամները զանգում են․ «Բա կարմիր խնձորը ե՞րբ ա» (ծիծաղում ենք)… Ի ուրախություն ինձ, ամուսինս թատրոնում միշտ իմ խաղընկերն է եղել։ Պատկերացնո՞ւմ եք, միասին 34 տարի աշխատել ենք։

Մի անգամ էլ «Պեպո»-ն ենք բեմադրում։ Մի փոքրիկ էպիզոդ կար, որ ես ՝ Եփեմիան, պետք ա ամուսնուս՝ Գիգոլի գլխին խփեմ։ Մեկ էլ ինձ կանչեց կուլիսներ, ասավ. «Անժո, քարտուղար բան սաղ նստած են, էդ պահը կհանես էլի, խնդրում եմ, տնօրեն մարդ եմ»։ Ես ել մտա դերիս մեջ ու խփեցի։ Հետո եկել ա, ասում ա․«Ախչի, ես քեզ չասի՞` չխփես, ամոթ չի՞»։

-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը:

-Շատ են, էրեխեք ջան: Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Գուրգեն Տոնունց, Գալյա Նովենց, Լաուրա Գևորգյան: Իսկ այժմյան դերասաններից` Խորեն Լևոնյան, Անի Երանյան, Նազենի Հովհաննիսյան:

-Բացի թատրոնից որևէ այլ վայրում աշխատե՞լ եք:

-Թատրոնից դուրս գալով` յոթ տարի աշխատել եմ անտառտնտեսությունում որպես հաշվապահ և գանձապահ: Հետո տեղափոխվեցի Բիզնես կենտրոն, այստեղ էլ աշխատելով յոթ տարի:

-Իսկ ինչո՞ւ դուրս եկաք թատրոնից:

(Նա փոքր-ինչ մռայլվեց, փորձեց խուսափել հարցին պատասխանելուց: Երկար ու ճնշող լռությունից հետո վերջապես խոսեց:)

-Դե, երբ ամուսինս 1997 թ-ին մահացավ, շատ երիտասարդ էր, էրեխեք ջան, 53 տարեկան, այդ պատճառով էլ թողեցի թատրոնը: Աշխարհը ինձ համար կարծես դադարեց գոյություն ունենալուց։

-Եղե՞լ է այնպիսի մի բան, որի համար շատ եք ափսոսում:

-Կուզենայի, որ ինքը չմահանար: Նրա մահից հետո ես շատ կոտրվեցի:

-Ճիշտ է, հիմա նա չկա, բայց կարևորն այն է, որ ճանաչել եք միմյանց, ունեցել եք լավ և օրինակելի ընտանիք, շրջապատված եք եղել Ձեզ սիրող և հարգող մարդկանցով:

-Հա, էրեխեք ջան: Կարևորն այն է, որ մեր ընտանիքում վեճ և տարաձայնություններ չեն եղել: Ես և Հերբերտը աշխատել ենք մեր երեք աղջիկների ներկայությամբ երբեք չվիճել և օրինակ ենք եղել մեր զավակների համար։ Դե, էրեխեք ջան, էլ ինչ ասեմ, կարծես թե վերջ։

-Շատ շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու և հաճելի զրույցի համար։

-Ձեզ էլ շնորհակալություն, էրեխեք ջան, շատ զգացված եմ, շնորհակալ եմ, որ հիշել եք ինձ։

Հարցազրույցը վարեցին` Նինա Բաղոյանը (15տ.) և Լիլիթ Սուքիասյանը (16տ.)