Shushan stepanyan

Բանն ասելով կլինի

Միշտ հավատացել եմ, որ բառերն ուժ ունեն, որ սրտում պահված մեծ ցանկությունները հոգու բառերով տիեզերք են հասնում ու քեզ ուրախացնելու, սրտիդ զարկերի բաբախն արագացնելու չափ իրական են դառնում: Պիտի միշտ մտքումդ, սրտումդ պահես քո երազանքները, անընդհատ մտածես ու ասես. «Հաստատ կկատարվեն», որ հենց այդպես էլ լինի: Եղբորս՝ համալսարան անվճար ընդունվելն ինձ ապացուցեց, որ, իրոք, բանն ասելով կլինի:

Երկուսիս՝ պարապմունքներով տարված շրջանն էր. իմ վերջին տարին էր, հոգով-սրտով տրվել էի պարապմունքներիս: Մտնում էի սենյակ ու մինչև ուշ գիշեր պարապում: Եղբայրս ուշ էր տուն գալիս, մի կես ժամ դաս անում, հետո պարապմունքներն էր շատ արագ վերջացնում ու շուտ քնում: Ես մտածում էի. «Այ, Աստված ջան, էս էրեխեն գոնե մի տեղ ընդունվի: Ախր, հեչ լավ չի պարապում: Կարող ա գա, կտրվի, խայտառակ լինենք»: Ու անընդհատ մտածում էի, որ գոնե անցողիկ բալեր հավաքի: Անընդհատ եղբորս ասում էի. «Դա՛վ, լավ պարապի, էլի, որ դու էլ լավ տեղ ընդունվես, լավ սովորես ու կարգին մարդ դառնաս»: Ու իր պատասխանը միշտ հետևյալ կերպ էր լինում. «Այ, Շուշան, դու քո մասին, հա, մտածի: Ես գալու եմ անվճար ընդունվեմ: Դու մտածի, որ բանավոր քննություն ունես, նենց արա, բարձր ստանաս: Իմ հետ գործ չունես: Ես անվճար եմ անցնելու, որովհետև տենց եմ ուզում»: «Հա, է, հա, քեզ թվաց: Դու հլը տես` ընդունվում ես, թե չէ»:

Ես, իրոք, լավ էի պարապում: Ծնողներս մտածում էին, որ անվճար կանցնեմ, իրենց հույսը ես էի: Իսկ իմ մտքով չէր էլ անցնում անվճար ընդունվելը. ասում էի, որ ինձնից շատ ավելի ուժեղները կան, ես չեմ կարողանա անվճար ընդունվել: Ու հենց այդպես էլ եղավ. ես վճարովի ընդունվեցի՝ չնայած շատ աշխատելուս: Ես վճարովի ընդունվեցի, որովհետև հավատ չկար իմ մեջ, որովհետև, ինչպես միշտ, թերագնահատում էի կարողություններս:

Մի տարի հետո, երբ արդեն եղբորս քննությունների շրջանն էր, ամեն օր աղոթելով սպասում էի, թե երբ պիտի բարեհաջող քննությունները հանձնի, որ սիրտս հանգստանա: Խոսում էի մայրիկիս հետ, ասում էր, որ եղբայրս սկսել է լավ աշխատել, միշտ պատրաստ է գնում պարապմունքներին: Չնայած չէի էլ կասկածում, որ մայրիկիս հսկողության տակ հնարավոր լիներ մի վարժություն անգամ բաց թողնել: Քննություններից հետո զանգում էի ու հարցնում. «Հը՞ն, մա՛մ, դո՞ւրս ա եկել»: «Հը՞ն, մա՛մ, ստուգե՞լ եք»:

Հանձնեց բոլոր քննությունները ու հավաքեց իմ սպասածից բարձր միավորներ: «Դե, ուրեմն, ընդունվել ա: Շատ լավ ա»:

Մի ամիս անց, երբ ցուցակներն արդեն կախված էին, իմացանք, որ եղբայրս ընդունվել է ու, ի զարմանս և ի ուրախություն ինձ՝ անվճար: Երջանիկ էինք, շատ ուրախ: Երջանկության մի ուժեղ տեսակ էլ անվճար համալսարան ընդունվելն է: Գրկեցինք իրար, ու եղբայրս ասաց.

-Բա, Շուշ, որ ասում էի` չէիր հավատում: Պիտի հավատաս ուժերիդ ու ասես, որ կստացվի: Բանն ասելով կլինի:

Ինչ ասեմ, բանն ասելով կլինի: