Երբ հանդիպում են աշունն ու ձմեռը

Ձյուն, սպիտակ ձյուն, փափուկ ձյուն ու այս փափուկ ու սպիտակ ձյան հետ ցուրտ ու սառը օրեր: Այս տարի առաջին ձյունը, որ եկավ, հոկտեմբեր ամիսն էր: Արդեն հասկանալի էր, որ «այս տարի ձմեռը շուտ եկավ»: Ծառերի վրայի բերքը հավաքված չէր, մարդիկ պատրաստ չէին ձմեռվան: 
Մի աշնանային գունագեղ օր աչքերդ բացեցիր ու տեսար, որ աշնանը այդ գունագեղությունը տվող տերևների վրա նստել է սպիտակ ձյուն: Տնից դուրս գալ գրեթե անհնար էր, բայց դպրոց գնալ նույնպես անհնար էր, մանավանդ, երբ գիտես, որ դպրոցում ջեռուցումը դեռ միացված չէ:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Ըստ մեր դպրոցի վաղուց եկած սովորության, առաջին ձյան նստելուց անմիջապես հետո դպրոցի բոլոր երեխաներով հավաքվում ենք բակում և ձնագնդիկ խաղում: Ճիշտ է, դրանից հետո մի լավ հիվանդանում ենք, բայց թե այդ օրը բաց թողնելը պարզապես անհնար է:
Դպրոցից թաց շորերով, սառած ձեռքերով ու կարմիր թուշիկներով տուն ես գնում: Բացում ես տան դուռը, և այդ սառած ձեռքերդ ու կարմրած թուշիկներդ զգում են տաքություն, նստում ես վառարանի մոտ, խմում տաք թեյ և կարդում:

Հիմա նորից աշունը հետ է եկել, բայց կարճ ժամանակով: