Երբ 22 տարեկան ես, բայց ոչ մի բանի հավես չունես, կամ` չե՞ս ուզում լուսանկարել

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբ դու տասնհինգ տարեկան ես, թվում է, թե աշխարհը հինգ կամ տասը մատիդ պես գիտես: Լավ, գոնե ինքդ քեզ հաստատ գիտես: Դու, ինչպես ոչ ոք, գիտես, թե ինչ ես դառնալու ու առհասարակ ինչ ես ուզում այս կյանքից, որն է քո առաքելությունը: Գուցե մտածում ես, որ քեզ երջանիկ լինելու համար միայն ֆոտոապարատն է պակասում, քանի որ դու քեզ մի տասնհինգ տարուց թույն լուսանկարիչ ես պատկերացնում: Արդեն Աֆղանստան ես հասել, կամ էն ցեղերին ես նկարում, որոնց ֆոտոների համար խենթանում ես: Չէ, ոչ ոք չի հասկանում, որ դու հաստատ գիտես ինչ ես ուզում: Ի՞նչ իրավաբան, ի՞նչ տնտեսագետ, դու հենց լուսանկարիչ ես ուզում լինել:

Հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Լուսանկարիչ դառնալու ամենահավես ժամանակը դա այն ժամանակն է, երբ դու ու խցիկդ մեկ մարմին եք դառնում: Ուրիշ բաներ չհասկանաք, նկատի ունեմ, որ ամենուր քեզ հետ քաշ ես տալիս: Ու բոլորը քեզ սիրում են, ամեն տեղ հրավիրում են, որովհետև դու խցիկով ես ու հեսա հավես պորտրետներ կանես իրենց:

Իսկ քեզ համար ամենահավես ժամանակը այն է, երբ դու արդեն չես տարբերում` քո աչքո՞վ ես նայում, թե՞ ֆոտոապարատի անցքից: Գուցե դու Աֆղանստանում չես, այլ Ալափարս գյուղի նարդի խաղացող պապիկներին ես նկարում, բայց քո միջի էնտուզիաստ լուսանկարիչը իրեն պատերով է տալիս, տասը ռակուրս փոխում ու ֆոկուսային հեռավորություն, որ ստանա իր ուզած կադրը: Հետո ժանրերն են փոխվում, բեմադրող-լուսանկարչից դառնում ես մեծն լուսանկարիչ-վավերագրող, պեյզաժիստից պորտրետիստ: Ֆոտոխցիկը թվայինից դառնում է ժապավենային, գունավորից` սև սպիտակ: Հետո նորից թվային: Օբյեկտիվը նեղանկյունից` լայնանկյուն, փոփոխականից` ֆիքսված: Սկսում ես ֆոտոապարատդ ուսիցդ կախած նայել, ուղղակի նայել քո սեփական աչքով:

Հետո մի օր քեզ բռնացնում ես քո նախաճաշը լուսանկարելիս ու հայելու մեջ լուսանկարվելիս ինստագրամի համար: Երբ քեզ տեղ են հրավիրում, դու նախապես զգուշացնում ես, որ չես կարող ֆոտոապարատ բերել, քանի որ փչացել է, կամ օբյեկտիվն ես վնասել (ուղղակի հավես չունես հետդ քաշ տալու) ու մեկ-մեկ չես էլ ուզում քեզ տեղ հրավիրեն: Ու հանկարծ հասկանում ես, որ նույնիսկ չգիտես, թե որտեղ է ֆոտոապարատդ: Որ դու արդեն քսաներկու տարեկան ես, բայց ինքդ քեզ չգիտես, ոչ էլ գիտես, թե ինչ ես ուզում: