anush davtyan

Կսպասեմ քեզ, Բոբ

Անցած ամիս էր, որ հայտարարեցի.

-Ես երջանիկ եմ։ Ունեմ երկու հատ կակտուս ու շուն։ Ես երջանիկ եմ։

Շոգերից չէ, բայց փախնում էի Քյավառ, որ շանս տեսնեմ։

Հիշում եմ վերջին իրիկունը, որ տեսա։ Գրկած բերել էի տուն, դրել էի գիրկս ու սիրում էի։ Պապին եկավ, գրկիցս առավ ու սկսեց փորը մերսել։ Բոբը նվնվում էր, բայց զգում էինք, որ չէր ուզում պապին կանգ առնի։

-Ի՞նչ ա, շո՜ւնս,- պապին առաջին անգամ ասաց «շունս» Բոբին, ու մի պահ ինքն էլ զարմացավ ու քաշվեց իր ասածից, բայց հետո դուրն եկավ, նորից ասաց։

Տատին կողքի բազմոցին էր, բարեկամի ուղարկած նկարներն էր նայում։ Թեմայից դուրս բան ասեմ։ Տատիս տեխնիկայի հետ շատ լավ է, հա. մենակով միկրոալիքային վառարանն էլ կմիացնի, սերիալն էլ կդնի, երեխու նկարներն էլ կնայի։

-Արի երեխո՛ւն նայի։

-Ես ստեղ իմ երեխուն եմ նայում,- ու էլի փորը մերսում էր պապին։

Մի 5 րոպեից Բոբը ակտիվացավ, պապիկի վրայով ման էր գալիս, լպստում էր ձեռքերը։ Ահավոր շատ էի ուզում գիրկս վերցնեմ, սիրեմ։ Բայց ավելի հաճելի էր նայել, թե ոնց է պապին խաղում հետը։

Առաջին օրը, որ տեսա Բոբին, փոշու ու ներկի մեջ կորած էր։ Լողացրի, չորացրի, դարձել էր սև փրչոտ գունդ։ Ավելի փափուկ իրեն չեմ հիշում, քան էդ պահին էր։ Բոբն ուներ ուղիղ երեք օր՝ ինձ համոզելու, որ ինքն իմ տեսած ամենահիմար շունն էր։

Էն շունը, որ փոսն ընկավ, տեսավ՝ չի կարողանում դուրս գալ, սկսեց ուղղակի պտտվել փոսի մեջ։ Կողքը կանգնած մոտիվացնում էի, դուրս էի կանչում, մի կերպ քաշեց հանեց իրեն։ Ու երկու րոպե հետո փոսի բերանին կանգնած ներքև էր նայում։ Հաջորդ վայրկյանին արդեն փոսի մեջ էր։

Բոբը երկու ճանապարհ ուներ այգի մտնելու, երկուսին էլ քաջածանոթ էր։ Մեկը՝ յասամանի ծառերի կողքով էր, որտեղով մենք էինք մտնում սովորաբար, մյուսը՝ գետի կողմից էր, էդտեղով պապան էր գնում, երբ գործ էր անում։ Բայց Բոբը վարդերի թփի մեջ մտավ, խրվեց ու մնաց փշերի մեջ, մինչև հանեցի։

Բոբը էն քիչ շներից էր, որ վերջը բռնեց իր պոչը, բայց էդ իրեն բան չասաց։ Բռնում թողնում էր անընդհատ, հետո գլորվում էր կողքի, ու նորից նույնը։ Հիշում եմ, որ պոչի հետ երկար խաղալուց հետո գալիս, պառկում էր ոտքերիս կողքը, ես էլ ընտրյալ էի ինձ զգում, մտածում էի, որ ինձ իր տիրոջ պես է ընդունում արդեն։

Բոբը գնդակով խաղալ չգիտեր։ Չէ, լուրջ, ոչ թե չէր սիրում, այլ չգիտեր։ Նայում էր գնդակին, գնդակը նայում էր Բոբին, ու ոչ մի բան։ Մենակ թե մի անգամ մեջքի վրա փռված էր, մատներս էր փորձում կծել, ես էլ գնդակը բերանը դրեցի։ Երևի էդ պահին հասկացավ, որ գնդակը առհասարակ կարելի է բերանը դնել ու խաղալ։ Բայց դրանից հետո էլ երբեք մոտիկ չգնաց գնդակին։

Գիտե՞ք՝ ինչի Բոբ։ Որովհետև Թաթիկն ու Կրեմիկը բավականաչափ առնական չթվացին մնացածին, իսկ Բոբը գինով կուտվեր։ Հետո Բոբ անունը շատ հավես է երկարացվում։ Սենց ասում ես Բո՜բ, ու «ո» տառը ձգելու ժամանակից կախված զգացվում է՝ էդ ջղային ասած էր, թե՝ ոնց։

Մի անգամ էի շատ ուժեղ վախեցել Բոբի համար, երբ տիզ էի գտել մաշկին կպած։ Էդ ինչ ահավոր էր։ Ճմռթված ու անհասկանալի ինչ-որ մարմնագույն պարկ կպած էր շանս վզից ու արյունն էր խմում։ Տզից համ զզվում էի, համ վախենում։ Տարա պապիկի մոտ, մտածեց կեղտ էր ուղղակի, բայց որ ձեռք չտվեցի ու էդ «ուղղակի կեղտը» ոտքերը չբացեց։ Սարսափ։ Ես Բոբին էի բռնել, պապին՝ դանակը։ Դրեց մաշկին ու քերելով պոկեց։ Գետնի վրա արդեն դրա հարցերը լուծեցինք։ Բոբի հեչ պետքն էլ չէր, երկու րոպե հանգիստ էր մնացել, հիմա էներգիա էր կուտակվել մեջը, սկսեց վազել էլի։

Շատ հիմարն էր Բոբս, բայց իմ երազանքների շունն էր։ Որ իմացա՝ էլ չկա, հարմար պահ չեղավ, որ լացեմ իր հետևից, իսկ Բոբի հետևից արժեր լացել։ Ու եթե Собачья жизнь-ի գոնե կեսը ճիշտ է, Բոբս հետ կգա մի ուրիշ շան տեսքով։ Ու պապին էլի կխղճա, կվերցնի, գրկած կնստի ու կասի` շունս։

Հ.Գ. Բոբի հիշատակին։ Կսպասեմ քո վերադարձին։