mushegh kyurekhyan

Երեխաներ, առաջընթաց… շտեմարան

Մեկ ամիս է անցել` նյութ չեմ ուղարկել։ Խնդիրը նրանում չէ, որ թեմա չեմ գտնում, ուղղակի ժամանակ չեմ ունենում: Իսկ թեմա գտնելու հարցում ընտրածս մասնագիտությունը շատ է օգնում: Մի անգամ շուտ էի գնացել պարապմունքի, սպասում էի, ժամը լրանա` բարձրանամ։ Շենքի կողքի պուրա՞կ ասեմ, թե՞ կիսականաչապատ տարածք, ինչևէ, կռիվ-կռիվ էին խաղում 4-6 տարեկան երեխաներ: Նայում եմ նրանց ու հիշում մանկությունս ու հանկարծ նրանցից ամենափոքրը (այդպես էր թվում նրա արտաքինից), գոռաց.

-Աա՜, թշնամին ներխուժել է մեր մարտական տարածք։
Միանգամից քարացա ու զարմացա. որտեղի՞ց 4 տարեկան երեխան գիտի «ներխուժել» ու «մարտական տարածք» բառերը: Այդ տարիքում ես հազիվ էի ասում «հաղորդում» բառը:
Ժամը լրացավ, բարձրացա պարապմունքի ու պատմեցի` ինչ տեսել էի: Ուսուցչուհիս ասաց` շատ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, նկատում եմ բաներ, որոնք շատերը չեն նկատում:
Հիմա չգիտեմ` ե՞ս եմ ընտրել մասնագիտությունը, թե՞ մասնագիտությունը` ինձ:
Դեռ ձմեռ է, բայց արդեն զգացում է գարնան հոտը. արևը շողում է, մարդիկ դարձել են ավելի ժպտերես ու բարի:

Դպրոցից եկա տուն, պետք է կիսատ թողած հանձնարարությունը վերջացնեի, որ գնայի պարապմունքի: Վերցրի շտեմարանը, գնացի սենյակ, բայց տեսնելով, որ դեռ դրսում արև է, որոշեցի գնալ պատշգամբ: Իսկ որպեսզի չքնեմ (այո՛, ես ցերեկներն էլ եմ քնում, նույնիսկ նստածս տեղը, բայց իրականում ցերեկները չեմ սիրում քնել), սուրճ պատրաստեցի ու գնացի պատշգամբ: Նստեցի արևի տակ ու սկսեցի գրել, բայց զգացի, որ արևը  շատ է այրում, տեղս փոխեցի` նստելով ծածկի տակ, բայց չէ՛` արև եմ ուզում. այդպես մի 5 անգամ փոխեցի նստածս տեղը: Վերջ, հարմարվեցի արևին ու շարունակեցի գրել: Սուրճս ես մոռացել եմ խմեմ: Այնքան տեղափոխվեցի, որ այն արդեն սառել էր: Նայեցի ժամին, արդեն 16:00 էր, դեռ 2 ժամ կար պարապմունքին: Հանկարծ պատշգամբի մոտով անցավ երկու մարդ` մայր ու աղջիկ. մայրը աղջկան մանկապարտեզից էր բերում: Երեխան հարցրեց.
-Մա՛մ, Արամի ծնունդին մատովի հեռախոս են առել, ես էլ եմ ուզում:
Էլի նույն զարմանքը. 5 տարեկան երեխան սմարթֆոն է ուզում: Չհասցրի լսել ծնողի պատասխանը, քանի որ արագ անցան: Զարմանալով շարունակեցի գրել ու նորից երեխայի ձայն.

-Մամ, վաղը ինձ 1000 դրամ փող կտաս, որ խանութից բան առնեմ:
Այս անգամ լսեցի մոր պատասխանը.
-Բայց ի՞նչ ես անում այդքան շատ փողը:
-Լավ, չեմ ուզում, 100 տուր:
Այս անգամ ոչ թե զարմացա, այլ սկսեցի բարձր ծիծաղել: Ուր է հասել երեխայի մտքի երևակայությունը: Երևի մտածել է այսպես. «Մամայից որ 1000 դրամ ուզեմ` շատ կծախսեմ, եթե չտա` 100 կուզեմ, մեկ է` տալու է»:
Երեխաները էլ նույնը չեն: Բակում էլ չեն խաղում, տանեցիները բարկանում են, որ ամբողջ օրը համակարգչի դիմաց են: Մի կերպ ուղարկում են բակ` խաղալու, բայց իջնում են բակ, նստում նստարանին ու սկսում հեռախոսով խաղալ, որը ծնողներն են գնել:
Էէ՜, չեմ կարողանում կենտրոնանալ` մի կողմից այս արևը, մյուս կողմից էլ` երեխաներն իրենց հետաքրքիր հարցերով: Գնացի ներս, բաց թողեցի պատշգամբի դուռը, որ թարմ օդ գա, նստեցի դռան մոտ` հատակին ու սկսեցի գրել: Երեխաների ձայնը  էլ չէր լսվում, վերջացրի, շտեմարանը դրեցի մի կողմ ու պառկեցի: Պառկելն ու զարթուցիչի ձայնը մեկ եղավ: Հագնվեցի ու գնացի պարապմունքի:
Հաջորդ օրը էլի արև էր, դպրոցից գնում եմ տուն, մեկ էլ տեսնեմ` փոքրիկ 4-5 տարեկան երեխաները բանկի աշխատակիցներից մեկի հետ, խաղահրապարակի աղբն են հավաքում ու անընդհատ հարցնում են.
-Սա ա՞ղբ է, սա ա՞ղբ է։
-Իսկ սա զիբի՞լ է։
-Զիբիլ չի՛, աղբ է,- ուղղում է երեխաներից մեկը մյուսին:
Է՜խ, մանկություն-մանկություն, անհոգ ու  անհոգս մանկություն: Մանուկները վայելում են իրենց անհոգ կյանքը, թե չէ մեր նման…
Լենինը ասել է.

-Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ…

Իսկ ես ասում եմ.
-Շտեմարա՛ն, շտեմարա՛ն, շտեմարա՛ն…